Նախագահ Շեւարդնաձեի այս հայտարարությունը հասցեագրված է Կրեմլի «բնակիչներին»
«Վրաց-թուրքական հարաբերությունները մոտ են ռազմավարական համագործակցությանը», 1998 թ. գարնանը, վերադառնալով Անկարա կատարած պաշտոնական այցից, Թբիլիսիում հայտարարեց Էդուարդ Շեւարդնաձեն. Վրաստանի նախագահը մինչ այդ, հատկապես 1994-97 թթ. ռազմավարական գործընկեր էր համարում Ռուսաստանին: Անկարայի բանակցություններում Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը գովաբանել էր Շեւարդնաձեի «ռուսական քաղաքականությունը», քանի որ «վրաց-թուրքական սահմանի վրա ռուս սահմանապահներին փոխարինել են վրացիները»: Անկարան սկսեց նյութական օգնություն տրամադրել Վրաստանի ցամաքային եւ ծովային սահմանների պաշտպանության ուժեղացմանը, ապա արդիականացրեց Մառնեուլի օդակայանը, այժմՙ խիստ հետաքրքրված է Վազիանիի ռազմակայանով: Երեք տարի անցՙ 2001 թ. ձմռանը պաշտոնական հերթական այցը կատարելով Անկարա, Շեւարդնաձեն հայտարարեց. «Վրաստանը երջանիկ է, որ ունի Թուրքիայի նման հզոր դաշնակից»: Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթն իր հերթին հայտարարեց. «Վրաստանի խնդիրները Թուրքիայի խնդիրներն են: Վրաստանի անվտանգությունը մեր անվտանգությունն է»:
Վրաստանի անվտանգությունը վտանգված է, մինչդեռ, Շեւարդնաձեի խոսքերովՙ «Թուրքիայի նման հզոր դաշնակիցը» որեւէ ձեւով չի արձագանքում: Եթե «Վրաստանի խնդիրները Թուրքիայի խնդիրներն են», «Վրաստանի անվտանգությունը Թուրքիայի անվտանգությունն է», ապա պաշտոնական Անկարան ինչ-որ կերպ պետք է արձագանքեր վերջերս ռուսական օդուժի կողմից վրացական Պանկիսի կիրճի ռմբահարումներին: Անկարան նախընտրեց լռել:
Շեւարդնաձեն գլուխը քորում է, խորհում: Թուրքիայի, Արեւմուտքի խոստումները մնացին միայն խոստումներ: Վրաստանի նախագահը բարոյական իրավունք ունի ճշգրտումներ մտցնել երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններում: Եթե Արեւմուտքը Վրաստանի հակառուսական քաղաքականության դիմաց չի վճարում, ապա Շեւարդնաձեին այլ բան չի մնում, քան Ռուսաստանի գիրկը նետվել. գոնե սեփական աթոռը պահելու համար:
Անցնող շաբաթ եւ կիրակի օրերին, ապա երկուշաբթի օրվա իր ավանդական ռադիոհարցազրույցում Վրաստանի նախագահն արեց ուշագրավ հայտարարություններ, որոնք ուղղված էին Ռուսաստանին: «Եթե ընդունվի 62-րդ ռուսական ռազմակայանը դուրս բերելու որոշում, ապա Ախալքալաքի բնակիչները կարող են պառկել ճանապարհին եւ այդպես խոչընդոտել ռազմակայանի դուրսբերմանը», մեջբերելով նախագահ Շեւարդնաձեի խոսքերըՙ հաղորդում է վրացական «Փրայմ նյուս» գործակալությունը: Վրաստանի առաջնորդը նշել է, թե «Ախալքալաքից ռազմակայանի դուրսբերման դեպքում ստիպված կլինենք այնտեղ ստեղծել այնքան աշխատատեղ, որքան անհրաժեշտ կլինի ապահովելու տեղի բնակչությանը»: «Այսօր 62-րդ ռազմաբազայում աշխատում է ավելի քան 2000 մարդ Ախալքալաքի շրջանից, եւ դա նրանց եկամտի միակ աղբյուրն է», ասել է Շեւարդնաձեն, ավելացնելով, թե «մարդիկ ցնծության մեջ չեն լինի, եթե դուրս բերվի Բաթումի ռուսական ռազմակայանը»: «Ախալքալաքից եւ Բաթումից ռուսական ռազմակայանները պետք է դուրս բերվեն այն ժամանակ, երբ գործընթացը վնաս չի բերի տեղի բնակչությանը», ասել է Շեւարդնաձեն: Մինչ այդ Ախալքալաքի վերաբերյալ հայտարարություն էր արել խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն, ասելով, որ նույնիսկ Եվրոպայի խորհրդից Վրաստանին վտարելու դեպքում Թբիլիսին չի համաձայնի մեսխեթցի թուրքերի հայրենադարձությանը: Հիշեցնենք, ԵԽ-ի անդամակցության նախապայմաններից մեկը Վրաստանի համար եղել է 2002-2012 թթ. մեսխեթցի թուրքերի վերադարձի ապահովումը մշտական բնակավայրեր:
Թվում է, պաշտոնական Թբիլիսին մեղմացրել է դիրքորոշումը նաեւ Աբխազիայում տեղաբաշխված ռուսական խաղաղարար ուժերի դուրսբերման հարցում: Այս տարվա հոկտեմբերի 11-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց որոշում վրաց-աբխազական հակամարտության գոտուց ռուս խաղաղարարներին դուրս բերելու մասին: Ռուսական 1600 «կապույտ սաղավարտները» ԱՊՀ հովանու տակ վրաց-աբխազական հակամարտության գոտի են մտցվել 1994 թ.ՙ Թբիլիսիի համաձայնությամբ: Շեւարդնաձեն հայտարարում էր, որ լիովին կողմ է խորհրդարանի հոկտեմբերի 11-ի որոշմանըՙ կամ ռուս խաղաղարարները պետք է դուրս բերվեն կամ խաղաղարարների կազմը «միջազգայնացվի»: Համաձայն «Փրայմ նյուսի», շաբաթ օրը Շեւարդնաձեն չի բացառել, որ ռուս խաղաղարներին դուրս բերելուց հետո կրկնվեն 1998 թ. դեպքերը, երբ Աբխազիայի Գալիի շրջանից 50 հազար վրացիներ ստիպված էին լքել մշտական բնակավայրերը: «Նախագահից լավ ոչ ոք չգիտիՙ արդյոք Վրաստանը հնարավորություն ունի՞ պատերազմելու. Վրաստանը ցանկանում է Աբխազիայի հարցը լուծել անարյուն, բայց եթե դա չհաջողվի, իշխանությունները պետք է պատրաստ լինեն լուծման այլ տարբերակների: Երեք տարի հետո վրացական բանակը բոլորովին ուրիշ է լինելու: Ո՚չ ես, ո՚չ էլ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անանը չենք կարող ասել, թե այսօր ով է պատրաստ փոխարինելու ռուս խաղաղարարներին: Եթե 1994 թ. հակամարտության գոտի չբերվեին խաղաղարարներ, ապա Աբխազիայում անվերջ կշարունակվեին զինված ընդհարումները», ասել է Շեւարդնաձեն:
Ի դեպ, անցնող ուրբաթ Թբիլիսիում վրացական եւ ռուսական պետական հանձնաժողովները նոր ռուս-վրացական շրջանակային պայմանագրի նախագծի մշակման վերաբերյալ ստորագրել են համատեղ արձանագրություն: «Կարեւոր է, որ նոր պայմանագիրը հնարավորինս դրական ազդեցություն թողնի Մոսկվայի եւ Թբիլիսիի հարաբերությունների վրա, որոնք, ցավոք, ոչ այնքան լավ ժամանակներ են ապրում», ասել է ռուսական պատվիրակության ղեկավար Բորիս Պաստուխովը: Ըստ Վրաստանի նախագահիՙ «վրաց-ռուսական բանակցություններն անցել են այնքան բարեհաջող, որ պետությունների ղեկավարների միջամտության անհրաժեշտություն չեղավ»: Նախորդՙ 1994 թ. փետրվարին Թբիլիսիում Բ. Ելցինի եւ Էդ. Շեւարդնաձեի միջեւ կնքված պայմանագիրը, որը ռուսական Պետդումայի չվավերացնելու պատճառով կյանքի չկոչվեց, կրում էր «բարեկամության, բարիդրացիության եւ համագործակցության» անունը: Վրացական կողմը ցանկություն ունի նոր կնքվելիք պայմանագրի անունը թողնել նախկինը, մինչդեռ ռուսական կողմը համաձայն չէ «բարիդրացիական» բառինՙ դրա փոխարեն առաջարկելով «փոխադարձ անվտանգություն» տերմինը:
Վրաց-ռուսական հարաբերությունների վատթարացման գլխավոր պատճառներից մեկը չեչենական խնդիրն է, ավելի հստակՙ Պանկիսի կիրճում հաստատված չեչեն եւ այլազգի ահաբեկիչները: Էդ. Շեւարդնաձեն իր ռադիոելույթում անարդար է համարել Ռուսաստանի պաշտպանության նախարար Ս. Իվանովի հայտարարությունը, որ «Թբիլիսիի իշխանությունները պատրաստ չեն Կովկասում ահաբեկչության դեմ Ռուսաստանի հետ համատեղ պայքար մղելու, Մոսկվան չի տեսնում վրացական իշխանությունների ջանքերըՙ վերահսկելու Պանկիսի կիրճը»: «Վրաստանը մեղավոր չէ, որ Ռուսաստանից ստիպողաբար Պանկիսի կիրճ են անցել 7.000 չեչեն փախստականներ, ավելինՙ ռուսական կողմն ինքն է թույլ տվել այդ մարդկանց հատելու ռուսական սահմանը», ասել է Շեւարդնաձեն, նշելով, որ խնդրել է Վ. Պուտինին կիրճ ուղարկել հատուկ խումբՙ հանդիպելու չեչեն փախստականներին: Չպետք է բացառել, որ պաշտոնական Թբիլիսին ուղղակիորեն ստիպված լինի թույլ տալ ռուսական զորքերին մտնել Պանկիս: Վրաստանում սոցիալական ճգնաժամը անխուսափելի է, եթե իշխանությունները չլուծեն գոնե երկու խնդիրՙ բնակչությանն ապահովել էլեկտրականությամբ, հասնել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ այցագրերի վերացմանը: Հենց այս երկու հարցերում օժանդակելով Շեւարդնաձեին, Մոսկվան կարող է դրա դիմաց ստանալ իր ուզածըՙ չեչենական զինված խմբավորումների դեմ հակաահաբեկչական գործողությունների անցնել Վրաստանի տարածքում:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ