«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2001-12-12 | #229, 2001-12-13 | #230, 2001-12-14


ԼՈՂԱՆԱ՞Լ, ԹԵ՞ ՉԼՈՂԱՆԱԼ

Հարցրե՞լ եք արդյոք, թե ինչո՞ւ հայոց համազգային չլողանալու շարժմանը փոխարինելու չեկավ ամեն օր լողանալու շարժումը: Հիշո՞ւմ եք, ինչպես սկսվեց չլողանալու շարժումը: Մի «ազգային» պապիկ Թատերական հրապարակում մեկ ամիս, թե 40 օր, լավ չեմ հիշում, առանց լողանալու պառկեց վրանում եւ դարձավ չլողանալու շարժման հիմնադիրը: Չար լեզուներն էլ ասում էին, թե մորուքի մեջ ոջիլ է ընկել: Զրկվեցինք լույսից, ջրից ու լողանալն էլ դարձավ տոն, որ մեզ հետ չէր: Մեզ հետ էր միայն «կռուշկան», որից մեր բնակչությունը թե երբ կազատվի, դեռեւս հայտնի չէ:

Երեւանում հայ գործարարները շքեղ հյուրանոցներ են կառուցումՙ լողավազանով, սաունայով, պետք լինիՙ կքանդեն, տեղը նոր կազինո կկառուցեն: Իսկ բարեգործական բաղնիք կառուցելու գաղափարը ոչ մեկին չտանջեց: Մեկը չասաց. «Բարեգործական բաղնիքների համալիր կառուցենք բոլոր շրջաններում, որ մեր ժողովրդի վրայից «անուշահոտ» բուրմունք չարձակվի»:

Պատմում են, որ 70-ական թ. Վիետնամից ուսանողներ են եկել Երեւանՙ սովորելու: Հանրակացարանի պարետը նրանց ստիպողաբար շաբաթը երկու անգամ տարել է բաղնիք: Վիետնամցիներին շաբաթը երկու անգամ ենք լողացրել, մեր ժողովրդին գոնե շաբաթը մեկ անգամ լողացնենք: Հետո էլ ասում ենք մեր ժողովուրդը ջղային է: Փորձեք կենցաղի բոլոր հարմարավետ պայմանները ստեղծել ու կտեսնեք, թե ժողովուրդը ինչպես է փոխվում, եվրոպացու պես ժպտում ու հմայում: Քաղաքում գոնե մի ավտոմատ լվացքատուն կբացվի՞ մի օր, որ մեր կանանց ձեռքերը սառը ջրից չփայտանան ու չսառչեն: Թե՞ դարձել ենք անտարբեր ինքներս մեր նկատմամբ ու որոշել ենք անվերջ մնալ հոգսաշատ: Մեր կենցաղի ու հիգիենայի պայմանները բարձր մակարդակի հասցնելը, թվում է, կարեւոր չենք համարում: Քաղաքակիրթ երկիր դառնալու երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց մեր որակն ու տեսակը հանկարծ չկորցնենք, գլխավորը թողածՙ երկրորդականի հետեւից չվազենք, գիտություն ու տեխնիկա զարգացնելու փոխարենՙ արեւելյան երգեր երգելով ու լոտո խաղալով չտարվենք:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4