«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2001-12-15 | #232, 2001-12-18 | #233, 2001-12-19


ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԵՐՔՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ԼՈՒՐԸ

Երեկ Թբիլիսիից ժամանած Իսրայելի դեսպանատան քարտուղար Հարի Քլեյմանը ճեպազրույց անցկացրեց մայրաքաղաքի «Երեւան» հյուրանոցում: Նա պաշտոնապես հերքեց վերջերս տարածված այն լուրը, որ Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Բաքվին «Մերկավա» տիպի 100 տանկերի եւ 30 մարտական ինքնաթիռների մատակարարման մասին:

Նա ընդգծեց, որ նման ստահոդ լուրեր տարածողները հետապնդում են մեկ նպատակՙ վնասել հայ-իսրայելական հարաբերությունների զարգացմանը: «Այդպիսի ռազմական գործարք չի կնքվել եւ ոչ էլ նախատեսվում է», հայտնեց Քլեյմանը: Հայաստանում Իսրայելի դեսպանատուն բացելու վերաբերյալ նա նշեց, որ դա կախված է Հայաստանից, եթե վաղը հայկական դեսպանատուն բացվի Իսրայելում, հաջորդ օրը հրեական դեսպանատուն կբացվի Երեւանում:

Անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան խնդրին, նա, իհարկե, խոսեց Պաղեստինի ահաբեկչական գործողությունների մասին, որոնց հետեւանքով Իսրայելը կորցրել է խաղաղ բանակցությունների ճանապարհով իրադրության կարգավորման բոլոր հույսերը:

Քլեյմանի կարծիքով, Հայոց ցեղասպանության հարցը վերաբերում է գլխավորապես պատմաբաններին, եւ այդ հարցի քաղաքականացումը վնասում է հայ-թուրքական հարաբերություններին: Իսկ ղարաբաղյան խնդրի լուծումը նա տեսնում է միայն բանակցությունների եւ փոխզիջումների ճանապարհով: Հայ-իսրայելական հարաբերությունների վերաբերյալ նա նշեց, որ առաջիկայում կսկսվի համագործակցություն հասարակական կազմակերպությունների, մշակութային հաստատությունների եւ գիտական օջախների միջեւ:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4