10 տարի առաջ Ղարաբաղը քվեարկեց անկախության օգտին
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
1991 թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեում Ղարաբաղի ժողովուրդը մեծամասնաբար քվեարկեց ԼՂՀ անկախության օգտին: Հանրաքվեին մասնակցած 108.736 քաղաքացիներից, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվաքանակի 82,2 տոկոսը, անկախությանը դեմ քվեարկեց միայն 24 հոգի: Ադրբեջանական զինված կազմավորումների արձակած հրթիռների ու արկերի տարափի տակ տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեն ամրագրեց երկրորդ հայկական պետության գոյությունը: Հայաստանի հետ վերամիավորման գաղափարից հրաժարվելը, սակայն, տվյալ պահին ճարահատ քայլ չէր, այլ քաղաքական նոր իրողությունների արդյունք: Միավորման գաղափարը մնաց իբրեւ նպատակ, որը ծնունդ էր առել ոչ թե 88-ի փետրվարին, այլ դրանից էլ ավելի վաղՙ խորհրդային կայսրության ստեղծումից ի վեր: Իսկ անկախության հռչակումն արդարացված միջոց էր ադրբեջանական ծանր լծից ազատվելու համար: Թե՚ քաղաքական եւ թե՚ իրավական առումներով ԼՂՀ-ի ստեղծումն օրինաչափ էր: Հենց այս պետականության փաստի վրա, ընդամենը երեք ամիս հետո, ձեւավորվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի պարբերական այցերը Ստեփանակերտ եւ ուղղակի շփումները ԼՂՀ իշխանությունների հետ արդեն իսկ վկայում են ԼՂՀ համապատասխան կառույցների ճանաչումը նրանց կողմից: Թող սա չանվանենք ԼՂՀ միջազգային ճանաչում, պարզապես բավարարվենք առայժմ աշխարհի հզոր տերություններիՙ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, «Ղարաբաղի ինքնիշխանության հանդուրժում» ձեւակերպմամբ: Ի՞նչ է փոխվում դրանից. թվում էՙ ոչինչ:
Ընդամենը 10 տարի առաջ անկախության ճանապարհը բռնած ԼՂՀ փոքրիկ երկիրը, ամենայն փորձության միջով անցնելով, այսօր հասել է այնպիսի աստիճանի, որի ռազմաքաղաքական գործոնը տարածաշրջանում խիստ զգալի է: Այլ հարց է, թե այսուհետ սույն իրողության հայանպաստ զարգացումը գերտերությունների շահերի կիզակետում ի՞նչ ակնկալում կունենա:
Կանխագուշակություններ անել, սակայն, պետք չէ: ԼՂՀ անկախության անցած բոլոր փուլերում իրադարձությունների զարգացման միտումը շատ բանով կախված է եղել ղարաբաղյան կողմի նախաձեռնություններիցՙ ունենալով Հայաստանի Հանրապետության աջակցությունը: Հանրաքվեից տասը տարի հետո էլ անկախությունը ղարաբաղցիների համար շարունակում է մնալ իբրեւ ազատ կյանքի հուսալի միջոց: Ավելին, այս գաղափարով մի ամբողջ նոր սերունդ է դաստիարակվել, որին նույնպես, ինչպես 10 տարի առաջ, անհնար է վախեցնել ոչ քաղաքական շանտաժով, ոչ էլ պատերազմի սպառնալիքով:
Ադրբեջանի հերթական ճիգերըՙ Ղարաբաղի հարցում քաղաքական ռեւանշի հասնել Եվրախորհրդի միջոցով, նույնպես դատապարտված են ձախողման: Դեռեւս 1997-ի դեկտեմբերին Ղարաբաղ ժամանած չորս տասնյակ միջազգային դիտորդներ անվերապահորեն արձանագրեցին ԼՂՀ-ի իրավական հիմքը միջազգային իրավունքի բոլոր չափորոշիչներով: Այսօր ԼՂՀ-ն ավելի շատ կռվաններ ունի միջազգային ցանկացած բարձրագույն ատյանում իր ինքնությունը հաստատելու համար: Պատահական չէ, որ ի մասնավորի վերջերս ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի ուղերձըՙ այդ կազմակերպության հովանու ներքո հատուկ առաքելություն ուղարկել Ղարաբաղ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տագնապով է ընդունել: Ըստ իս, Ադրբեջանին տագնապեցնողը հենց այդ կռվանների փաստն է, որոնք ոչ միայն կարող են հերքել Ադրբեջանի հերթական զրպարտանքները, այլեւ մեկ անգամ եւս ընդգծել ԼՂՀ անկախության ատրիբուտները:
Տասնամյա անկախությունն, անշուշտ, արժեքավոր դասեր է տվել հանրաքվեով իր ազատությունն ամրագրած Ղարաբաղի ժողովրդին, որի գլխավոր դասը արյամբ նվաճած ազատությանը տեր կանգնելու մեծ խորհրդի մեջ է: Բայց եւ սխալված չենք լինի ասելու, որ Ադրբեջանը եւս լուրջ դասեր ունի քաղելու մեր անկախությունից եւ հրաժարվելու այն կարծրատիպերից, որոնք որդեգրել է դեռեւս ղարաբաղյան շարժման սկզբնօրերից: Եվ դաՙ ամենից առաջ ի շահ սեփական ժողովրդի, որն, իրոք, հոգնել է իր իշխանությունների սին հոխորտանքներից: