Ակնարկ Հալեպի հայկական համայնքի մասին
Առաջին տեղեկությունները Հալեպի հայկական համայնքների մասին հիշատակվում են դեռեւս 15-րդ դարից: Այդ ժամանակներից ի վեր այստեղ գործում են եկեղեցի, դպրատուն, որտեղ գրիչները ստեղծում էին ձեռագիր մատյաններ:
Հալեպահայ գաղութը ստվարացավ 1915-ի եղեռնից հետո: Հալեպը եղավ առաջին ամենամոտ կայանը Դեր Զորի անապատներ տեղահանված, հայոց մեծ ողբերգությունից մազապուրծ հայության բեկորների համար: Արեմտյան Հայաստանից, Կիլիկիայից գաղթականների առաջին քարավանները ծվարեցին Հալեպում: Տեղաբնակ արաբները սրտաբաց ընդունեցին հայերին, եւ տեղի կառավարության հոգածու վերաբերմունքի շնորհիվ հայությունը կարողացավ կազմակերպել իր ազգային կյանքը: Գաղթականների սկզբնական կացարաններըՙ հյուղակները, բարգավաճեցին, համայնքը զարգացավ, կառուցվեցին դպրոցներ, եկեղեցիներ, ստեղծվեցին հասարակական, մշակութային միություններ: Մինչեւ 1960-ականները հայ բնակչությունը Հալեպում հասնում էր 200.000-ի: Ավելի ուշ գաղութը նոսրացավ, մի մասը գաղթեց Ամերիկա, մյուսներըՙ Բեյրութ, Եվրոպա:
Հրապարակագիր, հասարակական գործիչ, ջերմ, զգայուն ու հայրենասեր հալեպահայուհուՙ Նվարդ Դարաքչյան-Մադոյանի հետ իմ զրույցից այն տպավորությունը ստացա, որ այսօր Հալեպում ապրում է ազգային ավանդույթները պահպանող հայություն, որը հավատարիմ նախնյաց կանչին, օտարության մեջ աշխատում է չնահանջել իր արմատներից, ինքնությունիցՙ պահպանելով հայեցի կրթությունը, զորացնելով հայ ոգին, լեզուն, մշակույթը:
Հալեպում այսօր հայերն ապրում են կազմակերպված, զբաղվում արհեստներով, առեւտրով, աշխատում են կրթության, առողջապահության, շինարարության, գիտության ոլորտներում, հայտնի են որպես հմուտ արհեստավորներ: Համայնքի համար կարեւորվում է հայ հոգեւոր-մշակութային կյանքի պահպանումը, եւ հատկապես մտավորականությունըՙ գիտակցելով ազգապահպանման նշանակությունը, նախանձախնդիր է լեզվական եւ մշակութային հարցերում:
Հալեպում գործում են Սբ. Քառասնից մանկանց, Սբ. Գեւորգ, Սբ. Աստվածածին, Սբ. Գր. Լուսավորիչ, Սբ. Հակոբ եկեղեցիները, Հայ ավետարանչական Էմանուել, Նահատակաց, Բեթել, Հայ կաթողիկե Սբ. Խաչ, Զվարթնոց եկեղեցիները:
Ակտիվ ու աշխույժ է հատկապես մշակութային կյանքը. գործում են ՀԲԸՄ-ի «Ադամյան» թատերախումբը, որ 1961-ից ի վեր գործել է անընդմեջ, Համազգայինի «Լեւոն Շանթ» թատերախումբը, «Զավարյան» ուսանողական միությունը, «Նոր սերունդ» միության պարախումբը, «Կրթասիրաց», «Վասպուրական» մշակութային միությունների թատերախմբերը, «Սպենդիարյան» (ՀԲԸՄ-ի), «Զվարթնոց», «Նարեկացի», «Եկմալյան» երգչախմբերը, «Մաշտոց», «Գարուն» մանկապատանեկան համույթները, Թեքեյան մշակութային միության մանկապատանեկան խմբերը: Մ. Սարյանի գեղարվեստի (ՀԲԸՄ) ակադեմիայում եւ Արշիլ Գորկի (Համազգայինի) գեղարվեստական կենտրոնում հաճախակի կազմակերպվում են ցուցահանդեսներ:
Հալեպահայությունը հիմնականում օգտվում է Բեյրութի «Զարթօնք» եւ «Ազդակ» թերթերից, որոնք հնարավորինս անդրադառնում են հալեպահայության ընդհանուր կյանքին: Համայնքը հույս ունի, որ կվերականգնվի տարիներ առաջ «Զարթօնքի» հալեպահայության էջը, քանի որ «բոլորի սրտին կխոսեր»: Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթը մասամբ բավարարում է լրատվության պահանջը, ինչպես նաեւ զանազան միություններում գործող լրատուները: Առաջնորդարանի հովանավորությամբ գործող հայրենագիտական դասընթացներում ուսուցանում են հալեպահայ եւ Հայաստանից հրավիրված դասախոսներ, որտեղ 4 տարվա ուսումնառությունից հետո ուսանողները ստանում են վկայականՙ դպրոցներում հայոց լեզու դասավանդելու իրավունքով: Հալեպահայ մշակութային կյանքի մեջ կարեւոր ներդրում է կատարել դոկտ. Ռոբեր Ճեպեճյանըՙ նախաձեռնելով սիրիահայ կյանքի պատմությանը նվիրված «Գեղարդ» մատենաշարի հրատարակումը: Մատենաշարը լույս է տեսնում ՀԲԸՄ-ի հովանավորությամբ: Դոկտ. Ճեպեճյանի մահից հետո նրա սկսած աշխատանքը շարունակում է ՀԲԸՄ-ի նորակազմ մատենագիտական հանձնախումբը: Ճեպեճյանի ջանքերով է ստեղծվել նաեւ «Վիոլետ Ճեպեճյան» հարուստ գրադարանը:
Հալեպում հաճախակի են կազմակերպվում մշակութային միջոցառումներ, Հայաստանից հրավիրվում արվեստագետներ: Մանկուց երեխաներին հայեցի կրթելու համար այստեղ էական է ազգային տոների, սովորույթների պահպանումը: Թարգմանչաց, Վարդանանց տոները եւ Ապրիլի 24-ը նշում են բոլոր կազմակերպություններն ու կուսակցությունները: Եվ դեռեւս նախակրթարանից այդ տոներն անցնում են մեծ տոնախմբություններով, շքեղ հանդեսներով: Հալեպում ամեն տարի նշվում է նաեւ Հայաստանի անկախության օրըՙ սեպտեմբերի 21-ը, կազմակերպվում են հայկական մշակութային օրեր, տոհմիկ ճաշերի ցուցադրություն, երաժշտական-երիտասարդական փառատոներ, ճաշկերույթներ, որոնց մասնակցում են բազմաթիվ հյուրեր, օտար երկրների հյուպատոսներ: Միջոցառումների մի մասը կատարվում է Հայաստանի հյուպատոսության շենքում, որ տրամադրել է հայ ավետարանչական համայնքը եւ վերանորոգվել է հալեպահայության ջանքերով:
Այս միջոցառումների անցկացման համար մեծ աշխատանքներ է կատարում հյուպատոսությանը կից տիկնանց խորհուրդը, որի ատենապետուհին է իմ զրուցակիցըՙ Նվարդ Դարաքչյան-Մադոյանը: Նա սովորել է Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետում, մասնագիտական ուսումը շարունակել Փարիզի Սորբոնի համալսարանում, աշակերտել հայագետ պրոֆ. Ֆեյդիինՙ հետեւելով համեմատական լեզվաբանության դասընթացներին: Բանասիրական գիտությունների թեկնածու է, աշխատել է Հալեպի համալսարանում, դասախոսություններով հանդես եկել Դամասկոսում, Բեյրութում, Քամիշլիում, Լաթաքիայում, Մարսելում, Վալանսում: ՀԲԸՄ-ի գործունյա պատասխանատու անձերից է եւ հասարակական ակտիվ գործունեություն միշտ է ծավալել, արձագանքել Հայաստանի իրադարձություններինՙ ինչպես վերլուծական հոդվածաշարերով (որոնք շահեկան են հատկապես նրանով, որ Հայաստանի վերջին 10 տարիների իրադարձությունների վերլուծությունները կատարվում ենՙ ելնելով անմիջական տպավորություններից. հոդվածագիրը ղարաբաղյան շարժման սկիզբից հաճախակի է եղել Հայաստանում, եւ նորովի է դիտարկում 19-20-րդ դդ. հայ ժողովրդի պատմական ժամանակաընթացքըՙ վերարժեքավորելով ժամանակին թյուր ըմբռնած շատ երեւույթներ եւ իրադարձություններ), այլեւ գործուն աջակցությամբ ղարաբաղյան պատերազմի տարիներին օգնություն է կազմակերպել եւ ուղարկել Ղարաբաղ, այցելել զինվորական տեղամասեր: Շատ գնահատելի է տիկին Նվարդի հոգու ջերմությունը եւ Հայաստանի նկատմամբ ունեցած սերը: Իմ ավանդական հարցին, թե ինչպե՞ս եք օտարության մեջ պահպանում ինքնությունը, նա ժպտաց.
- Հալեպահայության վերապահված է յուրահատուկ ու բնորոշիչ դեր մը, այն առումով, որ Հալեպը եղած է սփյուռքի մայր գաղութը: Հոն է, որ կայք ու ապաստան գտած են եղեռնեն մազապուրծ հայու բեկորները: Եվ այսօր որպես հետնորդներն այդ սերունդին, մեր սրբազան պարտքն է հավատարիմ մնալ նախնյաց կտակին, ինչը կմղե մեզ ավելի հանձնառու վճռականությամբ մը տեր դառնալ մեր ազգային պարտավորություններուն, դաստիարակել եւ ճիշտ կողմնորոշել մեր իրարահաջորդ սերունդները, թրծել եւ կոփել անոնց ազգային գիտակցությունը: Եվ սա կարեւոր է ոչ միայն այն տեսակետեն, որ ամենաուժեղ պատվարն է ամեն տեսակի օտարացնող հովերուն դեմ, այլեւ սեր եւ հետաքրքրություն կներշնչե մեր ազգային արժեքներու նկատմամբ, կապահովե օտար ափերուն վրա հայության գոյերթը:
Հալեպի մեր գլխավոր հյուպատոսությանը կից ստեղծվեցավ Կանանց խորհուրդ, որուն մաս կկազմեն հալեպահայ կազմակերպություններու եւ հարանվանություններու (հայ առաքելական, հայ ավետարանչական եւ հայ կաթողիկե համայնքներ) կին ներկայացուցիչները: Հյուպատոսության փոքրիկ հողաշերտը մեզի համար կներկայացնե Հայաստանը, հոն հայրենիքը կտեսնենք որպես շոշափելի իրողություն, կունենանք հոգեկան բերկրանք, որովհետեւ իրականացած կտեսնենք մեր երազները, հատկապես մտաբերելով, թե այդ երազի ճամփուն վրա քանի-քանի սերունդներ զոհվեցան ու նահատակվեցան: Հայրենիքը մեզի համար դարձած է համախմբող ուժ մը: Ուժ մը, որ իր ետին կթողու բոլոր տեսակի տարակարծությունները: Հալեպահայ կազմակերպություններու եւ հարանվանություններու կանայք միասնաբար կգործեն, հանուն հայրենիքի եւ հայրենիքը ներկայացնող գլխավոր հյուպատոսությանՙ սփյուռք-հայրենիք կապերն ավելի ամրացնելու նպատակով: Մեր երակներուն մեջ հոսող արյան կանչն է, որ մեզի կմղե գործել: Սփյուռքը հոգիով միշտ փարած է հայրենիքին, փարած է հարազատի անկեղծ սիրով: Հայրենասիրության զգացումը սերունդե-սերունդ փոխանցվեցավ սփյուռքահայ հոգիներուն: Այդ զգացումով է, որ մենք սնվեցանք եւ այսօր մեծ հավատքով ու երկյուղածությամբ կմոտենանք հայրենասիրության գաղափարինՙ մեր ամենեն սրբազան ու նվիրական զգացումին: Այսօր մենք կապրինք հայրենիքեն հեռու, բայց միշտ հայրենիքին հետ, հայրենիքով ապրող հայու կարոտով:
- Տիկին Նվարդ, անկախությունից հետո սփյուռքահայության համար հայրենիքի «տեսլականը» դարձավ շոշափելի իրողություն: Սակայն այս տարիներին Հայաստանի ներքաղաքական, հասարակական կյանքն այնքան էլ հարթ չէրՙ լի ներհակություններով, սոցիալական անարդարություններով: Հայրենիքի հեռավոր գեղեցիկ երազը մշուշվում կամ աղարտվո՞ւմ է արդյոք նման երեւույթներից:
- Պատմության մեջ ժամանակաշրջաններ կան, երբ մարդիկ կկորսնցնեն հավասարակշռության եւ ներդաշնակության զգացումը, կապրին փլուզումներու, խարխափումներու, ապրելու եւ գոյատեւելու նոր ուղիներ գտնելու շրջան մը: Ահա այսպիսի պատմական շրջան մըն է, որ այսօր կապրի հայ ժողովուրդը: Մենք շատ կխոսինք մեր թերություններուն եւ տկարություններուն մասին, բայց երբեք չենք փորձեր զանոնք ուղղելու կերպ մը գտնել: Ճիշտ է, այս կացության մեջ դժվար է հաղթական դուրս գալ: Դժվար է ազգային եւ ցեղային թերությունները մեկ օրեն մյուսը հաղթահարել: Բայց եւ այնպես, հոս կզատվիմ հոռետեսներու փաղանգեն, որոնք թերահավատությամբ կմոտենան հերոսական ճիգով ստեղծվող պետական Հայաստանին: Մեր հույսը հայության պայքարն է: Այս անգամ հայը պիտի պայքարի ինքզինք հեղափոխելու, բարեփոխելու համար: Եվ մենք այդ հրաշքը պարտավոր ենք իրականացնել:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ