Ձմռան առաջին օրվանից Ստեփանակերտում սկսվել է ջեռուցման սեզոնը, բայց դա ավելի շատ կարելի է խորհրդանշական համարել: Գործող կաթսայատները կջեռուցեն միայն մայրաքաղաքի 8 դպրոցներ եւ համարյա նույնքան վարչական շենքեր: Այս տարի եւս առողջապահական համակարգը ջեռուցում չի ստանա: Թեպետ կառավարությունը բուժհիմնարկները սպասարկող կաթսայատունը գործարկելու համար լրացուցիչ գումարներ է հատկացրել, այն չի գործարկվել առ այսօր:
Հնարավոր է, որ առաջիկայում ջեռուցվի եւս մեկ դպրոցՙ Հովհ. Թումանյանի անվան թիվ 9 դպրոցը: Վերջերս արվարձանային այս թաղամաս կատարած շրջայցից հետո ԼՂՀ նախագահը հանձնարարել էր 2 մլն դրամ տրամադրել այդ կրթօջախը ջեռուցելու նպատակով: Մյուս չորս միջնակարգ կրթական հաստատություններում, հավանաբար, դասերը կանցկացվեն սառը դասասենյակներում, կամ էլ, լավագույն դեպքում, կջեռուցվեն փայտի վառարաններով:
«Ջերմային տնտեսություն» ձեռնարկությանՙ բնակշենքերի ջեռուցումը նվազ հավանական է, քանի որ առաջարկվող պայմաններովՙ յուրաքանչյուր շենքի բնակիչների առնվազն 80 տոկոսը պետք է կարողանա վճարել ջեռուցման վարձը: Իսկ մեկ քառ. մետրի սակագինը 1265 դրամ է, որը հազիվ թե համապատասխանի ստեփանակերտցիների գրպանի զորությանը:
«Ջերմային տնտեսությունը» գտնվում է ֆինանսական ճգնաժամի մեջ: Ձեռնարկության տնօրեն Ա. Շաբանյանի խոսքերով, 1998 թ.-ից մինչեւ հիմա «Արցախգազ» ՊՓԲԸ-ին տրվելիք պարտքը, օգտագործված գազի դիմաց, 150 մլն դրամ է: Ձմռան սկզբին տեղացած ձյունը ոչ այնքան տաք ձմեռ է խոստանում: Սակայն օդերեւութաբանների կանխագուշակությունները ստեփանակերտցիների համար այնքան էլ էական նշանակություն չունեն, չէ՞ որ առավել դաժան ձմեռներ հաղթահարելու առիթներ քիչ չեն եղել անցած առնվազն մեկ տասնամյակում:
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ