«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2001-12-21 | #236, 2001-12-22 | #237, 2001-12-25


ՊԱՂԵՍՏԻՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԿՀԱՍՆԻ՞ ԲԵԹՂԵՀԵՄ

Ի պատասխան Իսրայելի կառավարության որոշման, որով արգելվում է Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթի մուտքը Բեթղեհեմՙ Սուրբ Ծննդյան տոների պատարագին մասնակցելու համար, Պաղեստինի առաջնորդը երեկ հանդես է եկել հայտարարությամբ. «Ոչ ոք չի կարող ինձ արգելել մասնակցելու Ծննդյան տոների պատարագին, իսկ եթե հարկ լինի, Բեթղեհեմ կհասնեմ ոտքով»: Այս հայտարարությունից հետո Իսրայելի զորքերը նոր ուժեր են տեղադրել Ռամալլայից մինչեւ Բեթղեհեմ ընկած տարածքումՙ արգելելու հնարավոր մասսայական երթը: Պաղեստինի անվտանգության նախարար Ռիբրիլ Ռաջուվը երեկ հայտնել է, որ Իսրայելի որոշումը եւս մեկ անգամ ապացուցեց կառավարության ռազմամոլ էությունը: Յասեր Արաֆաթի Բեթղեհեմ մեկնելու խնդիրը մեծ իրարանցում է առաջացրել ողջ աշխարհում: Երեկ Վատիկանը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ եւ դատապարտեց Իսրայելի արգելքը, մինչ Վաշինգտոնը նախազգուշացրեց Իսրայելին, որ արգելքի դեպքում հարկադրված կլինի հանդես գալ հրապարակային հայտարարությամբ: Եվրամիությունը նույնպես աջակցություն է հայտնել Արաֆաթին եւ նշել, որ Իսրայելի որոշումը բացասաբար է ընդունվել քրիստոնյա աշխարհում: Երեկ կեսօրին Յասեր Արաֆաթը հանդիպել է Երուսաղեմի լատին պատրիարք Միշել Սաբահի եւ քրիստոնեական եկեղեցիների մյուս երկու պատրիարքների հետ, որոնց մեջ է եղել հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանը: Պատրիարքները հույս են հայտնել, որ Արաֆաթն, անտարակույս, Բեթղեհեմ կհասնի կեսգիշերին:

Բեթղեհեմում տիրող քաղաքական լարված իրավիճակի պատճառով Ծննդյան տոների տոնական ժողովրդային արարողությունները կկրճատվեն եւ տեղի կունենան բացառապես կրոնական արարողություններ:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4