«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2001-11-29 | #220, 2001-11-30 | #221, 2001-12-01


ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Երեկ Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂՀ խորհրդարանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ փոխնախագահ Մուշեղ Օհանջանյանը:

Ազգային ժողովն ընդունեց «Մարդահամարի մասին» եւ «Ոստիկանության մասին» օրենքները: Պատգամավորները լուրջ առարկություններ չունեցան քննարկման ժամանակ, գտնելով, որ այս երկու օրենքները մշակման որոշակի փուլ են անցել եւ համապատասխանում են կենսական իրողությունների պահանջներին: Այդուհանդերձ, ի գիտություն ընդունվեցին նաեւ դրանց առնչությամբ խորհրդարանի գլխադասային հանձնաժողովների նախագահների եզրակացությունները:

ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի հանձնաժողովների նախագահ Էդ. Աղաբեկյանի օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացվածՙ «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց միայն առաջին ընթերցմամբ, քանի որ նիստին ներկա ԼՂՀ-ի կրթության եւ գիտության նախարար Համլետ Գրիգորյանը նպատակահարմար գտավ նոր առաջարկությունները քննարկել նաեւ կառավարությունում: Փոփոխությունների նպատակն է Հայաստանի օրինակով անհրաժեշտ իրավական դաշտ ստեղծել կրթության զարգացման ծրագրի առանձին դրույթների կիրարկման համար, ինչպես նաեւ գործող օրենքը համապատասխանեցնել քաղաքացիական օրենսգրքի պահանջներին:

Խորհրդարանն ի գիտություն ընդունեց «ԼՂՀ 2001 թ. պետական բյուջեի 9 ամսվա կատարման մասին» կառավարության տեղեկատվությունը, որի առնչությամբ պարզաբանումներ տվեց ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը: Ոչ բավարար հարկային մուտքերի եւ այլ ցուցանիշների կապակցությամբ պարզաբանումներով հանդես եկավ նաեւ ԼՂՀ հարկային պետվարչության պետ Հակոբ Ղահրամանյանը:

Դրանով ԼՂՀ Ազգային ժողովն ավարտեց իր նիստը:

Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4