Երբ քաղաքականությունը խանգարում է տնտեսությանը
Նոյեմբերի 30-ի երեկոյան, ժամը 6-ին լրացավ Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերը վաճառելու ՀՀ կառավարության հայտարարած միջազգային մրցույթի պայմաններով նախատեսված հայտերը ներկայացնելու վերջին ժամկետը: Ոչ ոք, այդ թվում բավական մեծ գլխացավանքների գնով մրցույթի մասնակիցների ցուցակի մեջ հայտնված ռուսական հայտնի ընկերությունը, պահանջվող փաստաթղթերը չներկայացրեց: Այսինքնՙ հայաստանյան բաշխիչ էլեկտրացանցերը սեփականաշնորհելու այս երկրո՚րդ մրցույթն էլ տապալվեց, հակառակ այն բանի, որ մեր կառավարությունն ամեն ջանք գործադրում էրՙ «տանը մնացած» աղջկա պես դրանց «մարդու տալու» համար:
Ինչո՞ւ այդպես եղավ, ո՞րն էր կառավարության վրիպումը:
Համապարփակ պատասխան տալու հավակնություն ամենեւին չունենալով, այնուամենայնիվ, հարկ եմ համարում ընթերցողի ուշադրությունը հրավիրել այս տնտեսական գործարքի զուտ քաղաքական կողմերի վրա:
1. Բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման խնդիրը մեզանում ի սկզբանե անհարկի քաղաքականացվեց: Հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժերը թե՚ խորհրդարանում, թե՚ խորհրդարանից դուրս կարողացան բաշխիչ ցանցերի, ընդհանրապես ողջ էներգետիկ համակարգի սեփականաշնորհման հարցի շուրջ ձեւավորել միանգամայն բացասական հասարակական կարծիք, ներքին քաղաքական դիմադրությո՚ւն: Ռազմավարական ներդնողը, այսինքնՙ ենթադրյալ գնորդը, չէր կարող ամենայն լրջությամբ հաշվի չառնել այդ դիմադրությունը, իբրեւ իր համար տվյալ տնտեսական գործարքի հետ կապված հավելյալ ռիսկ: Այնպես որՙ հայաստանյան ընդդիմությունը հանգիստ խղճով կարող է ցանցերի սեփականաշնորհման մրցույթի տապալումը գրել իր «ակտիվում», որպես կառավարության տնտեսական քաղաքականության դեմ մղած պայքարի կոնկրետ հաղթանակ: Ընդսմին, իշխանություն-ընդդիմություն պայքարի տրամաբանության տեսակետից ամենեւին կարեւոր չէՙ խափանված գործարքն իրո՞ք օգտակար էր լինելու երկրին, թե՞ ոչ, դա իսկապե՞ս առնչվում էր երկրի տնտեսական անկախության հնարավոր կորստին, իսկապե՞ս ազգային անվտանգության հարց էր, ինչպես պնդում էր ընդդիմությունը, թե՞ ոչ: Տվյալ դեպքում ընդդիմությունը կարողացավ զանգվածներին ներշնչել, որ կառավարության հայտարարած մրցույթը դե՚մ է մեր ազգային շահերին, իսկ կառավարությունն անկարող եղավ համոզիչ հակափաստարկներ ներկայացնելու:
2. Ազգային ժողովը, վերը նշված հանգամանքների բերումով, ստիպված եղավ բաշխիչ ցանցերը սեփականաշնորհելու խնդիրը կանոնակարգել հատուկ օրենքով: Այդ օրենքը, որի ընդունման ժամանակ ազգային շահերի ՙպաշտպանվածությունն ապահովելու նպատակով չափազանց շատ վահաններ բախվեցին ու նիզակներ ջարդվեցին, վերջ ի վերջո այնպես ձեւակերպվեց, որ նրանում առկա բավական շատ կետեր բաշխիչ ցանցերի գնումը ռազմավարական գնորդի համար դարձրին աննպատակահարմար: Մեզանում այնքան մեծ կարեւորություն տրվեց այդ գործարքի քաղաքական կողմին, իբրՙ գնորդը Հայաստանում քաղաքական գերիշխանություն հաստատելու դիտավորությամբ է առաջնորդվելու, որ «մոռացվեց» մի տարրական բանՙ նույն այդ գնորդի տնտեսական շահագրգռությո՚ւնը: Սակայն կյանքը ցույց տվեց, որ առանց սեփական կապիտալները հետ բերելու, շահույթ ստանալու կայուն երաշխիքների, զուտ հանուն կասկածելի «քաղաքական շահի»ՙ ոչ ոք չցանկացավ վտանգել իր դրամը: Մանավանդ երբ պարզվեց, որ մեր բաշխիչ ցանցերը «խելքի բերելու» համար իսկապես մեծ կապիտալ ներդրումներ էին պահանջվում, եւ դրանց քայքայվածության մասին խոսակցություններն ամենեւին անհիմն չէին, «ապաշնորհ վաճառողի» տրտնջոցներ չէին, որն իր ապրանքը գովելու փոխարեն. փնովում էր (այդպիսի մեղադրանք է՚լ էր ժամանակին ներկայացվում կառավարությանը):
3. Հայաստանյան բաշխիչ ցանցերի մասնավորեցման գլխավոր խոչընդոտը, այնուամենայնիվ, այլ հարթության մեջ է: Ըստ իս, մեր բաշխիչ ցանցերի հնարավոր գնորդը չէր կարող հաշվի չառնել արտադրված էլեկտրաէներգիան երկրի ներքին շուկայում սպառելու անհնարինությունը: Նախ, մեր պահանջարկը փոքր է, երկրորդՙ գնորդն անվերապահորեն պիտի ձգտի առնվազն կրկնապատկել էլեկտրաէներգիայի արտադրությունըՙ արտահանելու եւ շահույթներ ստանալու համար: Իսկ ո՞վ կարող է գնել հայաստանյան էլեկտրաէներգիան: Առաջին հերթին, իհարկե, հարեւաններըՙ Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, որոնք իսկապես էներգիայի սուր պակաս ունեն: Սակայն սրանցից առաջին երկուսը, իբրեւ Հայաստանի հետ հակամարտ երկրներ, կտրականապես դեմ են մեզնից էլեկտրաէներգիա գնելուն կամ, առնվազն, ա՚յն քանակությամբ գնելուն, որն էական նշանակություն ունենա մեր տնտեսության համար եւ նպաստի Հայաստանի հզորացմանը: Վերջինըՙ Վրաստանը, հիմա՚ էլ մեզնից էլեկտրաէներգիա է գնում, այն էլ միջազգայինից բավական ցածր գներով, եւ նույնիսկ ա՚յդ պարագայում վճարել չի կարողանում: Թուրքիան Վրաստանից նույն միջազգային բարձր գներով գնում է հայաստանյան էլեկտրաէներգիան, այսինքնՙ գների տարբերությունը, իբրեւ սպեկուլյատիվ շահույթ, անցնում է Վրաստանին, ավելի ճիշտՙ հաշվարկվում է Թուրքիային Վրաստանի ունեցած 50 միլիոն դոլար պարտքի մարման հաշվին: Եթե Թուրքիան կարողանար վեր կանգնել Հայաստանի հանդեպ իր որդեգրած խտրական-թշնամական քաղաքականությունից, ապա մեզնից շա՚տ ավելի շահավետ գներով, քան Վրաստանից, կգներ այդ էլեկտրաէներգիան, այն էլ գործնականում մեր ամբո՚ղջ հավելյալ արտադրածը: Դա երկկողմանիորեն տնտեսապես չափազանց շահավետ կլիներ: Բայց սա հենց այն դեպքն է, որ նշել եմ այս հրապարակման ենթավերնագրումՙ քաղաքականությունը խանգարում է տնտեսությանը: Թուրքերը, միգուցե, դեմ չէին լինի վերանայելու իրենց այսՙ քաղաքական առումով սնանկ եւ տնտեսական առումով հիմար ու վնասաբեր քաղաքականությունը, եթե մտահոգություն չունենային, թե դա կարող է առաջացնել Ադրբեջանի լուրջ դժգոհությունը «ավագ եղբայրներից»: Իհարկե, Թուրքիայի համար նվաստացուցիչ է, որ դարձել է Ադրբեջանի տխմար քաղաքականության պատանդը: Տխմար, քանզի ե՚ւ միջազգային կառույցները, ե՚ւ միջնորդ երկրները, ե՚ւ Հայաստանը բազմիցս ասել են, որ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար բացառիկ նշանակություն կարող է ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի տնտեսական համագործակցությունըՙ իբրեւ փոխադարձ անվստահությունը վերացնելու հիանալի միջոց: Սակայն եթե Անկարայի արժանապատվությունը թույլ է տալիս այսուհետ եւս քարշ գալ Բաքվի այդ ապակառուցողական քաղաքականության հետեւից, ապա դա արդեն, ինչպես ասում են, Թուրքիայի խնդիրն է: Իսկ մենք առայժմ ստիպված կլինենք այլ միջոցներ որոնել մեր էներգահամակարգի ապագայի համար, բայց դա արդեն ա՚յլ խոսակցության նյութ է:
ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ