«Մուլտի ԲիՋիԱյ» գրուպը երեկ ընդունելություն էր կազմակերպել «Երեւան» հյուրանոցում, ուր ներկայացրեց իր նոր արտադրանքըՙ սեղանի բնական ջուր «Վալուազը»: Այս ջուրը, ինչպես տեղեկացրին ընկերության ներկայացուցիչները, բխում է Կաթնաղբյուրից, որը հայտնի է իր անարատությամբ ու ինքնատիպ համով: «Վալուազն» արտադրվում է Աբովյանի գործարանում, իսկ արտոնագիրը ֆրանսիական «Կաստել» ֆիրմայինն է. արտադրվում է կարբոնացված ու ոչ կարբոնացված տարբերակներով: Իրենց արտադրանքը գովազդելովՙ ընկերության ներկայացուցիչները տեղեկացրին, որ «Վալուազն» արդեն իսկ դասվում է միջազգային ճանաչում վայելող ֆրանսիական ամենահեղինակավոր ջրերի շարքում, իսկ իր բաղադրության մեջ պարունակվող նատրիումի, բիկարբոնատների ու ֆտորիդների շնորհիվ օգտակար է մարսողությանը, նպատակահարմար է մանկական սննդի պատրաստման համար: Սրան հավելենք նաեւ մեր ստացած մյուս տեղեկությունները, համաձայն որոնցՙ այս բնական ջուրը բակտերիոլոգիապես մաքուր է եւ քիմիական խառնուրդներից զերծ: Վերոհիշյալ տեղեկությունների հավաստիության գնահատումը թողնելով մասնագետներինՙ մեր անունից փաստենք միայն այն, ինչում անձամբ համոզվեցինք. «Վալուազն» իրոք նուրբ եւ ինքնատիպ համ ունի: Հուսանք, իր արժանի տեղը կգտնի հայկական մյուսՙ արդեն իսկ սիրված ու ճանաչված սեղանի ջրերի շարքում:
Ա. Բ.