Երեւանում զբոսնելիս պահանջվում է լինել չափազանց զգույշ եւ ուշադիր, թե չէ, ի՞նչ իմանաս, մեկ էլ դիմացից եկող մի անկիրթ տղամարդ կամ երիտասարդ ուղտի նման գլուխը կթեքի ու (գրելիս անգամ տհաճություն զգացի) կթքի: Իսկ թե այդ պահին դուք ինչ կզգաք կամ ձեր տրամադրությունն ու դեմքի արտահայտությունը ինչպես կփոխվիՙ նա դրա վրա էլ թքած ունի: Տուժողը մենք ենք ու մեր քաղաքի պատիվը: Եթե մոտենանք ու հարցնենք. «Ինչո՞ւ ես.», պատասխանը պարզ է. «Լավ եմ անում, հարց կա՞.»: Հարց, իհարկե, կա՚, բայց վեճի ու ծեծկռտուքի տրամադրություն չկա: Նախ փորձենք օգնության ձեռք մեկնել: Շատ հավանական է, որ նրանք բժիշկ-հոգեբանի կարիք ունեն, ասենք, տառապում են «թքի ավելցուկից» կամ «լոթի» տղամարդ երեւալու հիվանդությունից: Չի բացառվում նաեւ, որ նրանք մեր բժիշկներին գիտական ուսումնասիրության թեմա են առաջարկում, ինչպես օրինակ, «Թուքը եւ նրա վնասակար ազդեցությունը հայ արդի իրականության մեջ»: Շա՜տ կարեւոր թեմա է: Իսկ միգուցե նրանք կարծում են, թե թքելը հայ տղամարդու առանձնահատկություններից մեկն է: Դե ուրեմն, նրանց տեղեկացնենք, որ հայ ազնվական տղամարդը միշտ էլ բարեկիրթ է եղել, իսկ օտար քաղաքակրթություններից ընդօրինակված սովորույթներն ու վարքագիծը մեզ վայել չեն: Նրանք մեր հեզ ու համբերատար կանանց ու աղջիկներին փորձում են վարժեցնել, թե մոռացեք հայ ինտելեկտուալ տղամարդու կերպարն ու ընդունեք միայն նորըՙ «արա՚, ա՜խպերների» տեսակը: Եկեք նրանց հիասթափեցնենք ու ասենք, որ մենք բնավ էլ ուղտի ականջում քնած չենք, որ շարունակենք լռել ու թքող տղամարդկանցից հայ տղամարդուն վայել պահվածք ու կեցվածք չպահանջենք:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ