«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2001-12-20 | #235, 2001-12-21 | #236, 2001-12-22


Ա՚Խ, ԳԱԳԻ՚Կ, ԳԱԳԻ՚Կ...

Բուլվարային նյութ հայ դիվանագետի մասին բնավ էլ ոչ բուլվարային «Նեզավիսիմայա գազետայում»

Եթե Հայաստանում կարդում են մոսկովյան «Նեզավիսիմայա գազետան», ապա նկատած կլինեն, որ նրա առաջին էջի աջ անկյունում կանոնավոր կերպով հրապարակվում են բռնազբոսիկության աստիճանի հասցված նամակ-դիմումներՙ ուղղված տարբեր անձնավորությունների ու նրանց շուրջը ծավալված իրադարձությունների: Ոճը հումորահակ է, հեգնական կամ սարկաստիկ: Ահա եւ թերթի դեկտեմբերի 17-ի համարում «Ավազակային երջանկություն» բնավ էլ ոչ լիրիկական վերնագրով ուղերձում այդ «պատվին» է արժանացել Ռուսաստանում ՀՀ դեսպան Սուրեն Սահակյանը: Անմիջապես ասենք, որ հայոց դիվանագիտական ներկայացուցիչն անմիջական հարձակումների թիրախ չի դարձել: Մոտեցումը շատ ավելի բազմածալք է: Ուզում ես հավատալ, որ հրապարակումը չի հարմարեցված նախագահ Ռոբերտ Քոչարյանի այդ նույն օրը տեղի ունեցած մոսկովյան աշխատանքային այցին: Բայց, ավա՜ղ, տեքստը հակում է մեզ այդ մտքին, եւ դրանով իսկ «ասքը» դառնում է անպատեհ ու անպատշաճ:

«Ռուս-հայկական բարեկամությունը չի ժանգոտում, ամպագոռգոռ հայտարարում է թերթը, Ձեր նախագահը հաճախակի է հայտնվում Մոսկվայում: Դա Ձեր ծառայությունն է»: Դեսպանին վայել հաճոյախոսություն: Բայց հենց այստեղից էլ նամակագիրն անցնում է իր հղանքի «բուն իմաստին»: Որտեղից-որտեղ եռամյա հնության պատմական անդրադարձ է կատարվում, եւ նա հանգամանորեն կանգ է առնում Սահակյանի նախորդիՙ Գագիկ Շահբազյանի (Գագիկի) բարոյական նկարագրի վրա: Համայն Ռուսիո լրատվական տարածքում հառնում է արկածախնդիր գործամոլի օստապյան կերպարը: Պարզվում է, որ հինգ հազար դոլարի դիմաց այդ Գագիկը դիվանագիտական համարներ է նվիրաբերել մոտ 150 մոսկվացի հայ բանդիտների, որոնք իրենց քրեական հավաքներին էլ ժամանել են դիվանափայլ մեքենաներով, եւ փոխհրաձգություններն ու սպանություններն էլ կատարվել են գրեթե դեսպանության քողի ներքո: Մոսկվացի մենթերն էլ շշկլվել են, թե քաջարի հայ դիվանագետները այդ ինչ չեն կարողանում կիսել դեսպանության հարկի տակ: Ավարտելով Գագիկի քրեական թեքումով առինքնող կերպարի շռայլ բնութագիրը, թերթը նորեն գովում է Ս. Սահակյանին, որ նա վերջ տվեց այդ պրակտիկային: Բայց եւ անմիջապես... ափսոսանք է հայտնում. ինչո՞ւ, չէ՞ որ ինչ-որ ձեւով պետք է կերակրել դեսպանությունը: Ավելին, դեսպանին արժեքավոր հանձնարարական է տրվում Ճապոնիա մեկնող հայոց նախագահին խորհուրդ տալ ման գալ-գտնել Գագիկին եւ նրան ուղարկել ծագող արեւի երկիրՙ տեղի գանգստերներիՙ յակուձիների հետ կապեր հաստատելու համար: Նրանք շատ հարուստ են, բայց դեռ չգիտեն ինչքան պատվաբեր է լինել հայ «դիվանագետ»: Եվ ո՜վ գիտե, խորաթափանցորեն կանխագուշակում է թերթը, որ մի օր ինքըՙ Ս. Սահակյանը չի դառնա դեսպան Ճապոնիայի գանգստերների շնորհիվ բացված նոր դեսպանությունում:

Բուլվարային նյութ է, որ տպագրվել է, ցավոք, բնավ էլ ոչ բուլվարային թերթում: Մնում է միայն, որ Հայաստանի արտգործնախարարության վերլուծողական պայծառ մտքերը վերծանեն, թե ինչ է թաքնված այս հրեական խաղի մեջ: Երբեք չպետք է մոռանալ, որ «անկախ» կոչված այդ թերթը պատկանում է Բորիս Աբրամիչ Բերեզովսկուն:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4