«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2001-12-08 | #227, 2001-12-11 | #228, 2001-12-12


ՌԱԿ ՓԱՐԻԶՅԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԻ ԷՋԵՐԻՑ

1999 թ. Ժան Վարուժան Սիրապյանն ընտրվեց ՌԱԿ Ֆրանսիայի շրջանային վարչության ատենապետ եւ մասնավորապես ձեռնամուխ եղավ ՌԱԿ փարիզյան տեղեկագրի («La Lettre de l՚ADL») վերահրատարակմանը: 2000 թ. սկզբից տեղեկագիրը լույս է տեսնում տարեկան 10 համար պարբերականությամբ անդրադառնալով ֆրանսահայ համայնքի եւ մայր հայրենիքի կյանքին, ՌԱԿ-ի ծավալած հայանպաստ գործունեությանը, քաղաքական եւ մշակութային անցուդարձին, հրապարակելով նաեւ վերլուծական հոդվածներ: Գլխավոր խմբագիրը Ժան Վարուժան Կյուրեղյանն է:

Ամսաթերթի վերջին համարներից մասնավորապես տեղեկանում ենք, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ին Փարիզի խոշոր հյուրանոցներից մեկում նշվել է Հայաստանի անկախության 10-րդ տարեդարձը: Հանդիսությանը ներկա էին Շառլ Ազնավուրը տիկնոջ հետ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Է. Նալբանդյանը տիկնոջ հետ, այլ անձինք: Իսկ հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայի Սենատի դահլիճներից մեկում տեղի է ունեցել ՌԱԿ 80-ամյակին, Հայաստանին եւ Արցախին նվիրված հանդիսություն: Միջոցառման հովանավորը Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեն էր, որը ներկա չէր արտասահմանյան ուղեւորության պատճառով: Նրա ուղերձն ընթերցել է ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի եւ ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ Լեւոն Քեբաբջյանը: Ք. Պոնսլեի ուղերձում մասնավորապես ընդգծվում էր ՌԱԿ-ի խաղացած կարեւոր դերը Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: ՌԱԿ 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ էին ստացվել Ֆրանսիայի հայտնի քաղաքական գործիչներից, ինչպես նաեւ բարոնուհի Քերոլայն Քոքսից: Տեղեկագրի հոկտեմբերյան համարում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կապակցությամբ պատմական վերլուծական հոդված է տպագրված կրոնական եւ ազգային անհանդուրժողականության ողբերգական հետեւանքների մասին, որոնց հաղթահարումը ժողովուրդներից պահանջում է վճռական գործողություններ:

1921 թ.-ից ՌԱԿ անունով հանդես եկող ավանդական մեր կազմակերպության նպատակներն են Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության պահպանումը, տարածքային ամբողջականության վերականգնումը, միջազգային ատյաններում Հայոց ցեղասպանության ճանաչումը, Հայաստանում ազատական ժողովրդավարության սկզբունքների կիրառումը, հայերի վերամիավորմանը նպաստող սոցիալ-քաղաքական, տնտեսական, մշակութային պայմանների ստեղծումը, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումը եւ այլն: 2001 թ. սեպտեմբերից Ֆրանսիայի ՌԱԿ-ը մասնավորապես իրականացնում է Արցախի գյուղերի վերաբնակեցման ծրագիր:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4