«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2001-12-22 | #237, 2001-12-25 | #238, 2001-12-26


«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ԼԱՎ ԲԱՐԵԿԱՄՆ Է, ՄԵՆՔ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՆՔ ՄԱՂԹՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻՆ»

Մոհամմադ Խաթամին այս խոսքերով դիմավորեց Ռոբերտ Քոչարյանին

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թեհրան

Իրանական «Նոռուզ» օրաթերթը Հայաստանի նախագահի Իրան պաշտոնական այցելության նախօրեին մեծ լուսանկարով ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանին, իսկ կից հոդվածը վերնագրելՙ «Հեյդար Ալիեւը չեկավ, գալիս է Ռոբերտ Քոչարյանը»: Հարավային Կովկասի երեք հանրապետությունների նախագահները 2001 թ. ընթացքում Իրան այցելելու պաշտոնական հրավերներ էին ստացել: Մի քանի օրից տարին ավարտվում է...

Ընդհանուր առմամբ 2001 թ. ե՚ւ քաղաքական, ե՚ւ առեւտրատնտեսական առումներով Իրան-Հայաստան հարաբերությունները հասան բավականին բարձր մակարդակի: Միայն այս տարվա ընթացքում Թեհրանում Իրանի նախագահ Խաթամին ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանին, իսկ Երեւանում նախագահ Քոչարյանը ընդունել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Հասան Ռոհանիին: Ե՚վ հայ, ե՚ւ իրանցի դիվանագետները նշում են, որ նախագահ Քոչարյանի այս այցը Իրան-Հայաստան հարաբերություններում լինելու է շրջադարձային:

«Հայաստանի եւ Իրանի նախագահների միջեւ շատ ջերմ, անմիջական զրույց գնաց: Այցի ընթացքում նախատեսվում է մոտ 11 փաստաթուղթ ստորագրելՙ տնտեսական, մշակութային, մաքսային ոլորտներին վերաբերող: Կարծում եմ, նախագահ Քոչարյանի այցը շրջադարձային է լինելու ոչ միայն տնտեսության ուղղությամբ ձեռքբերումներ ունենալու առումով, այլեւՙ ամբողջությամբ վերցրած: Կարծում եմ, որ տարեվերջը նախագահ Քոչարյանը կփակի Իրան այցելության շատ կարեւոր ձեռքբերումներով, որոնք հետագայի համար իսկապես լուրջ նշանակություն կունենան», մեզ հետ զրույցում ասաց Իրանում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:

Եռօրյա պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի եւ Իրանի նախագահները միմյանց հետ կհանդիպեն չորս անգամ: Առաջին հանդիպումը, որ դեսպան Ղարիբջանյանի խոսքերով, անցել է «շատ ջերմ», տեղի ունեցավ երեկ առավոտյանՙ երկու նախագահների ծանոթացման հանդիպումն էր: Երեկ երեկոյան «Թալաթ» պալատում տեղի ունեցավ Խաթամի-Քոչարյան առանձնազրույցը, որի ավարտին Հայաստանի եւ Իրանի պատվիրակությունների հանդիպումն էր ընդլայնված կազմով: Իսկ այսօր Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին կընդունի Ռ. Քոչարյանին, հանդիպմանը մասնակցելու է նաեւ նախագահ Խաթամին: Քոչարյան-Խաթամի չորրորդ հանդիպումը կկայանա վաղըՙ երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությանը: Այս եւ մյուս հանդիպումներին «Ազգը» կանդրադառնա, իսկ այժմ պատմենք, թե ինչ եղավ Ռ. Քոչարյանի պաշտոնական այցելության առաջին օրը:

Միանգամից նշեմ, որ իրանական կողմն այս այցելությանը նախապատրաստվել է ամենայն լրջությամբ, դա զգացվում էր հենց օդանավակայանից: «Սաագաբադ» նախագահական պալատում ՀՀ նախագահին դիմավորեց եւ ողջունեց Իրանի նախագահը, հնչեցին երկու պետությունների օրհներգերը: Առաջինՙ կարճատեւ հանդիպումից հետո նախագահ Խաթամին ասաց, որ Հայաստանը Իրանի լավ հարեւանն է, Հայաստանի անկախացումից հետո երկու պետությունների հարաբերությունները լավ են եղել, միաժամանակ նշելով, որ դեռ «լավացնելու տեղ կա»:

Ապա Հայաստանի պատվիրակությունը ուղեւորվեց Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլլահ Խոմեյնիի դամբարան: «Այցելելով համաշխարհային պատմության մեջ իր ուրույն տեղն ունեցող, Իրանի ժողովրդի կամքն ու հավատը խորհրդանշող քաղաքական եւ հոգեւոր գործչի այս հոյակերտ դամբարան, հարգանքի տուրք եմ մատուցում իսլամական հանրապետության հիմնադիր առաջնորդի հիշատակին», պատվավոր հյուրերի մատյանում գրեց Ռ. Քոչարյանը, ծաղկեպսակ դրեց Խոմեյնիի դամբարանին:

Օրվա երկրորդ կեսին նախագահ Քոչարյանը հանդիպեց ԻԻՀ պաշտպանության նախարար, ծովակալ Ալի Շամխանիին: Ըստ նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանի, բանակցություններում քննարկվել են անվտանգությանը վերաբերող տարրածաշրջանային հարցեր:

Հայկական պատվիիրակությունը ուղեւորվեց ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատուն, ծանոթացավ աշխատակիցների հետ, ծառ տնկեց, ապա նվեր ստացավ երկու գիրքՙ պարսկերենովՙ Հայոց ցեղասպանության մասին: Դեսպանատնից Ռ. Քոչարյանն այցելեց Թեհրանի Սբ. Սարգիս եկեղեցի, որտեղ տրվեց բարեմաղթանքի պատարագ, որից հետո ՀՀ ղեկավարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այս մասին, թերեւս, արժե առանձին անդրադառնալ, միայն նշեմ, որ շատ զգացմունքային եւ հուզիչ հանդիպում էր, հազարավոր թեհրանահայեր էին եկել եկեղեցի եւ առաջնորդարան:

Երեկոյան նախագահ Քոչարյանը հանդիպեց Իրանի ԱԳ նախարար Քամալ Խարազիի, ապա, ինչպես նշել եմ, առանձնազրույց ունեցավ Մոհամմադ Խաթամիի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4