Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց
Վարդան Այվազյանը
Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի մամուլի ասուլիսը, նախարարության մամուլի քարտուղարի հաղորդման համաձայն, նվիրված էր նախարարի 5-ամսյա գործունեությանը: Վերջինս նշեց, որ բնապահպանության ոլորտում երեք հիմնական խնդիրներ կանՙ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնում, ընդերքիՙ այդ թվում անտառների պահպանում եւ ճիշտ կառավարում եւ բնապահպանական տեսչության հնարավորությունների ուժեղացում: Կարեւորվեց նաեւ նախարարության սեփական մոնիտորինգի կենտրոնի ստեղծումը:
Սեւանա լճի պահպանության տարեկան ծրագրում ընդգրկված է մասնավորապես Որոտան-Արփա-Սեւան թունելի կառուցումը, որը պետք է ավարտվի 2002 թ.-ին եւ լիճ բերի լրացուցիչ 150 մլն խմ ջուր: Ի թիվս այլ միջոցառումների, Վարդան Այվազյանը կարեւորեց ջրամբարներում հիդրոպաշարների կուտակումը: Այս ամենի շնորհիվ 250 մլն խմ ջուր կխնայվի, ինչը նշանակում է, որ Սեւանի մակարդակը տարեկան կբարձրանա 20 սմ-ով:
30 տարում, երկարաժամկետ (համալիր) ծրագրի համաձայն, լճի մակարդակը համապատասխանաբար կբարձրանա 6 մ-ով: Ըստ նախարարի, այս տարվա սեպտեմբերից դադարեցվել է ջրի բացթողումը: Այդուհանդերձ, նախարարության տրամադրած տեղեկանքում նշված է, որ մեկ տարվա ընթացքում Սեւանա լճի մակարդակը իջել է 14 սմ-ով, ինչը, սակայն, նախարարը բացատրեց անբարենպաստ կլիմայական պայմաններով:
Անտառների խնդիրը շաղկապված է «Հայանտառ» ՊՓԲԸ հետ: Այստեղ ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակից կատարվել են մի շարք կադրային փոփոխություններ: Թերացումների համար աշխատանքից ազատվել են «Հայանտառի», Արագածոտնի, Իջեւանի, Երեւանի, Դսեղի անտառտնտեսությունների, «Տնկարանի» տնօրենները, իսկ 1200 հոգանոց ուռճացած աշխատակազմից կրճատվել է 208 աշխատակից: Ըստ նախարարի, «Հայանտառում» առկա են տնտեսական ցուցանիշների կայունացում եւ համակարգի առողջացում, ինչի վերաբերյալ համապատասխան թվային տվյալները ներկայացված էին նույն տեղեկանքում: Ընդհանրապես անտառների պահպանության խնդիրը Վարդան Այվազյանը համարեց ոչ պակաս կարեւոր, քան Սեւանա լճինը: Նա նշեց, որ անտառածածկույթը կազմում է մեր տարածքի ընդամենը 12 տոկոսը, մինչդեռ ընդունված միջին ցուցանիշը առնվազն 18 տոկոս է:
Ընդերքի, մասնավորապես ոչ մետաղական հանքերի շահագործման ոլորտում այս տարվա ընթացքում կատարվել են մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն էր դադարեցնել հանքավայրերի ապօրինի շահագործումը: Մինչ այդ գոյություն ունեցող պատկերը հետեւյալն էրՙ հանքավայրերի շահագործման համար տրվել է 408 արտոնագիր, կնքվել 240 պայմանագիր, ձեւակերպվել լեռնահատկացման 176 ակտ: Այսինքնՙ այս ոլորտում գործող սուբյեկտների կեսից ավելին գործել է առանց այս կամ այն պահանջվող փաստաթղթի: Այս տարվա ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, որը նախարարությունը տեղեկանքում վերագրել է իրեն, չեղյալ է համարվել հանքավայրերի շահագործման 20 պայմանագիր, դադարեցվել 85 հանքավայրի շահագործում, դատախազություն ուղարկվել 81 գործ եւ այլն:
Անդրադառնալով հանքային ջրերի հանքավայրերի շահագործմանը, նախարարը բերեց «Ադամանդ-4» ընկերության օրինակը, որը տնօրինում է Հայաստանի հանքային ջրերի 80 եւ Ջերմուկի 100 տոկոսը: Սակայն վաճառած 33 լ/վրկ ջրից հարկվել է միայն 1 լ/վրկ-ը: Այսինքնՙ առկա է հսկայական թաքնված եկամուտ:
Բնական է, որ Ամանորի նախօրեին նախարարին պետք է ուղղվեր վաճառվող եղեւնիների թվի մասին հարցը: Դրան Վարդան Այվազյանը պատասխանեց, որ այս տարի թույլատրվել է հատել անցյալ տարվանից կրկնակի պակասՙ 15 հազար եղեւնի Մարտունու, Ապարանի, Սեւանի, Հրազդանի տեղամասերից: Եվս 3900 եղեւնի ներմուծվել է Վրաստանից: Դրանց գները եղել են 1200-1500 դրամ: Թե հետո ի՞նչ գնով են դրանք վաճառվում, ըստ նախարարի, իրենք դրա հետ առնչություն չունեն: Կցանկանայինք նշել, սակայն, որ ցանկացած երեւանցի անզեն աչքով անգամ կտեսնի, որ վաճառվող եղեւնիների քանակը վերոնշյալ 15 հազարից ավելի է: Սա, ի միջիայլոց, ցուցանիշ կարող է ծառայել նախարարի մեջբերման նաեւ մյուս տվյալների հավաստիության վերաբերյալ:
Ձկան որսի արգելքի ժամանակաշրջանում առգրավվել է 125 հազար ձուկ: «Ցույց տվեք մեկ այլ տարի, որ այս ժամանակահատվածում այսքան ձուկ առգրավվեր», հպարտորեն հայտարարեց նախարարը: Սակայն նա բարեբախտաբար չմոռացավ նշել, որ ձկնագողությունն ամբողջովին դադարեցնելն անհնար է հատկապես առկա ռեսուրսներով եւ աշխատակիցների թվով:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ