«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության երեկվա նիստը նույնիսկ մեկ ժամ չտեւեց, քանի որ ամբաստանյալ Կարեն Հունանյանը շարունակում էր համառորեն չպատասխանել փաստաբանների հարցերին: Նախորդ դատական նիստի ընթացքում տեղի ունեցած տհաճ միջադեպերն ու փոխադարձ վիրավորանքներով լեցուն երկխոսություններն ամբաստանյալի ու փաստաբանների միջեւ (դրանք սպրդեցին նաեւ լրատվամիջոցներ) պատճառ դարձան, որ դատավոր Ս. Ուզունյանը երեկ սթափության կոչով դիմի դատավարության մասնակիցներին: Այսօրինակ միջադեպերը պատիվ չեն բերում դատավարության մասնակիցներին, վկայում են դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին, հասարակության ուշադրության ու անբարենպաստ կարծիքի առարկան են դառնում, ինչն անթույլատրելի է: Նման բովանդակությամբ այդ հայտարարությունը երեւի սթափեցրեց բոլորինՙ բացի Կ. Հունանյանից: Նա, փաստորեն, ձախողեց տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ փաստաբանների աշխատանքը: Երեկ ամբաստանյալը չպատասխանեց նաեւ Օ. Յունոշեւի եւ Մ. Ջանոյանի հարցերին: Դատավարությունը թեւակոխեց մեկ փուլ եւս, եթե, իհարկե, վերոհիշյալ անցուդարձը կարելի է այսպես անվանել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին:
Ա. Բ.