«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2001-12-22 | #237, 2001-12-25 | #238, 2001-12-26


ԿԹԱՆԿԱՆԱ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

Քննարկում գործարարության աջակցման խորհրդի տարեվերջյան նիստում

Գործարարության աջակցման խորհրդի, որի նախագահն է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, երեկվա նիստի գլխավոր հարցը հայկական ապրանքները Սեւ ծովով փոխադրելու սակագների թանկացմանն էր վերաբերում: Փոթի-Իլյիչովսկ լաստանավային անցումն իրականացնող ուկրաինական «Ուկրֆերրի» ընկերության ղեկավարությունն առայժմ բանավոր զգուշացրել է, որ հունվարի 10-ից վերացնելու է հայկական ապրանքների տեղափոխման համար սահմանված 20 տոկոս զեղչը: Բացի դրանից, փոխվելու է նաեւ հայկական բեռներն ընդունող նավահանգիստը: Փոթիի փոխարենՙ Բաթումը: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ երկու գործոնները հաշվի առնելով, 1 տոննա ապրանքի արժեքը թանկանալու է 5-6 դոլարով: Այս գործողությունները ուկրաինական կողմը բացատրում է դեպի Փոթի իր բեռնափոխադրումների աճով, որտեղ հնարավոր չի լինի այլեւս ամբողջությամբ դրանք սպասարկել: Իսկ հայ գործարարների կարծիքով, ուկրաինական ընկերությունը, ունենալով մենաշնորհ, թելադրում է իր պայմանները: Եվ քանի որ այլընտրանք չունեցող եւ շրջափակման մեջ գտնվող երկիրը Հայաստանն է, «Ուկրֆերրին» ընտրությունը կատարել է մեր բեռների համար:

Այս հարցը կարգավորելու նպատակով համապատասխան քայլեր են ձեռնարկել նաեւ Հայաստանի իշխանությունները: Իրենց ուկրաինացի գործընկերներին են դիմել վարչապետն ու արդյունաբերության եւ առեւտրի նախարարը, սակայն առայժմ անպատասխան: Նիստի ընթացքում Անդրանիկ Մարգարյանը հանձնարարեց արդյունաբերության եւ առեւտրի նախարարին, որը նաեւ հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նախագահն է, օպերատիվ կապ հաստատել ուկրաինական կողմի հետ: «Անհրաժեշտության դեպքում տրանսպորտի նախարարության ներկայացուցիչներին կգործուղենք», ավելացրեց վարչապետը: Այդուհանդերձ, արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահի կարծիքով, պետական կառույցների միջամտությունը կլինի խորհրդանշական, քանի որ «Ուկրֆերրին» մասնավոր կառույց է եւ ինքն է որոշումներ կայացնում: Նա տեղեկացրեց նաեւ, որ ներկայումս բանակցություններ են ընթանում ե՚ւ ուկրաինական ընկերության, ե՚ւ վրացական երկաթուղու ղեկավարների հետ: Վերջիններիս հետ բանակցելու նպատակն այն է, որ եթե ի վերջո Բաթումով կատարվեն փոխադրումները, ապա գոնե վրացական երկաթուղին իջեցնի սակագները:

Գործարարության աջակցության խորհրդի նիստի օրակարգի հարցերից էր նաեւ «Վերջին զարգացումները Հայաստանի գործարար միջավայրում» փաստաթղթի քննարկումը: Նախորդ նիստի ժամանակ դարձյալ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությանն էր հանձնարարվել ներկայացնել տեղեկանք եւ միջոցառումների ծրագիր այս հարցի վերաբերյալ: Տեղեկանքում մի շարք առաջարկներ են արված ձեռնարկությունների լիցենզավորման, հարկային դրույքաչափերի եւ հարկային վարչարարության, ստուգումների իրականացման հարցերի շուրջ: Նախարարությունն առաջարկել էր մասնավորապես առանց քրեական գործ հարուցելու բացառել ստուգումների իրականացումը: Այս առաջարկի ընդունումը հետաձգվել է: Խորհրդի տարեկան հաշվետվության քննարկումը նույնպես հետաձգվեց հաջորդ նիստին, որն արդեն տեղի կունենա եկող տարվա հունվարին: Այնուամենայնիվ Անդրանիկ Մարգարյանը խորհրդի գործունեությունը դրական գնահատեց, նշելով, որ եկող տարի ավելի բարձր չափանիշ պետք է սահմանենք, ավելի էական հարցեր առաջադրենք եւ փորձենք դրանք լուծել, աջակցել գործարարության զարգացմանը:

Խորհրդի այս տարվա գործունեության վերաբերյալ դրական արտահայտվեց նաեւ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը. «Մենք ի սկզբանե ողջունել ենք խորհրդի ստեղծումը, բայց կասկած ունեինք արդյունքի վերաբերյալ: Սակայն տարվա ընթացքում մենք, իբրեւ գործարարության աջակցության խորհուրդ, կարողացանք հարցեր մտցնել կառավարություն եւ դրանց լուծում տալ: Անմիջական կապը բավականին արդյունավետ եղավ: Հատկապես կցանկանայի նշել խորհրդի քարտուղարության լավ աշխատանքը, որը հետամուտ էր մեր խնդիրների բարձրացմանը եւ որոշումների կենսագործմանը»:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4