«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2001-12-12 | #229, 2001-12-13 | #230, 2001-12-14


1700-ԱՄՅԱԿԻ ԵՐԵԿՈ ՊՐԱՀԱՅՈՒՄ

Դեկտեմբերի 11-ի երեկոյան Պրահայի Կայսերշտեյնսկի պալատում տեղի ունեցավ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված տոնական համերգՙ հովանավորությամբ Ավստրիայում Հայաստանի դեսպանության եւ չեխահայ համայնքի: Ու թեեւ սպասվում էր, որ Վիեննայից կժամանի նաեւ Կենտրոնական Եվրոպայում հայ եկեղեցու առաջնորդ Մեսրոպ արք. Գրիգորյանը, սակայն անհայտ պատճառներով սրբազանն այդպես էլ չժամանեց, եւ երեկոն անցավ առանց հայ եկեղեցու ներկայացուցչի: Մինչդեռ երեկոյի հրավիրյալների շարքում էին չեխական եկեղեցու եւ կառավարության ներկայացուցիչներ, արվեստի ու գիտության երեւելի դեմքեր, չեխահայ մտավորականներ ու գործարարներ: Երեկոյի համերգային մասից առաջ 150-ից ավելի ներկաներին ողջունեց Ավստրիայում Հայաստանի դեսպան Ջիվան Թաբիբյանը, որը համատեղության կարգով դեսպան է նաեւ Չեխիայում: Նախ իր ուրախությունը հայտնելով Չեխիայում նման միջոցառում անցկացնելու կապակցությամբ, դեսպանը մի փոքր պատմական անդրադարձ կատարեց:

«Հայերն ու չեխերը հավատարիմ են իրենց լեզվին եւ ունեն նաեւ որոշակի զգացական կապ: Հարաբերաբար փոքր ժողովուրդների համար լեզուն ու կրոնն ազգային ինքնագիտակցության մասն են կազմում: Չեխիայում կազմակերպված այս հանդիսությունը ինչ-որ տեղ այդ իմաստն ունի: Մեր ազգային գիտակցությունը մեր պատմության վրա է հիմնված: Այդ է պատճառը, որ մեզ համար 1700-ամյակը մեծ իմաստ ունի, իսկ չեխ ժողովրդիՙ այս տարեդարձի գնահատականը մեզ համար առավել մեծ իմաստ է ստանում: Հաճախ չի պատահում, որ ժողովուրդը 1700-ամյակ է տոնում: Մեզ համար այդ թվականը նշանակում է, որ Հայաստանը, հակառակ իր աշխարհագրական դիրքին, իր հայացքը դարձրել է դեպի Արեւմուտք ու քրիստոնեական արժեքներ: Մեր աշխարհագրությունը մեզ դնում է Արեւելքում, եւ մեր կրոնն ու մեր արժեքները մեզ դնում են Արեւմուտքում»*:

Իր խոսքում դեսպան Թաբիբյանը շեշտեց, որ պատմության ընթացքում հայ ժողովուրդը հաճախ է կատաղի պայքար մղել իր հավատքի պահպանման համար: «Մեզ համար հավատքը միայն կրոն չէ: Քանզի հայ լինելը նախեւառաջ Հայ առաքելական եկեղեցուն պատկանել կնշանակի», ասաց նա: Իր ելույթի վերջում դեսպան Թաբիբյանը շնորհակալություն հայտնեց երեկոյի բոլոր կազմակերպիչներին եւ 1700-ամյակի հետ 10-ամյա անկախություն տոնող Հայաստանի բոլոր բարեկամ ժողովուրդներին: Երեկոն հայկական միջնադարյան շարականների հիասքանչ կատարմամբ բացեց չեխական «Մուզիկա պոետիկա» երգչախումբըՙ Էվժեն Կինդլերի գլխավորությամբ: Իսկ վերջին չորս տարիներին Չեխիայում բնակվող օպերային երգիչ Արմեն Կարապետյանը (բաս) ներկաներին հիացրեց «Պողիկտոս» եւ «Դավիթ Բեկ» օպերաներից երկու արիաների, Կոմիտասի «Հայաստան» եւ «Մայր Արաքսի ափերով» ժողովրդական երգերի կատարումներով: «Լեբլեբիջիից» Հոր-հոր աղայի քառյակների կատարումը բուռն ծափահարությունների պատասխանն էր: Երեկոյի համերգային մասը եզրափակեց Պրահայում ստեղծագործող ջութակահար Տիգրան Պետրոսյանըՙ հանդիսատեսին զարմացնելով նաեւ իր ստեղծագործություններից մեկի դաշնամուրային կատարումով:

Այնուհետեւ Կայսերշտեյնսկի պալատի մեկ այլ դահլիճում բացվեց Պրահայում ստեղծագործող 14 հայ նկարիչների ցուցահանդեսը, որին հետեւեց պաշտոնական հյուրասիրությունը:

Իբրեւ հետգրություն, չենք կարող չնշել, որ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի գրասենյակի աջակցության դեպքում (ինչը նախապես խոստացվել էր երգիչ Արմեն Կարապետյանին, իսկ հետո անհայտ պատճառներով չեղյալ համարվել) երեկոյին կարող էին մասնակից դառնալ նաեւ Հայաստանում ստեղծագործող մեր մի շարք երգիչներ ու խմբեր, ինչը, ցավոք, այդպես էլ չիրականացավ:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

(*) Հայաստանը ներկայացնող դիվանագետի համար նման մտքերը վտանգավոր են եւ աններելի: Խմբ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4