ԼՂՀ սոցապահովության ոլորտում իրականացվող ծրագրերը բազմազան ենՙ ծնելիության եւ բազմազավակության խթանման միջոցառումներ, նպաստներ, վերաբնակեցում, բնակչության զբաղվածություն, սոցիալական աջակցություն: Կան նաեւ սոցիալական այլ միջոցառումներ:
Բնակչության թվաքանակի աճը կարեւոր խնդիր է Արցախում: Իբրեւ բազմազավակության խթանման մի ձեւ, այստեղ ընտանիքներում ծնված յուրաքանչյուր 3-րդ եւ հաջորդ երեխայի անվամբ «Արցախբանկում» նպատակային ժամկետային ավանդներ են բացվում:
ԼՂՀ սոցապնախարարության տվյալներով, 2001 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ բացվել են 587 ավանդային հաշիվներՙ 528.700 ԱՄՆ դոլարի չափով:
Նույն ժամանակաշրջանի ընդգրկումով, օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց, 232 ընտանիքների 1261 երեխաներ ստանում են դրամական փոխհատուցում, յուրաքանչյուրը 60 կվտ.ժամ էլեկտրաէներգիայի գնի չափով:
Սկսած 2000 թվականից, շրջաններում 7 եւ ավելի մինչեւ 18 տարեկան երեխաներ ունեցող 28 ընտանիքների համար կառուցվել են բնակելի տներ:
Անցած երկու տարիներին, բազմազավակ 94 ընտանիքների 184 երեխաների տրվել է 538.440 դրամ որպես գրքերի վարձակալության փոխհատուցում:
Վերոհիշյալ ծրագրի շարունակության կարեւորությունը հաշվի առնելովՙ նախատեսվում է 2002 թ. պետբյուջեում ավելացնել սոցիալական հատկացումները:
Նպաստները ԼՂՀ-ում տրվում են անապահով եւ պետական հոգածության կարիք ունեցող սոցիալական առավել ընդգրկված խավերին: Դարձյալ ս. թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ, ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին այդ նպատակով ծախսվել է 420203.5 հազար դրամ, որը տրամադրվել է առանձին խմբերի մինչեւ 18 տարեկան 12805 երեխաների, 329 միայնակ մայրերի, 1112 մինչեւ 2 տարեկան երեխաների խնամքի համար եւ մինչեւ 1 տարեկան 1882 երեխաների սննդով ապահովելու նպատակով:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, առանձին ծրագրի շրջանակներում, 1995 թվականից սկսած 2000 դրամի չափով նպաստներ են տրվում նաեւ Արցախի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների մինչեւ 17 տարեկան երեխաներին, առաջին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողներին եւ նրանց մինչեւ 17 տարեկան երեխաներին, լրիվ եւ միակողմանի որբ նույն տարիքի երեխաներին:
Վերաբնակեցման միջոցառումները ԼՂՀ-ում ներկայումս իրականացվում են կառավարության 2001 թ. մայիսի 4-ի համապատասխան որոշմամբ: Ըստ պաշտոնական տվյալների, դեկտեմբերի 1-ի դրությամբ ԼՂՀ տարածքում վերաբնակեցվել են մոտ 1070 ընտանիք կամ 4200 մարդ, ինչպես շրջաններում, այնպես էլ մայրաքաղաք Ստեփանակերտում: Վերաբնակիչների համար սահմանված են արտոնություններ: Մասնավորապես, անհատական տնով կամ բնակարանով ապահովում, միանվագ դրամական օգնություն, վերաբնակվող ընտանիքի ճանապարհածախսի ու նրանց գույքի տեղափոխման ծախսերի վճարում, երկարաժամկետ (20 տարով) վարկերի տրամադրում սոցիալ-կենցաղային կարիքների բավարարման եւ ձեռնարկատիրական (գյուղատնտեսական) գործունեություն ծավալելու նպատակով, սեփականության իրավունքով ընտանիքի յուրաքանչյուր անդամին 0,6 հա հողի հատկացում եւ 5 տարի ժամկետով բնակարանային կոմունալ ծառայությունների վարձից ազատում:
Վերաբնակեցման ծրագիրը կշարունակվի նաեւ 2002 թվականին, որի նպատակով նախատեսվում է պետբյուջեով համապատասխան գումարներ հատկացնել: Ըստ նախագծերիՙ այն կազմում է 500 միլիոն դրամ:
Բնակչության զբաղվածության ուղղությամբ Արցախում լուրջ խնդիրներ կան, կապված այն բանի հետ, որ ռազմագործողությունների հետեւանքովՙ նախկինում գործող խոշոր գործարաններն ու ձեռնարկությունները կամ ավերված են, կամ էլ ոչ լրիվ հզորությամբ են գործում: Դա էլ իր հերթին առաջ է բերում գործազրկություն: ԼՂՀ զբաղվածության ծառայություններում գրանցված աշխատանք փնտրողների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 4439 մարդ, որի 95 տոկոսը կանայք են: Գործազուրկի կարգավիճակ ստացած 368 հոգի ստանում են գործազրկության նպաստՙ ամսական միջին հաշվով 3500 դրամի չափով: Անցնող տարում, զբաղվածության ծառայությունների միջոցով, աշխատանքով ապահովվել է 128 մարդ:
ԼՂՀ-ում բնակչության զբաղվածության հիմնախնդրի լուծման անհրաժեշտությունից ելնելովՙ ներկայումս մշակվում է «Բնակչության զբաղվածության մասին» նոր օրենքի նախագիծ, որը հանրապետության խորհրդարանի քննարկմանը կներկայացվի 2002 թվականին:
Սոցիալական աջակցությունը ԼՂՀ-ում իրականացվում է տարբեր ծրագրերով: Առաջինը միայնակ կենսաթոշակառուների սպասարկման ծրագիրն է, որը ներառում է հետեւյալ տեսակներըՙ կենցաղային սպասարկում, իրավաբանական խորհրդատվություն, բժշկական օգնություն, սոցիալ-հոգեբանական օգնություն:
1994 թվականից Ստեփանակերտում գործում է միայնակ կենսաթոշակառուների սոցիալական սպասարկման տարածքային կենտրոն: Մինչեւ 2000 թվականն այստեղ տեղավորված ծերերն ապրում էին խոնավ, համապատասխան պայմաններ չունեցող շենքում: Երկրորդ տարին է, ինչ կենտրոնը տեղափոխվել է նոր շենք, որտեղ ներկայումս ստացիոնար խնամվում են 50 միայնակ ծերեր: 1993 թ. կենտրոնին կից ստեղծվել է նաեւ տնային սպասարկման բաժանմունք, որը սպասարկում է հաշմանդամության տարբեր խմբեր ունեցող 150 միայնակ ծերերի: Նման ծառայություններ գործում են նաեւ շրջկենտրոնում, որտեղ ընդհանուր առմամբ սպասարկվում են 215 ծերեր:
Արցախում ներկայումս բնակվում են 8054 հաշմանդամներ, որոնք, համաձայն «ԼՂՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի, օգտվում են մի շարք արտոնություններից: Դրանք արտահայտվում են ինչպես դրամական փոխհատուցման, այնպես էլ սպասարկման այլ ձեւերով: Նյութական օգնություններն առավել շոշափելի են զինծառայողների հաշմանդամության պարագայում: Այդ նպատակով նախատեսվում է 2002 թվականի պետբյուջեում ավելի շատ միջոցներ հատկացնել: Զգալիորեն ավելի մեծ հատկացումներ են նախատեսվում նաեւ այլ սոցիալական միջոցառումների համար, որոնք մանրամասն նշված են ԼՂՀ սոցապնախարարությանՙ 2002 թվականին իրականացվելիք ծրագրերում: Ծրագրեր, որոնք բխում են ԼՂՀ ազգային, ռազմաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական շահերից: Դրանք իրականացնելու համար ակնկալվում են, պետբյուջեի հատկացումներից բացի, նաեւ Հայաստանից ու սփյուռքից ստացվող մարդասիրական նոր օգնություններ: Մի բան, որը խիստ անհրաժեշտ է:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ