Ամերիկայի հայկական համագումարի ՀԿ կենտրոնի կազմակերպած սեմինարի մի խումբ մասնակիցներով շաբաթ օրվա ընդմիջմանը դուրս եկանք զբոսանքիՙ գոնե մեկ ժամ վայելելու ծաղկաձորյան ձմռան հմայքը: Ուղղվեցինք դեպի ճոպանուղի, չիմանալով, թե ինչ ծանր փորձություն է մեզ սպասում: Ճոպանուղուց օգտվողները շատ էին, ուստի մենք էլ համարձակորեն որոշեցինք բարձրանալ: Մանրիկ ձյուն էր մաղում եւ անչափ հաճելի էր մաքուր օդում դանդաղորեն վեր բարձրանալը: Սակայն սարի գագաթին ձյունախառն ուժգին քամի էր, եւ ցրտից սրթսրթալով հերթ կանգնեցինքՙ վերադառնալու: Մեզանից առաջ իջնելու պատիվը տվեցինք երեւանցի դպրոցականներինՙ այդ ընթացքում ականատես լինելով հնդիկ ուսանողների «ընկերական բռնցքամարտին»: Հանկարծ ճոպանուղին կանգ առավ: Անհանգստացած սպասում էինք, որ մի քանի րոպեից վթարը կկարգավորվի, որովհետեւ գծի վրա երեխաներ էին, կանայք եւ այն էլ սարսափելի ցրտի մեջ: Բայց աշխատողներիՙ վթարային վիճակին անպատրաստ լինելն ու ցինիկ կատակները մեզ հունից հանեցին, եւ պահանջեցինք անմիջապես հեռախոսով մեզ կապել տնօրենի հետ: Սակայն քարուքանդ եղած սենյակի միակ ջարդված հեռախոսով պարզվեց, որ տնօրենը գլխավոր կայանում չէ: Այդպես անցավ մոտ 30 րոպե: Եվ մեր բողոքների տարափի տակ միայն ճոպանուղու վրա գտնվողներին, որոնց աղաղակները տարածվում էին օդում, պարաններով ցած իջեցրին:
Բարեբախտաբար մեզ հետ էին ՀԿ կենտրոնի երկու աշխատակիցներ, որոնք բջջային հեռախոսով հայտնեցին սեմինարի կազմակերպիչներին մեր վայրէջքի անորոշ ժամկետով հետաձգման եւ «նախանձելի» վիճակի մասին: Առաջնորդվելով սառը դատողությամբ, նախընտրեցինք սարից ոտքով իջնել, քանի որ արդեն վախեցել էինք մերթընդմերթ հոսանքազրկվող ճոպանուղուց: Շարունակ վայր ընկնելով ու մեր հագուստը սահնակ դարձնելով ներքեւ գլորվեցինքՙ սպիտակ արջերի կերպարանքով: Վերջապես հասանք գլխավոր կայանի մոտ: Ցրտի մեջ աշխատողների սիրտը երեւի ցրտից սառչում է: Այդպես էլ չիմացանք, թե ո՞վ է ճոպանուղու տնօրենը, տեղյա՞կ էր արդյոք այդ օրվա վթարից, եւ որ աշխատողները 400 դրամի դիմաց մարդկային կյանքի հետ են խաղումՙ առանց պատասխանատվության եւ պատվի զգացումի: Այս հարցերը մնացին Ծաղկաձորի օդում կախված:
Ռ. Պ.