«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2001-12-22 | #237, 2001-12-25 | #238, 2001-12-26


«ԿՐԵԴԻՏ-ԵՐԵՒԱՆՈՒՄ» ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արդեն երրորդ օրն է, որ «Կրեդիտ-Երեւան» բանկը գտնվում է Կենտրոնական բանկի խնամակալության ներքո: Այստեղ նշանակվել է ժամանակավոր ադմինիստրացիաՙ ԿԲ բանկային վերահսկողության դեպարտամենտի փաստաթղթային վերահսկողության վարչության պետ Հակոբ Մալխասյանի գլխավորությամբ:

«Կրեդիտ-Երեւանի» գործերի վատթարացումը, սակայն, ինչպես մեզ տեղեկացրին բանկի բակում հավաքված ավանդատուները, սկսվել է մի քանի ամիս առաջ: Այդ ժամանակ իրենց տոկոսները ստանալու նպատակով բանկի բաժանմունքներ այցելած հաճախորդներին խնդրում էին «մի փոքր սպասել»: Ժամկետանց ավանդատուների գոյությունը չժխտեց նաեւ Հակոբ Մալխասյանը, որի հետ հանդիպելու հնարավորություն ունեցանք մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներս:

Դրանց թիվը 183 է, իսկ ընդհանրապես ավանդատուների թիվը 3900 է: Ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը թույլտվություն խնդրեց չհայտնելու, թե որքան է ավանդատուների ընդհանուր գումարը, բայց ընդգծեց, որ նախ եւ առաջ վճարվելու են ժամկետանց ավանդները:

Երեկ արդեն սկսել էին այդ վճարումները: Առայժմ գումարների վճարման սահմանված նվազագույն շեմը 500 դոլար է: Հակոբ Մալխասյանը հուսով է, որ բոլոր ժամկետանց ավանդատուներին այդ չափի գումարների վճարման հարցն այսօր կլուծվի: Սակայն նա բնականաբար բացառեց բոլոր ավանդատուների միանգամից վճարումը, նշելով, որ նույնիսկ աշխարհի լավագույն բանկը կպայթի, եթե բոլոր ավանդատուները միանգամից պահանջեն իրենց գումարները: Կոնկրետ «Կրեդիտ-Երեւանի» առնչությամբ տեղեկացվեց եւ ընդգծվեց, որ բանկը սնանկ չէ: ԿԲ-ն խնդիր է դրել նրան առողջացնել:

Առողջացման եւ բոլոր պահանջատեր ավանդատուների գումարների վերադարձման ժամկետներ նույնպես չնշվեցին, բայց շեշտվեց, որ դրա համար կան բավարար ակցիզներՙ 15-16 մլրդ դրամ: «Չեմ ցանկանում հուսախաբ անել մարդկանց, բայց կարող եմ ասել, որ ես այստեղ եմ նշանակված, որպեսզի այդ հարցերը կարգավորեմ», ասաց ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը: Նա նաեւ տեղեկացրեց, որ բանկի նախկին 2 խոշոր բաժնետերերը (Մարտին Հովհաննիսյանը եւ Վահագն Խաչատրյանը-Ա. Մ.) վաճառել են իրենց բաժնետոմսերը մոսկվայաբնակ հայ գործարար Լեւոն Մարկոսին, որն այժմ բանկի միակ խոշոր բաժնետերն է: Մարտին Հովհաննիսյանի Հայաստանից հեռացած լինելու լուրերը Հակոբ Մալխասյանը հերքեց «ազնիվ խոսք» տալով, որ նա Հայաստանում է:

«Ազգի» այն հարցին, թե ինչո՞ւ է ԿԲ-ն զբաղվում բանկի առողջացման ծրագիրը մշակելով, այլ ոչ թե «Կրեդիտ-Երեւանի» նոր սեփականատերը, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը պատասխանեց, որ բաժնետերն ինքը պրոֆեսիոնալ չէ., իսկ ԿԲ-ն բանկային վերահսկողության հարցում ավելի քաջատեղյակ է: Այնուհետեւ նա ավելացրեց, որ դա նախատեսված է օրենքով, բայց չնշեց, թե որ օրենքով: Ամեն դեպքում ԿԲ ներկայացուցիչը այն հարցին, թե որքանո՞վ է վստահ, որ բանկը կառողջանա, պատասխանեց, որ եթե 50 տոկոսի հույս չունենար, ինքն այստեղ չէր լինի:

Հակառակ ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի լավատեսությանը, բանկի մոտ խմբված ավանդատուները դժգոհում էին: Դժգոհում էին անընդհատ գնալ-գալուց, սպասելուց, բանկի նախկին տնօրենի անհետանալուց եւ պատասխանատվությունից խուսափելուց, խիստ հոռետեսորեն էին տրամադրված իրենց ավանդների հետագա ճակատագրի համար եւ դրանց հետ ստանալու հարցում ակնկալում էին լրագրողներիս աջակցությունը: Այս պատկերը մեզ հիշեցրեց 90-ականների առաջին կեսերը, երբ մեկը մյուսի հետեւից պայթում էին ավանդներ ներգրաված ֆինանսական կազմակերպություններըՙ բազմահազար խաբված ավանդատուների բանակ ստեղծելով: Իհարկե, ե՚ւ բանկային համակարգի կայացածության, ե՚ւ օրենսդրության հստակեցման հսկայական առաջընթաց է արձանագրվել, եւ իրավիճակը նույնը չէ, ինչ այն տարիներին: Հուսանք, որ այս գործընթացները որոշակի հիմքեր են ստեղծել, որպեսզի խաբված ավանդատուների նոր խմբեր չլինեն, եւ «Կրեդիտ-Երեւանի» ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի լավատեսական հավաստիացումներն իրականություն կդառնան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4