Դեկտեմբերի 7-ին ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանի հովանավորությամբ Փարիզի Գավո համերգասրահում տեղի ունեցավ համերգ, որի կազմակերպիչն էր ֆրանսահայոց Կապույտ խաչըՙ Ֆրանսիայի հայկական միությունների համակարգիչ հանձնախմբի աջակցությամբ: Փարիզի «Աշխարհ» թերթը գրում է, որ Ողնուղեղի պատվաստման հայկական բանկի հիմնադրամը համերգի շնորհիվ փորձում էր շարունակել աշխարհում հայ դոնորների թվի ընդլայնմանն ուղղված իր գործունեությունը: Համերգին ներկա էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ տիկին Բելլա Քոչարյանը: Իսկ ամենակարեւորն աշխարհահռչակ երաժիշտներ Վլադիմիր Սպիվակովի եւ Էլեն Մերսիեի ելույթն էր:
Համերգից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակը: Ապա ջութակահար Սպիվակովը եւ դաշնակահարուհի Մերսիեն մեծ վարպետությամբ ու ներշնչանքով կատարեցին Բախի 2-րդ, Բեթհովենի 5-րդ եւ Ֆրանկի դաշնամուրի ու ջութակի սոնատները: Հմայված հանդիսականների խնդրանքին ընդառաջելովՙ մեծ երաժիշտները կատարեցին նաեւ Է. Բլոշի, Յ. Բրամսի եւ Ֆ. Շուբերտի որոշ գործեր:
Պ. Ք.