Հայտարարեց «Մեթալ փրինս» ընկերության նախագահը
Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը (ԼՀԿ) պետության հետ համատեղ շահագործելու բանակցությունները «Մեթալ փրինս» ընկերությունը սկսել է դեռեւս 1999 թ. սեպտեմբերից: Սակայն, ինչպես երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ընկերության նախագահ Սերոբ Տեր-Պողոսյանը, հոկտեմբերի 27-ի իրադարձությունները հետաձգեցին կոմբինատի վերագործարկումը: Այն իրականություն դարձավ միայն այս տարի: Մինչ այդ 940 հազ. դոլար ներդրվեց, վերանորոգվեցին հանքավայրը եւ հարստացուցիչ ֆաբրիկան, որոնք «թալանված եւ թաղված վիճակում էին»: Այժմ արդեն արդյունահանվել եւ մշակվել է 400-450 տոննա պղնձի 25-30 տոկոսանոց խտանյութ, որը մշակման համար առաքվել է «Մանես եւ Վալեքս»: Ըստ «Մեթալ փրինսի» նախագահի, Ախթալայի ԼՀԿ-ի արտադրանքը լավ որակական ցուցանիշների է հասել, սակայն քանակական առումով դեռեւս նախատեսվածը չի ապահովվում: Պատասխանելով մեր հարցին, թե դադարեցրե՞լ է աշխատանքը կոմբինատը, Սերոբ Տեր-Պողոսյանը պատասխանեց, որ 1 շաբաթ դադարեցվել էր էլեկտրաէներգիայի պարտքի պատճառով: Բացի այդ, հանքավայրից արդյունահանված հանքաքարը չի բավարարում ֆաբրիկային, ինչի պատճառով վերջինս աշխատում է 2-3 շաբաթ եւ սպասում խմբաքանակի: Լիարժեք աշխատանքի համար անհրաժեշտ են նոր ներդրումներ:
Սերոբ Տեր-Պողոսյանը հայտնեց, որ ընկերությունը փաստորեն ձեռնամուխ է լինելու ներդրումային ծրագրի երկրորդ փուլին: Այն բաղկացած է երկու մասից: Առաջինըՙ 2 մլն 700 հազար դոլար արժողությամբ, որից 1 մլն 200 հազարն ուղղվելու է Շամլուղի հանքի շահագործմանըՙ տարեկան 300 հազար տոննա հանքաքար արդյունահանելու նպատակով: Մնացած գումարով Ախթալայի ֆաբրիկայում բացվելու է երկրորդ հոսքագիծըՙ խտանյութ ստանալու գործընթացն անընդհատ դարձնելու համար: Այս ծրագրով լեռնահարստացուցիչ կոմբինատում եւ նրա սպասարկող կառույցներում շուրջ 500 աշխատակիցների թվին կավելանա եւս 300-ը: Ի դեպ, նրանց վարձատրությունը կարելի է բարձր համարել Հայաստանի համար: Հանքերում աշխատողներինըՙ 140-150 հազար դրամ, ֆաբրիկայումՙ 70-80 հազար դրամ: Բացի պղնձի հանքավայրերից, «Մեթալ փրինսը» ծրագրում է շահագործել նաեւ Ախթալայի, Արմանիսի եւ Պրիվոլնոյեի բազմամետաղային հանքերը: Դրան է ուղղվելու 10 մլն դոլարի մնացած 7 մլն 300 հազար դոլարը: Այս հանքավայրերից ակնկալվում է ստանալ կապար, ոսկի եւ արծաթ, որոնք պետք է մշակվեն Ստեփանավանում կառուցվելիք նոր լեռնահարստացուցիչ ֆաբրիկայում: Այս ծրագրերը նախատեսվում են կյանքի կոչել առաջիկա 4 տարում: Սակայն մինչ ներդրումային ծրագրի երկրորդ փուլին անցնելը, «Մեթալ փրինսն» առաջարկել է սեփականաշնորհել Ախթալայի ԼՀԿ-ն: Ըստ ընկերության նախագահի, այժմ աշխատանքներ են տարվում: Մինչ դեկտեմբերի 25-ը կավարտվի բիզնես-պլանի կազմումը, որը կներկայացվի կառավարությանը: Դրանից հետո, ամենայն հավանականությամբ հունվարի կեսերին կկնքվի սեփականաշնորհման պայմանագիրը:
Ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ պղնձի գների անկումը միջազգային շուկայում Ախթալայի ԼՀԿ-ի վրա եւ «Մեթալ փրինսը» ծրագրո՞ւմ է պղնձաձուլարանի կառուցումը, ինչի մասին նախկինում ասվել էր: «Ազգի» այս հարցերից առաջինին Սերոբ Տեր-Պողոսյանը պատասխանեց, որ պղնձի գներն իրենց ազդեցությունն ունեցան, քանի որ երբ կոմբինատը սկսեց աշխատել, այդ գինը կազմում էր 1800-2000 դոլար 1 տոննայի դիմաց, իսկ այժմՙ 1400-1500 դոլար: Ինչ վերաբերում է պղնձաձուլարանին, ապա ընկերությունն ունի 3-րդ փուլի ծրագիր, որը պետք է սկսվի 2-րդ փուլի ավարտից հետո, նախատեսվում են 100 մլն դոլարի ներդրում եւ 5-6 հազար նոր աշխատատեղեր: Եթե «Մանես եւ Վալեքսը» կառուցի պղնձաձուլարան, ապա «Մեթալ փրինսը» կհիմնի պղնձե տարբեր ապրանքների (լարեր, սարքավորումներ եւ այլն) արտադրության ձեռնարկություն:
Պատասխանելով լրագրողների հարցերից մեկին, որն առնչվում էր հոկտեմբերի 27-ի գործում Սերոբ Տեր-Պողոսյանի անվան շոշափմանը, վերջինս պատասխանեց, որ ինքը ծանոթ է եղել Նաիրի եւ Կարեն Հունանյաններին ՀՄԸՄ-ից, նրանց որոշ չափով օգնել է տարիներ առաջ: «Իսկ թե ի՞նչ պատիժ ինքը կտար նրանց» հարցին Սերոբ Տեր-Պողոսյանը պատասխանեց, որ ինքը իրավաբան կամ փաստաբան չէ, սակայն կարծում է, որ նրանց նկատմամբ պետք է կիրառել Հայաստանի օրենքներով սահմանված առավելագույն պատիժը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ