ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը չի վախենում... պատմության դատաստանից
Օրերս լույս տեսավ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի հոդվածների, ելույթների, հարցազրույցների «Հան-գրվան» ժողովածուն, որում ընդ-գրկված նյութերը վերաբերում են հայրենիքում ռամկավարների գործունեության վերսկսման 1-ին տասնամյակի գերակշիռ մասինՙ 1991-96 եւ 1999-2001 թթ., այսինքնՙ այն ժամանակահատվածներին, որոնց ընթացքում ՀՌԱԿ-ը գլխավորել է հեղինակը: Իսկ դա նշանակում էՙ բարոյական (ու կազմակերպչական) իրավունք է ունեցել հանրությանը ներկայացնելու ոչ միայն անձնական, այլեւ կուսակցական տեսակետներ հետխորհրդային, անկախական շրջանի ամենաբազմազան ու ամենահրատապ խնդիրների, պետականության կայացման դժվարին գործընթացի մասին: Ահա ինչու այս գիրքը նախ եւ առաջ ռամկավարների 10-ամյա գործունեության հիմնական ուղենիշների հանրագումարն է, եւ միաժամանակՙ հեղինակի, իբրեւ հայաստանյան իրականության առավել հայտնի ու ակտիվ դեմքերից մեկի, քաղաքական եռանդուն աշխատանքի «հանգրվանը»:
Կարծում եմ, այսպիսի գրքով հանրությանը ներկայանալն ամենից առաջՙ քաղաքական խիզախության դրսեւորում է: Որքան հիշում եմ, սա մեզանում առաջին դեպքն է, երբ գործող քաղաքական կուսակցության լիդերը հավաք կերպով ընթերցողի սեղանին է դնում երկար տարիների ընթացքում ամենաբազմազան լրատվամիջոցներին իր տված հարցազրույցները, իր գրած հոդվածները, ամենատարբեր ամբիոններից իր ունեցած ելույթների տեքստերը, իրեն ենթարկելով ընթերցողի կողմից դրանք հեշտությամբ համադրելու, այդ համադրության միջոցով հնարավոր (եւ շատ հաճախՙ միանգամայն բնական) հակասություններ գտնելու, իսկ չարակամ մոտեցման դեպքումՙ այդ ենթադրյալ հակասությունները մատի փաթաթան եւ հեղինակինՙ հավելյալ հարձակումների թիրախ դարձնելու (գոնե մեր իրականության համար «բնական») վտանգին: Ով-ով, թե՚ ՀՌԱԿ-ը, որպես կուսակցություն, թե՚ նրա ատենապետը, որպես քաղաքական գործիչ, մեզանում քիչ չեն դարձել այդպիսի, մեղմ ասած, անբարյացակամ հարձակումների, առավելաբարՙ անարդար, խեղաթյուրված մեկնաբանությունների թիրախ: Եվ եթե այդքանից հետո, եւ նույնիսկ ի հեճուկս այդ ամենիՙ Ռուբեն Միրզախանյանը խիզախել է գնալ նման աննախադեպ քայլի, ապա սրա թափանցիկ ենթատեքստն այն է, որ ՀՌԱԿ-ն ու նրա ղեկավարը. չեն վախենում պատմության դատաստանից: Ա՚յս ենք, այսպե՚ս ենք գործել, ա՚յս ենք ասել ու արել վերջին տասնամյակում, եւ դրանից ամաչելու ոչինչ չունենք, հիշյալ գրքով լռելյայն ընդգծում է հեղինակը:
Ըստ իս, նման չձեւակերպված ազդարարության, ինչպես նաեւ ՀՌԱԿ-ի 10-ամյակի կապակցությամբ այսպիսի մի յուրօրինակ հաշվետվության համար առավել քան բավարար հիմքեր կան: Ես, որ բավական լավ եմ ծանոթ հայաստանյան քաղաքական ուժերի, այդ թվում եւ ՀՌԱԿ-ի գործունեության վերջին տարիների պատմությանը, կոնկրետՙ Ռուբեն Միրզախանյանի աշխատանքի հանգրվաններին, ինքս էլ առիթներ եմ ունեցել հարցազրույցներ վարելու հեղինակի հետՙ մեր իրականության ամենասուր եւ ամենանրբին խնդիրների շուրջ (խնդրո առարկա ժողովածուի մեջ դրանք նույնպես ներառված են), չթուլացող ուշադրությամբ կրկին վերընթերցեցի այդ հսկայական նյութը եւ անկեղծորեն պիտի արձանագրեմ, որ. նույնիսկ հետին թվով դատապարտության արժանի բան չգտա: ՀՌԱԿ-ի ղեկավարն այս գրքով հանրությանն է ներկայանում դրական լույսի տակՙ միշտ իր սկզբունքներին հավատարիմ, իր նախորդ կարծիքներից հեշտությամբ չհրաժարվող, քաղաքական պատեհապաշտությանը տուրք չտվող մարդու կերպարով: Կարելի է, իհարկե, չհամաձայնել Ռուբեն Միրզախանյանի այս կամ այն մտքին, տեսակետին, կարելի է բանավիճել որոշակի խնդիրների շուրջ, բայց չնկատել, որ նա տարեցտարի, հանգրվան առ հանգրվան հավատարիմ է մնացել ինքն իրեն, իր դավանանքինՙ անհնար է: Սա վերաբերում է նաեւ մեզանում ամենից ավելի չարչրկված եւ երիցս շահարկվածՙ ՀՌԱԿ-իշխանություններ հարաբերությունների ոլորտին, որովհետեւ չգիտես ինչո՞ւ եւ ո՞ւմ ջանքերով հրապարակ է նետվել մի կարծրատիպ, թե ռամկավարները, հասկանալի էՙ նաեւ նրանց ղեկավարը, «հարմարվողներ» են, միշտ նախագահի «կողքին» են, ով էլ լինի եւ ինչ էլ անի: Միրզախանյանի «Հանգրվան» գիրքը գալիս է մեկընդմիշտ ջարդելու այդ կարծրատիպը, հերքելու այդ մեղադրանքը: Կարդացեք Ռուբեն Միրզախանյանի բազմաթիվ հարցազրույցները սեփականաշնորհման, սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության, քաղաքացիական հասարակության կառուցման ձեւախեղումների, ընտրությունների ընթացքի եւ արդյունքների կեղծումների ու բազմաթիվ այլ ցավոտ երեւույթների մասին, որոնք ասվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, երբ ՀՌԱԿ-ը քաղաքական որոշում էր կայացրել սատարելու նրան նախագահական ընտրություններում եւ երբ իր պատգամավորներն ուներ երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում, եւ կհամոզվեք, որ հեղինակի այդՙ հաճախ շատ սուր գնահատականները երբեք ու երբեք չէին կարող դուր գալ ՀՀՇ-ական վարչախմբին, էլ ո՞ւր մնաց, թե վկայեին այդ վարչախմբի հետ «համագործակցության» մասին: Ուրեմն, ինչո՞ւ է այդքան կենսունակ ՀՀՇ-ի հետ ՀՌԱԿ-ի «համագործակցության» այդ կարծրատիպը հասարակական գիտակցության մեջ, երբ դեռ 1992-ի հունիսի 30-ին «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում Ռուբեն Միրզախանյանն ասել է. «Դժվար է համագործակցել մի քաղաքական ուժի հետ, որը չունի հստակ գաղափարախոսություն, ինչը հնարավորություն կտար միջկուսակցական համագործակցության համար շփման կետեր գտնել: Չէ՞ որ ՀՀՇ-ն կյանքի կոչվեց Ղարաբաղով, սակայն դրա հիմքում ընկած գաղափարը նրա իսկ կողմից ձեւախեղվեց: Ի դեպ, ՀՀՇ-ն ինքը չի տեսնում որեւէ մեկի հետ համագործակցելու անհրաժեշտությունը, քանզի դա ենթադրում է իշխանության բաժանում, որն ամենեւին ՀՀՇ-ի ճաշակով չէ: Բայց կա նաեւ այլ, խիստ էական մի հանգամանքՙ կուսակցության սերտ համագործակցությունը ՀՀՇ-ի, որպես կառավարող շարժման հետ, կնշանակի պատասխանատվության բաժանում այն ամենի համար, ինչ կատարվում է հանրապետությունում...»: Ասված է հստակ ու որոշակիՙ մենք չենք ուզում ՀՀՇ-ի արարքների պատասխանատվությունն ստանձնել: Այլ առիթով, 1992 թ. նոյեմբերի 10-ին, Տեր-Պետրոսյանի հենարանը դառնալու հարցին, երբ արդեն իսկ ՀՌԱԿ-ը հայտարարել էր վերջինիս նախագահական ընտրություններում պաշտպանելու մասին, Միրզախանյանը պատասխանել է. «Պրն Տեր-Պետրոսյանն իր կադրային քաղաքականության մեջ հանդես է բերում «հավատարմության» եւ «ընկերության» փայլուն օրինակներ, նախկին համակարգից ժառանգելով «հավատարիմ» տղաներին պաշտոնից պաշտոն տեղափոխելու աղետալի քաղաքականությունը»: Եթե սա կծու ծաղր չէ, հապա ի՞նչ է: 1994-ի փետրվարի 16-ին «Ազգին» տված հարցազրույցում կարդում ենք. «Ասեմ, որ նախագահի հետ որոշակի հարաբերությունների մեջ ենք ի սկզբանե: Ընդ որում, ծայրահեղական ընդդիմությունը, ինչպես նաեւ նախագահի ոչ հեռու անցյալի ամենամոտիկ մարդիկ, որոնք դարձել են ամենամեծ թշնամիները, այդ հարաբերությունները չեն ընկալում: Նրանք կարծում են, եթե ընդդիմադիր կուսակցություն է, ապա պետք է միայն հայհոյի եւ ամեն ինչում հակադրվի...»: Ինչ որ ճիշտ էՙ ճիշտ է, ՀՌԱԿ-ն ամեն ինչում չէ, որ հակադրվել է, իսկ հայհոյելՙ երբեք: Քննադատել է, ծրագրեր է առաջարկել, իրեն պահել է իբրեւ հավասարակշռված, ամեն առիթով փողոց վազելուց, ճղճղան ելույթներից խուսափող ուժ, քանզի համոզված է, որ «փողոցային մեթոդները ձեւավորում են փողոցային քաղաքական գործիչների»: Ա՚յս է, որ դժվար է «մարսվում» հասարակական լսարանի կողմից, բայց դա արդեն, ինչպես ասում են, ՀՌԱԿ-ի եւ Ռուբեն Միրզախանյանի մեղքը չէ: Նրանք հանգիստ խղճով եւ շիտակ հայացքով են ներկայանում պատմության դատաստանին, իսկ վճիռը... գալիք ժամանակներն են տալու:
ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ