«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2001-12-04 | #224, 2001-12-06 | #225, 2001-12-07


«ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ»

Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունն առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացնում «Ընտանեկան հանրագիտարան» մատենաշարի երկրորդ գիրքըՙ «Հանրամատչելի բժշկական հանրագիտարանը»: Այս հույժ արժեքավոր հրատարակությունն այսօր առավել անհրաժեշտ է մեր ազգաբնակչությանը: Բժշկական գիտական եւ պրակտիկ տեղեկատվական գրականության նման հրապարակումն իր համապարփակ ընդգրկումով լուսաբանում է առողջապահության բնագավառի հիմնական հասկացությունները, առավել տարածված հիվանդությունները (սիրտանոթային, նյարդային, թոքային, ստամոքսաաղիքային, մաշկային, վարակիչ եւ այլն) եւ ժամանակակից բժշկագիտության կարեւոր ուղղությունները:

Իբրեւ հիմք ունենալով Մոսկվայում մի քանի անգամ վերահրատարակված համանուն հանրագիտարանը («Պոպուլյարնայա մեդիցինսկայա էնցիկլոպեդիա»)ՙ Հայկական հանրագիտարանի այս հրատարակությունը համալրված է նաեւ այլ տեղեկություններով եւ նյութերովՙ առնչվող մեր ժողովրդի առողջապահության առանձնահատկություններին:

Հանրագիտարանը նախատեսված է բնակչության լայն խավերի համար եւ ընդգրկում է առողջապահական ամենաբազմազան խնդիրներ: Ընթերցողն այստեղ կգտնի իրեն հետաքրքրող տարբեր հարցերի պատասխանները, սակայն հանրագիտարանը կազմող պատասխանատուները զգուշացնում են, որ բուժական մեթոդների ինքնուրույն օգտագործումն (ինքնաբուժումը) խորհուրդ չի տրվում, քանի որ զուտ ընթերցման մակարդակում հետեւելով տրված խորհուրդներինՙ հնարավոր է հիվանդության հետագա բարդացումՙ վտանգավոր հետեւանքներով:

Հանրագիտարանում մանրամասն տեղեկություններ են տրվում անձնական հիգիենայի, սննդի, աշխատանքի մասին, բժշկական կոսմետիկայի, սպորտի, ֆիզիկական կուլտուրայի վերաբերյալ, լուսաբանվում են հիվանդի խնամքի, թունավորումների, այրվածքների, կոտրվածքների եւ այլ դեպքերում ցույց տրվող առաջին բժշկական օգնության հարցերը, տեղեկություններ կան Հայաստանում տարածված դեղաբույսերի, սնկերի, թունավոր կենդանիների մասին, օրգանիզմն արտաքին միջավայրի վնասակար գործոններից (աղմուկ, արտադրական փոշիներ, իոնացնող ճառագայթներ) պաշտպանվելու, ճիշտ լուսավորության, ջեռուցման, օդափոխության մասին:

Ավանդական կլինիկական բժշկությանը զուգահեռ հանրագիտարանը ներկայացնում է գիտական բժշկության վերաբերյալ տեսական բազմաթիվ հարցեր:

3000 տպաքանակով «Հանրամատչելի բժշկական հանրագիտարանը» շուտով կհանվի վաճառքի եւ գնելու հնարավորության դեպքում ընթերցողը կհարստանա իսկապես օգտակար բժշկական հանգամանալի տեղեկատվությամբ:

Տարիների գիտական աշխատանքով ստեղծված «Հանրամատչելի բժշկական հանրագիտարանը» պատրաստել է Հայկական հանրագիտարանի բժշկագիտության, կենսաբանության եւ քիմիայի խմբագրությունը (վարիչՙ Լաուրա Կիրակոսյան, ավագ գիտ. խմբագիրներՙ Ֆրիդա Աղամալյան, Ռուզաննա Զոհրաբյան, Մարիետա Խաչատրյան)ՙ խմբագրական հանձնաժողովի գլխավորությամբ (գլխ. խմբագիր-տնօրենՙ Հովհաննես Այվազյան):

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4