«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2001-12-13 | #230, 2001-12-14 | #231, 2001-12-15


ԴՈՆԱԼԴ ՌԱՄՍՖԵԼԴՆ ԱՅՍՕՐ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՒԱՆ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Այսօր ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավար Դոնալդ Ռամսֆելդի գլխավորած պատվիրակությունը Բաքվից ժամանում է Երեւան: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ավարտին պրն Ռամսֆելդը նախագահի նստավայրում լրագրողների համար կտա մամուլի ասուլիս:

ԱՄՆ պաշտպանության քարտուղարը Հայաստանի իշխանությունների հետ կքննարկի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի եւ այս համատեքստում Հայաստանի աջակցության հնարավորություններին առնչվող հարցեր, 2002 թ. Հայաստանին տրամադրվելիք ԱՄՆ ռազմական օգնության եւ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ընդլայնման ու ծրագրերի մշակմանն առնչվող խնդիրներ: Սա ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին այցն է մեր երկիր: Նշենք, որ 2000 թ. ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախկին քարտուղար Ուիլյամ Քոհենին:

Դոնալդ Ռամսֆելդի այցը տարածաշրջանային էՙ Ադրբեջանից Հայաստան, ապաՙ Վրաստան, որտեղից պաշտպանության քարտուղարը կուղեւորվի Ուզբեկստան: Վերոնշյալ չորս պետություններն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշիՙ «Կամ մեզ հետ եք, կամՙ ահաբեկիչների» հայտնի հրամայական տոնով ասված հայտարարություն-կոչին պատասխանել են. «Մենք ձեզ հետ ենք»:

Ուզբեկստանն արել է ավելին: Աֆղանստանում հակաահաբեկչական գործողություններ սկսելուց հետո Տաշքենդը Աֆղանստանի սահմանին մոտ գտնվող Խանաբադ ռազմակայանը տրամադրեց ամերիկյան կողմին, ուր մինչեւ օրս գտնվում են 200 ամերիկացի զինվորներ:

Իր ռազմաբազաներն ԱՄՆ-ին տրամադրելու առաջարկություն է արել նաեւ Բաքուն, ընդ որումՙ Դոնալդ Ռամսֆելդի Ադրբեջան այցելության նախօրեին: Պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը նաեւ հայտարարել է, որ Բաքուն չի բացառում ղարաբաղյան հակամարտությունն ուժային եղանակով լուծելու տարբերակը: «Այսօր, քան երբեք, Ադրբեջանին անհրաժեշտ է ուժեղ բանակ եւ դրան հասնելու համար ջանք չենք խնայում: Անհրաժեշտ է, որ թշնամին իմանաՙ եթե ադրբեջանական հողերից դուրս չգա, Բաքուն ուժ կգործադրի»: Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը կարծիք է հայտնել, որ մինչեւ տարեվերջ Բուշը կստորագրի փաստաթուղթ 907 ուղղումը վերացնելու մասին: Պրն Ռամսֆելդը երեկ Բաքվում պետք է հանդիպեր Ս. Աբիեւի, Մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովի եւ երկրի ղեկավար Հեյդար Ալիեւի հետ: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, պրն Ռամսֆելդը Բաքվի իշխանությունների հետ բանակցություններում կքննարկի ահաբեկչության դեմ համատեղ պայքարի, ԱՄՆ-Ադրբեջան ռազմական համագործակցության, ԱՄՆ-ի կողմից հակաահաբեկչական պատերազմում Ադրբեջանի ռազմակայանների օգտագործման հարցերը:

Թբիլիսիում նախատեսված են Ռամսֆելդի հանդիպումները պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեի, խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի եւ Վրաստանի առաջնորդ Էդուարդ Շեւարդնաձեի հետ: Վրացական աղբյուրները նշում են, որ ԱՄՆ պաշտպանության քարտուղարը, Տաշքենդից վերադարձի ճանապարհին, հավանաբար երկրորդ անգամ կայցելի Թբիլիսի:

Ավելացնենք, որ Ռամսֆելդի նախատեսված այցելությունը Վրաստան անհանգստությամբ է ընդունվել Սուխումում: Ինքնահռչակ Աբխազիայի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գիվի Ագրբան ասել է, որ այս տարի ԱՄՆ-ը Վրաստանին է վաճառել վեց ռազմական ուղղաթիռ եւ նպատակ ունի առավել զինել վրացական բանակը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4