Բանավեճ, որ խոստանում է դառնալ ներքաղաքական պայքարի առանցքը
Նախագահ Քոչարյանի նախընտրական խոստումներից մեկը սահմանադրական բարեփոխումներ ներկայացնելն էր, այն հաշվով, որ առավել հստակ արտահայտվեին մարդու իրավունքների, իշխանության երեք թեւերի տարանջատման, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի սկզբունքները, ի լրումնՙ որոշակիորեն սահմանափակվեին նախագահի լիազորությունները, նրան վերապահված որոշակի գործառույթներ խորհրդարանին փոխանցելու ճանապարհով: Նախագահն իր այս խոստման իրականացմանն անցավ ընտրվելուց գրեթե անմիջապես հետոՙ ստեղծելով սահմանադրական բարեփոխումների հարցով զբաղվող հատուկ հանձնաժողով: Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերն իրենց հերթին ձեռնամուխ են եղել նույն աշխատանքինՙ զուգահեռաբար փորձելով ստեղծել այլընտրանքային նախագծեր: Մինչեւ անցյալ շաբաթ դրանք երկուսն էինՙ կոմկուսի նախագիծը եւ ԱԺՄ-ից վերջերս անջատված Շավարշ Քոչարյանի «թեւը» ներկայացնող ԱԺԿ-ի տարբերակը: Հավանաբար հասկանալով, որ սահմանադրական բարեփոխումների նախագահական տարբերակի հետ մրցակցության մեջ զատ-զատ նախագծերով ներկայանալու դեպքում հաղթանակի նույնիսկ երեւութական հեռանկարներ չկան, կոմունիստներն ու ԱԺԿ-ականներն անցյալ հինգշաբթի, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, հայտարարեցին, թե որոշել են «միացնել» իրենց երկու նախագծերը եւ հանդես գալ մեկ-միասնական նախագծով: «Միացնել» բառը չակերտներում եմ դրել, քանզի գոնե ինձ համար անհասկանալի է, թե գաղափարական հակամարտ բեւեռներում գտնվող երկու քաղաքական ուժերըՙ ձախ-սոցիալիստական հոսանքի ամենաարմատական թեւը հանդիսացող կոմունիստներն ու աջ-ազատական դավանանքի ազգային-ժողովրդականները շփման ի՞նչ ընդհանուր եզրեր կարող են ունենալ:
Եթե տարբեր դավանանք ունեցող այդ կուսակցությունները հնարավոր են համարել ընդհանուր հայտարարի գալ այնպիսի կարեւորագույն փաստաթղթի շուրջ, ինչպիսին երկրի նոր սահմանադրության նախագիծն է, ապա երկուսն էլ լուրջ գաղափարական զիջումների են գնացել: Հանուն ինչի՞: Այս հարցի պատասխանն արդեն գաղտնիք չէՙ հանուն Հայաստանի պետական կառավարման համակարգի արմատական փոփոխմա՚ն: Այո, ընդդիմության միասնական նախագիծը (այդպես կարելի է անվանել, քանի որ կոմունիստների ու ԱԺԿ-ականների միասնական տարբերակը պաշտպանելու մասին արդեն իսկ հայտարարել են խորհրդարանում ներկայացված ուժերից ԱԺՄ-ն, ՍԻՄ-ը, իրենց կուսակիցներն ունեցող «Հանրապետությունը», իսկ արտախորհրդարանական ուժերից դրան ամենայն հավանականությամբ կմիանան նաեւ ՀԴԿ-ն եւ ուրիշներ) ենթադրում է պետության կառավարման այժմյան կիսանախագահական ձեւի փոխարինում խորհրդարանական կառավարման ձեւով: Ինքնըստինքյան հասկանալի է, որ այս կարգի փոփոխությունը, իրականություն դառնալու դեպքում, արդեն ամենեւին գործող սահմանադրության բարեփոխում չէ, այլ այնպիսի արմատական շրջադարձ, որը կդնի Հայաստանի բոլորովին նորՙ չորրորդ հանրապետության սկիզբը:
Սահմանադրական բարեփոխումների խնդիրն այս կերպ միանգամայն նոր բովանդակություն է ստանում, բանավեճը տեղափոխվում է լիովին ա՚յլ հարթությունՙ խոստանալով դառնալ երկրում ծավալված ներքաղաքական պայքարի առանցքը: Ընդսմին, հարցն այն չէ, թե կառավարման ո՞ր ձեւն է ավելի լավ: Սրա չափազանց թափանցիկ ենթատեքստը նախագահ Ռոբերտ Քոչարյանից քաղաքակիրթ ձեւով «ազատվելու» ձգտումն է: Բոլորին հասկանալի է, որ Քոչարյանը, իբրեւ ուժեղ անհատ, որն առաջիկա նախագահական ընտրություններում կրկին հաղթելու լուրջ շանսեր ունի, հազիվ թե համաձայնի նախագահ մնալ, եթե պետության առաջին դեմքին վերապահված սահմանադրական լիազորությունները, կառավարման ձեւի փոփոխման շնորհիվ, զուտ խորհրդանշական-արարողակարգային դառնան: Ինքըՙ Քոչարյանը, մի առիթով ասում էր, թե խորհրդարանական կառավարման անցնելու մասին կարելի է մտածել ապագայում, տարիներ հետո, երբ պետությունը լիովին կայացած լինի եւ անցումային շրջանի դժվարություններըՙ հաղթահարված: Սա մի բավական խոսուն ակնարկ էր, որ գործող նախագահը, գոնե իր պաշտոնավարման շրջանի համար, պետության կառավարման այժմյան կիսանախագահական ձեւի պահպանումն ուղղակի անհրաժեշտ էր համարում: Բնական է, որ նրա ներկայացրած սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որն այժմ նախնական քննարկման է առաքվել խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին, ելնում է հենց ա՚յդ իրողությունից: Եվ հենց դա էլ, ըստ իս, կանխորոշեց այն փութկոտությունը, որը հարկադրեց ընդդիմության հաճախ իրարամերժ գաղափարական հոսանքների ներկայացուցիչներին արագացնել այլընտրանքային նախագծի շուրջ համաձայնության գալն ու այս կերպ Ռոբերտ Քոչարյանին «ճակատամարտ» տալու մտադրությունը:
Ո՞ր դեպքում է այդ «ճակատամարտը» հնարավոր:
Միայն այն դեպքում, եթե ընդդիմության ներկայացրած այլընտրանքային սահմանադրության նախագիծն առաջիկա խորհրդարանական քննարկումներում ստանա առնվազն 66 պատգամավորական ձայն, որից հետո, գործող սահմանադրության 111-րդ հոդվածի պահանջների համաձայն, ներկայացվի հանրապետության նախագահին: Վերջինս, անկասկած, արգելք կիրառելովՙ կվերադարձնի խորհրդարան, որը հաղթահարելու համար այս անգամ անհրաժեշտ կլինի առնվազն 88 ձայն: Միայն եւ միմիայն այդ պարագայում ընդդիմության ներկայացրած նոր սահմանադրության նախագիծն իրավունք կստանա դրվելու հանրաքվեի: Նախագահի ներկայացրած սահմանադրական բարեփոխումների նախագիծն այդպիսի դժվարին ընթացակարգ անցնելուց ապահովագրված էՙ հանրաքվեի դրվելու համար նրան անհրաժեշտ է հավաքել ընդամենը 66 ձայն:
Հնարավո՞ր է արդյոք, որ հանրաքվեի դրվեին երկու նախագծերը միասին, զուգահեռաբար: Տեսականորենՙ այո, եթե նախագահական տարբերակը խորհրդարանում հավաքի անհրաժեշտ 66, իսկ ընդդիմության միասնական տարբերակըՙ 88 ձայն: Քվեարկության այդպիսի ենթադրյալ եւ խիստ կասկածելի արդյունքը կնշանակի, որ պատգամավորների մի մեծ խումբ, «այո» ասելով երկո՚ւ տարբերակին էլ, լռելյայն ցանկանում է, որ երկու նախագծերն էլ ներկայացվեն ժողովրդի դատին: Գործնականում, սակայն, նման ելքն անձամբ ինձ շատ քիչ հավանական է թվում: Նախ, ներկա խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցությունը բացահայտորեն ընդդիմության օգտին չէ: Պատահական չէ, որ սահմանադրական բարեփոխումները քննարկման նախապատրաստող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը դեռ նախանցյալ շաբաթ որոշում կայացրեց նախագահական տարբերակն ԱԺ-ի քննարկմանը ներկայացնել մյուս երկու, այն ժամանակ դեռեւս ոչ միասնական նախագծերից հետո, վերջիններիս հետ արագ «հաշիվ մաքրելու» եւ լուրջ քննարկման անցնելու դիտավորությամբ: Երկրորդՙ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, որը միանշանակ պաշտպանում է նախագահական տարբերակը, իմանալով երկու այլընտրանքային նախագծերը միացնելու ընդդիմության որոշման մասին, բացահայտ գոհունակություն էր հայտնում, թե դրանով զգալիորեն կնվազի խորհրդարանում ավելորդ ժամավաճառության անհրաժեշտությունը:
Եվ երրորդՙ ընդդիմադիր պատգամավոր Ֆիլարետ Բերիկյանն իր հերթին անիմաստ էր համարում ուժերի անտեղի վատնումը եւ առաջարկում գործընկերներինՙ նոր սահմանադրություն ընդունելու անիրական պատրանքների հետեւից ընկնելու փոխարեն ուժերը մեկտեղել նախագահի ներկայացրած բարեփոխումներն առավելագույնս հղկելու եւ ընդունելի դարձնելու համար: Այնպես որ, սահմանադրական կրքերը, ամենայն հավանականությամբ, դուրս չեն գա խորհրդարանական պատերից: Դրանք բավական հետաքրքիր կլինեն, սակայնՙ ո՚չ ավելի: Ի վերջո, կարծում եմ, ընդդիմությունն էլ «կողմ» կքվեարկի նախագահի ներկայացրած բարեփոխումները հանրաքվեի դնելուն, քանզի իր նախագծի հավանական տապալման դեպքում նախագահի ներկայացրած նախագծին դեմ լինելու համառությունն ուրիշ ոչինչ չի նշանակի, քան այն, որ անփոփոխ մնա. ներկա՚ սահմանադրությունը: Իսկ որ դրան դեմ են թե՚ այժմյան իշխանությունները, թե՚ ընդդիմությունը, կարծում եմ, արդեն վաղուց գաղտնիք չէ:
ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ