Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի «Ժողովրդավարության եւ խաղաղության կենտրոնը» երեկ կլոր սեղան էր կազմակերպել «Հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների համագործակցություն. աջակցություն ժողովրդավարությանը» թեմայի շուրջ: Կլոր սեղանի նպատակն էր գնահատել Հայաստանում երրորդ սեկտորի եւ չորրորդ իշխանության կայացման իրավիճակըՙ բացահայտելով նրանց համագործակցությանը խոչընդոտող հանգամանքները: Կլոր սեղանը վարում էր Հայաստանի լրագրողների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, որը նշեց հայ հասարակական կյանքում կանանց դերի բարձրացման անհրաժեշտությունըՙ ընդգծելով նրանց ինտելեկտուալ մեծ ուժն ու կարողությունը եւ կարեւորելով կառավարական համակարգում նրանց ընդգրկվածությունը: Աշխույժ երկխոսություն ծավալվեց հատկապես ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների համագործակցության շուրջ: ՀԿ-ներից պահանջվեց հետեւողականորեն ներկայացնել այն խնդիրները, որոնք այսօր հուզում եւ մտահոգում են մեր հասարակությանը, իսկ ԶԼՄ-ներիցՙ մանրակրկիտ լուսաբանել եւ նպաստել դրանց լուծմանը: Մասնակիցներից մի քանիսը կարծիք հայտնեցին, որ ԶԼՄ-ներն ավելի շատ հակված են դեպի սենսացիոն լուրերըՙ բաց թողնելով հասարակական կյանքի ոլորտը, իսկ շոշափելիս էլ քննադատելու կամ խնդրի էությունը չներկայացնելու միտում է նկատվում: ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների դերն արդի հասարակական կյանքում գնահատվեց դեռեւս չկայացած: Քննարկվեց նաեւ ՀԿ-ների դրամաշնորհների հարցը, որի վերաբերյալ հնչեցին իրարամերժ կարծիքներ:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ