«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2001-12-04 | #224, 2001-12-06 | #225, 2001-12-07


ԱՎԱՐՏՎԵՑ ՔՈԼԻՆ ՓԱՈՒԵԼԻ ԱՅՑՆ ԱՆԿԱՐԱ

Արդյունքների մասին երկուստեք լռություն է պահպանվում

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Դեկտեմբերի 4-ին պաշտոնական այցով Անկարա ժամանեց ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը: Քանի որ նրա ինքնաթիռը «Էսենբողա» օդակայանում վայրէջք կատարեց ուշ երեկոյան, ուստի նրա հանդիպումները Թուրքիայի ղեկավարների հետ կայացան հաջորդ օրը: Դեկտեմբերի 5-ին Փաուելը հաջորդաբար հանդիպեց արտգործնախարար Իսմայիլ Ջեմի, վարչապետ Բյուլենթ Էջեւիթի, նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի հետ: Հատկանշական է, որ Փաուելը ընդունելության խնդրանքով դիմել է նաեւ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուսեյին Քըվրըքօղլուին, սակայն վերջինս, որպես երկրի արտգործնախարարի չընդունելու եռամյա ավանդույթի համաձայն, մերժել էր խնդրանքը: Այդ իսկ պատճառով պետքարտուղարին ընդունել է գլխավոր շտաբի պետի տեղակալը:

Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպումներում, ինչպես նախօրոք տեղեկացրել էին, Փաուելը քննարկել է Աֆղանստանի ռազմաքաղաքական իրավիճակին, Իրաքի դեմ «հակաահաբեկչական» հնարավոր գործողություններին, Կիպրոսի հակամարտությանը, Եվրոպայի անվտանգության եւ պաշտպանության համակարգին առնչվող հարցեր:

Դեկտեմբերի 6-ի առավոտյան թուրքական պետհեռուստատեսությունը նշեց, որ պետքարտուղար Փաուելն անդրադարձել է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են «Հայ-ադրբեջանական հակամարտությունն» ու Միջին Ասիայի նավթի պաշարները: Կարեւորը, սակայն, սոսկ քննարկումները չեն, նաեւՙ արդյունքները: Ահա դրանց առումով թուրքական պետհեռուստատեսության հետ լռություն է պահպանում նաեւ մամուլըՙ պարզապես տեղեկացնելով, որ, ըստ պետքարտուղարի, Իրաքի դեմ «հակաահաբեկչական» գործողություններ չեն նախատեսվում: Մինչդեռ նույն օրը նախագահ Ջորջ Բուշը վերստին ակնարկում էր Սադդամ Հուսեյնի վարչակարգը տապալելու անհրաժեշտության մասին:

Վերոհիշյալ լռությունը վկայում է քննարկվող խնդիրների, այդ թվում նաեւ քննարկումների լրջության մասին: Ինչ վերաբերում է այդ խնդիրների շուրջ ԱՄՆ-ի տեսակետներին, ապա Թուրքիան այլընտրանք չունի, քան հավանություն տալ դրանց: Ռազմավարական ոլորտում թուրք-ամերիկյան համագործակցության հետագա ամրապնդման մասին թուրքական մամուլի դիտարկումները պատահական չեն: Հարկ է սակայն նշել, որ քննարկվող հարցերի շուրջ տեսակետների համընկման առումով ԱՄՆ-ի համար կարեւորը Թուրքիան չէ, այլՙ եվրոպական երկրները: Հատկապես այն դեպքում, երբ վերջիններս ակնհայտ հակադրվում են Իրաքի դեմ ռազմական գործողությունների ձեռնարկման ԱՄՆ-ի մտադրություններին, իսկ օրերս Գերմանիայում ձեւավորվող Աֆղանստանի ապագա կառավարությունն իր վրա է կրում ռուսական ազդեցության կնիքը: Ուրեմն, հարցը սոսկ եվրոպական երկրները չեն, նաեւՙ Ռուսաստանը: Նման իրավիճակում բացահայտել այցի արդյունքները, նշանակում է քննարկվող հարցերի շուրջ եվրոպական երկրների հետ տարաձայնությունների խորացման համար նախադրյալներ ստեղծել, ինչպես նաեւ մարտահրավեր նետել Ռուսաստանին, որովհետեւ այդ բոլոր հարցերով շահագրգռված են նաեւ վերջիններս:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4