Աշխարհում այսօր կառուցվում են նոր գրադարաններ, որոնք աչքի են ընկնում ոչ այնքան գրքերի հազվագյուտ հավաքածուներով, որքան կառույցների ճարտարապետական հետաքրքիր լուծումներով եւ գրադարանային աշխատանքի ժամանակակից համակարգչային ծրագրերի հագեցվածությամբ:
1994 թ. հոկտեմբերի 12-ին բացվեց Երեւանի պետական համալսարանի գրադարանի ընդարձակ ու հարմարավետ նոր շենքը, որը 1995 թ. շվեյցարահայ բարերար Տիգրան Իզմիրլյանի հովանավորությամբ տեխնիկապես վերազինվեց եւ նախաձեռնվեց գրադարանային գործի ավտոմատացման ծրագիրը: Գրադարանն այսօր համագործակցում է հայրենական եւ արտերկրի շատ գրադարանների հետՙ ձեռք բերելով ֆոնդերի հարստացման աղբյուրներ եւ մասնագիտական կատարելագործման հնարավորություն: Սակայն դեռեւս չունենալով ինքնաֆինանսավորման բավարար միջոցներ, գրադարանն ապահովված չէ գրքերի անհրաժեշտ քանակությամբ: Ուսանողները դժգոհում են պահանջվող մասնագիտական գրականության պակասից, պատվերների ուշացումից, հաճախ էլՙ գրքերի էջերի բացակայությունից:
Ամերիկյան Սորոսի ֆոնդը, որը գրասենյակներ ունի աշխարհի տարբեր երկրներում, մեկ տարի առաջ նախաձեռնեց Հայաստանում միջգրադարանային համահավաք քարտարանի ստեղծումը, որի համաձայն բոլոր գրքերը կհաշվառվեն եւ կմտնեն համակարգչային ցանց: Այսօր գործում է «Կոնսորցիում» միությունը, որի կենտրոնն ազգային գրադարանն է: Այս միության մեջ ընդգրկված են Հայաստանի ամենամեծ գրադարաններըՙ ԳԱ հիմնարար գրադարանը, Խնկո-Ապոր մանկական, պետհամալսարանի եւ այլն:
Միությունն այս տարի ընտրել է համակարգչային գրադարանային «Ալեֆ» իսրայելյան ծրագիրը: Նոյեմբերի 25-ին ծրագրի մասնագետները ժամանեցին Երեւան, նրանց հետ կնքվեց պայմանագիր եւ գործնականորեն կիրականացվի էլեկտրոնային համահավաք քարտարանի եւ մատենագիտության ստեղծումը: Մնում է հուսալ, որ մեր ընթերցող հասարակայնությունն ու ուսանողությունը շուտով կխնայեն իրենց թանկագին ժամանակն ու նյարդերը եւ այդ ծրագրի օգնությամբ կկարողանան մեր գրադարաններում արագորեն գտնել ու պատվիրել ցանկացած գիրք:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ