«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2001-12-11 | #228, 2001-12-12 | #229, 2001-12-13


«ՊԵՏՔ Է ՀԱՍՆԵԼ ՆՐԱՆ, ՈՐ ՀԱՅԵՐԸ ՀԵՌԱՆԱՆ ԶԱՎԹԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ»

Թուրքիայի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Թ. Քըլընջը Ադրբեջանին զգուշացնում է Ղարաբաղում պատերազմ սկսելու հնարավոր հետեւանքներից

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Թուրքիայի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, գեներալ Թունջայ Քըլընջը Բաքվի «Զերկալո» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով լուծման հետեւանքներին: «Ադրբեջանական բանակը պատրաստ է լուծել զավթված տարածքների ազատագրման խնդիրը, բայց պատերազմը կարող է Ադրբեջանի համար ստեղծել լուրջ դժվարություններ: Պետք է հեռու մնալ խնդիրը ռազմական գործողություններով կարգավորելու ճանապարհով խաղաղության հասնելու մտադրությունից: Կարեւորն այն է, որ հակամարտությունը կարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ: Պատերազմ սկսելու փոխարեն կարեւոր է միջազգային հանրությանը համոզել, որ Ղարաբաղի հարցում հայերը ճիշտ չեն: Պետք է հասնել նրան, որ հայերը հեռանան զավթած տարածքներից: Հայաստանն անհամբեր սպասում է, որ Ադրբեջանը կհամաձայնի իր դիրքորոշմանը: Բայց չպետք է մոռանալ, որ մեկ պատերազմը կարող է ծնել նոր պատերազմներ: Ահա այդ պատճառով եմ խոսում խաղաղության մասին: Հայտնի է, բոլոր պատերազմներն ավարտվում են քաղաքականությամբ: Ճիշտ է, որոշակի պահի երկխոսությունը վերջանում է, եւ սկսվում է պատերազմի շրջանը, բայց խաղաղությունը միշտ ձեռք է բերվում բանակցությունների սեղանի շուրջ: Չեմ կարծում, թե Ղարաբաղի խնդիրն այդքան կձգձգվի, կանցնի որոշակի ժամանակ, եւ դուք կհասնեք ցանկալի արդյունքի», «Զերկալոյի» թղթակցին ասել է գեներալ Քըլընջըՙ չմանրամասնելով «ցանկալի արդյունքի» էությունը:

Թուրք գեներալը շեշտել է, որ Ադրբեջանն ի վիճակի է պատերազմով ազատագրել «զավթված տարածքները», միեւնույն ժամանակ հավաստիացրել է, թե պատերազմի դեպքում Ադրբեջանում կարող են առաջ գալ քաղաքական, սոցիալական, հոգեբանական, այլ խնդիրներ:

«Ուշադիր նայեք աշխարհի ճգնաժամային կետերին: Երկու պետությունների թիկունքին, որոնք չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել, կանգնած են երկու տարբեր խոշոր պետություններ: Եթե Ադրբեջանը նախընտրում է Ղարաբաղի հարցը լուծել ռազմական ճանապարհով, անտարակույս պետք է հաշվի առնի այդ երկու ուժերի կարծիքը: Դուք սխալվում եք, եթե կարծում եք, թե միայնակ ի վիճակի եք վճռել այդ խնդիրը, տեսնելով, որ Հայաստանի թիկունքին Ռուսաստանն է: Բնականաբար, եթե դուք Հայաստանի դեմ լինեք մեն-մենակ, ապա հեշտությամբ կարող եք Ղարաբաղի հարցը լուծել այնպես, ինչպես ցանկանում եք: Բայց երբ առկա է ռուսական գործոնը, ռազմական ճանապարհով հարցի լուծումը փոքր-ինչ վտանգավոր է», ասել է Թուրքիայի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը: «Ինչի՞ է ունակ մյուս ուժըՙ Թուրքիան, այդ վտանգը մինիմումի հասցնելու», ադրբեջանցի լրագրողի հարցին թուրք գեներալը պատասխանել է. «Այո՚, Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, եւ դա բխում է մեր շահերից: Բայց եկեք նախօրոք չասենքՙ ի՞նչ է լինելու, եթե իրավիճակը լինի այսպիսին կամ այնպիսին: Վստահաբար մեկ բան եմ հայտարարում. Թուրքիայի օգնությունը Ադրբեջանին լինելու է շարունակական»:

Ուշագրավ հայտարարություններ է արել եւս մեկ երեւելի թուրքՙ փորձված դիվանագետ, Թուրքիայի սոցիալական եւ տնտեսական հետազոտությունների հիմնադրամի տնօրեն, այսպես կոչված «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի» անդամ Գյունդուզ Աքթանը: Ավելի քան երեք տասնամյակների փորձ ունեցող դիվանագետը ասել է, որ պետությունների սահմանների անձեռնմխելիության սկզբունքը վտանգի տակ է, եւ դրա ապացույցը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Քոչարյանի ու Ալիեւի միջեւ գարնանը տեղի ունեցած Քի Վեսթի բանակցություններն էին: Աքթանը չնշելով, թե որտեղից են իր տեղեկությունները, ասում է, որ «կողմերը ԼՂ հակամարտության հարցում համաձայնության էին հասնումՙ բաժանել Ղարաբաղը, փոքր մասը տալ Ադրբեջանին, մեծ մասը միացնել Հայաստանին»: Աքթանը կարծում է, որ եվրոպական կազմակերպությունները, մասնավորապես Բեռլինի եւ Բրյուսելի միջազգային կոնֆերանսներում, արեցին առաջարկություններ, համաձայն որոնց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը խախտվում են: Թուրք դիվանագետը կարծիք է հայտնում, որ վիճելի տարածքների շուրջ տարաձայնությունները հավանական է լուծել մասնատման սկզբունքի կիրառումովՙ որպես օրինակներ նշելով Կոսովոն, Քաշմիրը, Պաղեստինը:

Բաքվում Գյունդուզ Աքթանի հայտարարություններին անմիջապես արձագանքել են: Մասնավորապես, Հ. Ալիեւի նախկին խորհրդական Վ. Գուլուզադեն «Էխո» թերթում դրանք որակել է «անհեթեթ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4