«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2001-12-22 | #237, 2001-12-25 | #238, 2001-12-26


ՄԻԺԻ-Ն ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՈՒՄ

Հայաստանի ազգաբնակչության զգալի մասն այսօր աղքատության շեմին է: Սոցիալական այս երեւույթը մեր երկրի ամենացավոտ խնդիրներից է: Մինչդեռ հասարակական ներդաշնակության, տնտեսական, քաղաքական բավարար զարգացման հասնել աղքատության նման ցուցանիշով հնարավոր չէ որեւէ երկրում: 2000 թ.-ին ՀՀ կառավարության մշակած «Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի» (ԱՆՌԾ) քննարկմանը նվիրված շարունակական միջոցառումներ է իրականացնում Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտը (ՄԻԺԻ): Այդ միջոցառումների բովանդակային առանցքը ԱՆՌԾ-ի մասին հանրությանը տեղեկացնելը եւ նրա տարբեր օղակներից արվող առաջարկությունների ամփոփումը եւ ներկայացումն է ծրագրի մշակմամբ զբաղվող կառավարությունում ձեւավորված Համակարգող խորհրդին: Այս տարվա հունիսից ծրագրի իրականացման ընթացքում ՄԻԺԻ-ն կազմակերպել է 10 ակումբային քննարկումներ տարբեր թեմաներով (հանրային մասնակցության դերն աղքատության հաղթահարման գործում, աղքատությունը եւ զբաղվածության հիմնահարցը Հայաստանում, աղքատությունը եւ կոռուպցիան Հայաստանում եւ այլն):

Երեկ ՄԻԺԻ-ի այս տարվա վերջինՙ 10-րդ ակումբային քննարկմանը մասնակցում էին պետական, հասարակական, մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՄԻԺԻ-ի աշխատանքները ներկայացրին կազմակերպության գործադիր տնօրեն եւ ծրագրի պատասխանատու Մելինե Թովմասյանը, ծրագրի տնօրեն Հռիփսիմե Մանուկյանը: Ամփոփիչ խոսքով հանդես եկավ հանրային քաղաքականության փորձագետ, ՄԻԺԻ-ի խորհրդատու Աղասի Թադեւոսյանը: Նա հանգամանորեն ներկայացրեց ակումբային նախորդ քննարկումների ժամանակ մշակված սկզբունքային նշանակությամբ բազմաթիվ հարցեր, որոնք կնպաստեն աղքատության հաղթահարմանը մեր երկրում: Մի երեւույթ, որի հիմնական պատճառը, ըստ զեկուցողի, ժողովրդի մտածելակերպի մեջ է, եւ հասարակական սեկտորի դերը մարդկանց գիտակցության մեջ փոփոխություն կատարելն է, որպեսզի նրանք պահանջողից դառնան իրավատեր:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4