«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2001-12-14 | #231, 2001-12-15 | #232, 2001-12-18


ԱՆՑՈՒՄ ԻՆՔՆԱՀՈՍ ՈՌՈԳՄԱՆ

Ենթադրում է Համաշխարհային բանկի վարկային ծրագիրը

Ոռոգման ջրի խնդիրը Հայաստանի գյուղատնտեսության եթե ոչ ամենակարեւոր, ապա գոնե կարեւորներից մեկն է: Գլխավոր խնդիրն այստեղ մեխանիկական ոռոգումը ինքնահոսով փոխարինելու անհրաժեշտությունն է: Հակառակ դեպքում ջրի ինքնարժեքը, հետեւաբար եւ սակագինը էապես կբարձրանանՙ դրանից բխող բոլոր հետեւանքներով: «Ոռոգման համակարգերի զարգացման ծրագիրը», որը վերջերս հաստատվեց Ազգային ժողովում, կոչված է 2002-2007 թթ. լուծելու համակարգի վերոնշյալ եւ մյուս խնդիրները:

Նկատի ունենալով ծրագրի կարեւորությունը մեր գյուղատնտեսության համար, մանրամասներին ծանոթանալու նպատակով դիմեցինք ոռոգման համակարգերի զարգացման եւ ջրամբարների պատվարների անվտանգության ապահովման ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանին:

Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի իրականացումը կսկսվի 2002 թ.-ին: Առաջին փուլը տեւելու է մինչեւ 2004 թ.-ըՙ 30,8 մլն դոլար արժողությամբ: Երկրորդ փուլըՙ մինչեւ 2007 թ.-ը: Ծրագրի ընդհանուր արժեքն է 66 մլն դոլար: Վարկը տրամադրել է Համաշխարհային բանկը 40 տարովՙ արտոնյալ պայմաններով: Նախատեսված է նաեւ ՀՀ կառավարության 15 տոկոս համաֆինանսավորումը: Առաջին փուլի արդյունքում մեխանիկական ոռոգումը ինքնահոսով փոխարինելուց հետո կտնտեսվի 50 մլն կվտ.ժ, իսկ երկրորդ փուլի ավարտից հետոՙ եւս 80 մլն կվտ.ժ էլեկտրաէներգիա: Նշենք, որ ջրային տնտեսությունը տարեկան օգտագործում է 300 մլն կվտ.ժ էլեկտրաէներգիա: Ըստ ԾԻԳ-ի տնօրենի, ամենապարզ հաշվարկով, այս միջոցառումներից հետո ջրի ինքնարժեքի մեջ էլեկտրաէներգիայի ծախսը կնվազի 25 տոկոսով:

Ծրագրով նախատեսվում է նաեւ ջուր օգտագործողների ընկերակցությունների ստեղծում: Դրանք պետք է ստեղծվեն 5 հազար հա միջին մակերես ունեցող տարածքներում, քանզի փոքր տարածքների վրա (2 հազ. հա-ից պակաս) այդ ընկերակցություններն ի վիճակի չեն անհրաժեշտ շահույթ ապահովել եւ արդարացնել իրենց գոյությունը: Այդ պատճառով Հայաստանը բաժանվել է 64 մասերի, որտեղ կստեղծվեն ընկերակցությունները: Սահուն գործընթաց ապահովելու համար անհրաժեշտ կլինի նաեւ կարգավորել օրենսդրական խնդիրները, որի աշխատանքները, ըստ Ադիբեկ Ղազարյանի, տարվում են: Համաշխարհային բանկը հավելյալ 3 մլն դոլար կտրամադրի ասոցիացիաների կայացմանն աջակցելու համար, բայց օրենսդրական դաշտի լիակատար առկայության պայմաններում:

Ներտնտեսային ցանցի ոռոգման ծրագրով նախատեսված է նաեւ համայնքների մասնակցությունը: Անհրաժեշտ գումար, շինանյութեր եւ մասնագետներ կտրամադրի ՀԲ-ն, իսկ զուտ ֆիզիկական աշխատանքը կկատարեն գյուղացիները: Դա կհամարվի որպես նրանց կողմից արված ներդրում: Այս ձեռնարկի նպատակն այն է, որ սեփական ձեռքերով կառուցվածը գյուղացին չքանդի, ինչպես հաճախ տեղի է ունենում այսօր:

Սրանք թերեւս ծրագրի կարեւոր բաղկացուցիչներն են: Սակայն ամբողջ ծրագիրն ավելի ընդգրկուն է եւ բազմաշերտ: Ներկայումս անիմաստ է խոսել դրա բոլոր մանրամասների մասին, քանզի այդ ամենը դեռեւս կատարման ենթակա միջոցառումներ են: Իսկ կիրականանա՞ն դրանք, թե՞ կարժանանան շատ ուրիշ, մեղմ ասած, անարդյունք ավարտված վարկային ծրագրերի ճակատագրին, ցույց կտա ժամանակը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4