Թեքեյան մշակութային միության արդեն ավանդական դարձած բարեգործական հերթական ակցիան երեկ կատարվեց Երեւանի Վ. Թեքեյանի անվ. վարժարանում: Այս անգամ դպրոցի աշխատակազմին Թեքեյան մշակութային միության դրամական օգնությունը հատկացնելու համար վարժարան էին այցելել Մ. Նահանգների եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Վարդգես Պալյանը եւ նրա տիկինըՙ Ռիտան: Նրանց հետ կրթօջախ էր այցելել նաեւ «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը:
Արդեն տասը տարուց ավելի դպրոցի հովանավորությունն ստանձնած Թեքեյան մշակութային միության աջակցությամբ կրթօջախում կատարվել են զգալի փոփոխություններՙ վերանորոգման աշխատանքներից մինչեւ մանկավարժական տարբեր ծրագրերի իրագործում: Դպրոցի անձնակազմին տրամադրված նվիրատվությունն ընդունվեց շնորհակալությամբ, իսկ ուսուցիչներն օգտվելով առիթիցՙ շնորհավորեցին տկն Ռիտայի ծննդյան օրը, փայտյա ճաշակավոր սկահակ նվիրելով եւ անգամ ինքնագիրՙ բանաստեղծություններով:
Տեր եւ տիկին Վարդգես եւ Ռիտա Պալյանների հայաստանյան այցերը մշտապես ունենում են մեկ նպատակՙ որեւէ ձեւով օգնել մեր ազգաբնակչությանը: Հյուրերը եղան դպրոցի նոր վերանորոգված սպորտդահլիճում, հարմարավետ եւ ընդարձակ հանդիսասրահումՙ յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ հետաքրքրությամբ, հոգատարությամբ եւ ուշադրությամբ: Տնօրինության հետ զրույցի ընթացքում այցելուները տեղեկացան դպրոցի կարիքներին, քննարկեցին ապագա ծրագրեր, որոնք սկզբնական շրջանում կկրեն փորձարարական բնույթ, ապա եւ հաջողության դեպքում ավելի կընդարձակվեն: Ծրագրի էությունը, ինչպես նշեց պրն Վարդգես Պալյանը, «Թեքեյանի ոգին զորացնելն ու ճանաչելի դարձնելն է»:
Հազարից ավելի աշակերտությամբ Երեւանի ամենահին դպրոցներից մեկըՙ Վ. Թեքեյանի անվ. վարժարանը, դրվատելի շատ կողմեր ունիՙ բավականին լավ հիմքերի վրա են դրված դասավանդման համակարգը հատկապես տարրական դասարաններում, սկզբունքային նշանակություն են տրվում արվեստին եւ սպորտին: Կրթարանում գործում է ատամնաբուժարան, աշխատում է բժիշկ, հոգեբան: Դպրոցի տնօրեն տկն Անահիտ Խալաթյանը շատ կարեւորում է ինչպես գեղագիտական կրթությունը, այնպես էլ ֆիզիկական դաստիարակության նշանակությունը:
Մ. Բ.