«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2001-12-07 | #226, 2001-12-08 | #227, 2001-12-11


«ԱՍՈՒՊ» ԵՎ «ՊԵԳԱՍ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹՆԵՐԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳԸ

Երեւանում այսօր գործում են Նորքի զանգվածի, Արաբկիրի եւ Մալաթիայի հայորդաց տները: 1993 թ. Գարեգին արք. Ներսիսյանի ջանադրությամբ եւ ՀԲԸՄ ֆինանսական հովանավորությամբ նրանք անցան Արարատյան հայրապետական թեմի տնօրինությանը, իսկ 1999 թ. դեկտեմբերի 1-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի բարձր կարգադրությամբ դարձան Մայր աթոռ Սբ. Էջմիածնի եւ ՀԲԸՄ հայորդաց տներ: Հոգեւոր-մշակութային ուղղվածությամբ եւ նշանակությամբ այս օջախներում կրթվում եւ մասնագիտական հմտություն են ստանում շուրջ 3000 պատանիներ, որոնք ներգրավված են զանազանՙ գրական, երաժշտական, կերպարվեստի, պարային, կրկեսային, սպորտային, գիտատեխնիկական խմբակներում: Իրենց ստացած գիտելիքներն ու ունակությունները դրսեւորվում են տարբեր միջոցառումների, հաշվետու համերգների ժամանակ:

Կիրակի երեկոյան Նորքի հայորդաց տան «Ասուպ» ստեպի եւ «Պեգաս» պարային համույթների անդրանիկ հաշվետու համերգը տեղի ունեցավ Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոնում: Այն պատասխանատվության եւ ոգեւորության զգացումներ էր առաջացրել պատանիների մեջ: Իրենց կատարումներում եւ պահվածքում նրանք համարձակ էին, ազատ եւ ինքնավստահ: «Ասուպ» պարային համույթի (գեղ. ղեկավարՙ Ավետիս Գինոսյան, Ելենա Լուկոտինա) «ժպտուն աստղիկների նման» սաները եւ «Պեգաս» ժամանակակից պարերի համույթի կրակոտ աղջիկները (գեղ. ղեկավարՙ Սոնա Չափխանյան) ներկայացրեցին ազգային եւ ժամանակակից պարերի հետաքրքիր եւ աշխույժ ծրագիրՙ իրենց կենսախինդ կատարումներով ջերմությամբ վարակելով բավականին ցուրտ դահլիճը:

Վարպետությամբ աչքի ընկան այս տարվա օգոստոսին Սոչիում Սեւծովյան երկրների պատանեկան պարային համույթների փառատոնին հաջողությամբ մասնակցած Մանուկ Մանուկյանը, ինչպես նաեւ շնորհալի դհոլահար Գուրգեն Թամազյանը: Հետաքրքիր էին 1915-ի Հայոց մեծ ողբերգության, 88-ի Գյումրու երկրաշարժի զոհերին նվիրված, «Գարուն ա, ձյուն ա արել», ինչպես նաեւ «Սարդարապատ», «Հորովել» պարային կոմպոզիցիաները:

Մարմնի պլաստիկ շարժումները, ներդաշնակ ռիթմերըՙ զգայուն ու հստակ, զգացմունքների թարգմանն էին ասեսՙ սեր, հույս, կարոտ, հիասթափություն եւ հավատ արտահայտող: Խոսքերն այս անգամ նահանջել էին շարժումների «ձայների» մեջ:

Համերգին մասնակցեցին նաեւ «Նարեկ» պարային համույթը (գեղ. ղեկավարՙ Փայլակ Սարգսյան) եւ «Վահագն» դհոլային խումբը (գեղ. ղեկավարՙ Արազ Օրդինյան):

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4