«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2001-11-28 | #219, 2001-11-29 | #220, 2001-11-30


ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՂԵԿՑՎԵՆ ՈՐՈՇ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐՈՎ

Այն պահից, ինչ ընդունվեց «Ստուգումների մասին» օրենքը, բոլոր պաշտոնավարած պետական եկամուտների նախարարները չէին թաքցնում իրենց դժգոհությունն այդ օրենքիՙ հատկապես ստուգումներից 3 օր առաջ տնտեսվարող սուբյեկտներին նախազգուշացնելու մասին դրույթից: Առաջին անգամ այդ դրույթի վերացման անհրաժեշտության մասին իր մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ ասաց Գագիկ Պողոսյանը: Նրան հաջորդած նախարար Անդրանիկ Մանուկյանը նույնպես նույն կարծիքը հայտնեց, դա հիմնավորելով ստվերի դեմ արդյունավետ պայքարելու անհրաժեշտությամբ:

Մյուս կողմիցՙ գործարարները կտրականապես դեմ են արտահայտվում այդ դրույթի վերացմանը: Նրանք նշում են, որ վերոնշյալ օրենքի ընդունումից հետո վերջապես հնարավորություն է ստեղծվել անկաշկանդ գործելու եւ զանազան գերատեսչությունների անհարկի եւ սկիզբ ու վերջ չունեցող ստուգումներից ձերբազատվելու համար: Այս երկու տեսակետների բախումն առաջին անգամ տեղի ունեցավ այս տարվա ապրիլին եւ, կարելի է ասել, ավարտվեց գործարարների հաղթանակով: Ճիշտ է, օրենքում փոփոխություններ կատարվեցին, բայց դրանք որոշիչ նշանակություն չունեին: 3 օրվա նախազգուշացման դրույթը, բացի ակցիզային դրոշմանիշների եւ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման համար ստուգումներից, վերացվեց նաեւ հաստատագրված վճարներ մուծող սուբյեկտների ելակետային տվյալների, տարադրամի փոխանակման կետերի եւ առանց պետական գրանցման եւ լիցենզիայի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողների ստուգումների դեպքերում: Սակայն անցած մի քանի ամիսների ընթացքում կառավարությունը չհրաժարվեց այս գաղափարից, եւ շատ հավանական է, որ երկրորդ բախումը գործարարների հակադիր տեսակետի հետ ավարտվի կառավարության հաղթանակով: Այդ դրույթը վերացնելու անհրաժեշտության մասին մինչ 2002 թ. բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումները հայտնեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ավելինՙ հարկային օրենսդրության բարեփոխումների փաթեթում դրան կարծես թե առաջնային նշանակություն է տրվելու: Դարձյալ դա հիմնավորվում է ստվերային տնտեսության դեմ պայքարելու եւ բյուջեի եկամտային մասի մուտքերն ավելացնելու անհրաժեշտությամբ:

Հարցն, իրոք, շատ զգայուն է: Մի կողմից ակնհայտ է, որ ստվերային շրջանառությունը հսկայական ծավալներ ունի եւ դրա դեմ լուրջ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն: Օրինակՙ առեւտրական գործունեություն իրականացնողները մասնավոր զրույցներում խոստովանում են, որ լավագույն դեպքում հարկային մարմիններին է ներկայացվում իրենց հարկման ենթակա եկամուտների 20 տոկոսը: Մյուս կողմից հայտնի է նաեւ, որ մինչ այս օրենքի ընդունումը, չնայած բազմաթիվ հանկարծակի ստուգումներին, բյուջեի մուտքերն առանձնապես չէին ավելանում: Գործում էր այլ մեխանիզմՙ համաձայնություն էր կնքվում հարկային տեսուչի եւ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի միջեւ, որից ապօրինի եկամտային մուտքեր էր ունենում առաջինի անձնական բյուջեն:

Պատմությունը չի՞ կրկնվի այս օրենքում փոփոխություն կատարելուց հետո: Համենայն դեպս, դրա հավանականությունը մեծ է: Իսկ եթե 3 օր առաջ նախազգուշացման վերացումը, այնուամենայնիվ, անհրաժեշտ լինի, հարկ է դրան գնալ որոշակի սահմանափակումներով: Կարծում ենք, որ վերոնշյալ դրույթը առնվազն պետք է պահպանել արտադրական ձեռնարկությունների համար: Այսինքն, պետեկամուտների նախարարությանը հանկարծակի ստուգումներ իրականացնելու իրավունք վերապահել միայն առեւտրի եւ սպասարկման օբյեկտների համար: Երկրորդՙ հարկ է սահմանել որոշակի ժամկետային սահմանափակումներ, որպեսզի այդ ստուգումներն անցկացվեն ոչ ավելի, քան, ենթադրենք, եռամսյակը մեկ: Երրորդՙ սահմանափակել ստուգումների տեւողությունըՙ ներկայիս 15-30 օրվա փոխարեն դարձնելով 10-15 օր: Նպատակը, որպեսզի ստուգումները չխանգարեն տվյալ կազմակերպության բնականոն աշխատանքին: Սրանք թերեւս այն նվազագույն պայմաններն են, որոնք անհրաժեշտ են հնարավոր չարաշահումների տեղիք չտալու եւ օրենսդրական փոփոխությունը նպատակին ծառայեցնելու համար:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4