«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2001-12-20 | #235, 2001-12-21 | #236, 2001-12-22


ՏՐԱՍԵԿԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ԿԱՆՑՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դեկտեմբերի 11-12-ը Թբիլիսիում տեղի ունեցած Տրասեկա ծրագրի միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկվել եւ հաստատվել են այն հիմնական ուղիները, որոնցով Եվրոպան Կովկասով պետք է ուղղակի կապ ունենա միջինասիական 5 երկրների հետ:

Ինչպես տեղեկացրեց միջկառավարական հանձնաժողովում Հայաստանը ներկայացնող տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը, այդ նոր ուղիներն անցնում են Հայաստանով: Մինչդեռ, ըստ 1998 թ.-ին հաստատված ծրագրի, Տրասեկայի հիմնական ճանապարհը շրջանցում էր Հայաստանը: Եվրոպայից անցնելով Սեւ ծովով, Վրաստանով եւ Ադրբեջանով դուրս էր գալիս Կասպից ծով եւ միջինասիական երկրներ:

Թբիլիսիում ընդունված երկաթուղային հիմնական ուղին այժմ Թուրքիայի տարածքով գալիս է Հայաստան եւ Հայաստանից ճյուղավորվում երեք ուղղություններով: Առաջինըՙ դեպի Վրաստան, երկրորդըՙ Իջեւանով դեպի Ադրբեջան, երրորդըՙ Նախիջեւանով դեպի Ադրբեջան: Նույնն է նաեւ ավտոմայրուղու համար: Հրանտ Բեգլարյանն ընդգծեց, որ Եվրահամայնքի առաջարկած Տրասեկա ծրագրի անդամ բոլոր պետությունները որոշումներն ընդունում են միաձայն: Տրանսպորտային նոր մայրուղու որոշումը եւս ընդունվել է միաձայն: Այսինքնՙ դրան կողմ են քվեարկել նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան:

Դա նշանակում էՙ նրանք եւս ընդունում են, որ այս ճանապարհն ամենակարճն է, ապահովը եւ տնտեսապես շահավետը: Հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս կգործի այս ճանապարհը, եթե դրա որոշ հատվածներ, մասնավորապես Հայաստան մուտք գործող, փակ են: Փոխնախարարն այս առնչությամբ նշեց, որ միջկառավարական հանձնաժողովի այս որոշումը հայեցակարգային է եւ ուղենիշ կլինի հետագայի համար: Իսկ եթե կյանքի կոչվի, ապա Հայաստանի կացությունն էապես կփոխվի, ներկայիս փակուղուց կդառնա ճանապարհների խաչմերուկՙ բոլոր դրական հետեւանքներով:

Մեզ հետաքրքրում էր նաեւ Ախալքալաք-Կարս երկաթուղու կառուցման գաղափարը, որն առաջ էր քաշել Թուրքիան: Այդ գաղափարին, սակայն, ինչպես հայտնեց Հրանտ Բեգլարյանը, միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստի ժամանակ Հայաստանը դեմ է արտահայտվել: Այս նիստում արդեն նման առաջարկ չեղավ: Փոխնախարարը հավելեց, որ ամեն ինչից բացի, սա թանկ (մոտ 600 մլն դոլար) եւ կասկածելի արդյունավետություն ունեցող նախագիծ է: Նա նաեւ տեղեկացրեց, որ հանձնաժողովի հերթական նիստը պետք է տեղի ունենա Երեւանում: Սակայն մինչ այդ Տաշքենդում կկայանա սեպտեմբերին այստեղ նախատեսված եւ սեպտեմբերի 11-ի իրադարձությունների կապակցությամբ հետաձգված նիստը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4