Վենետիկյան «Յոթ ծովեր» ընկերության սահմանած «Տարվա վենետիկցի» ամենամյա մրցանակը 1978 թ.-ից տրվում է մշակույթի, գրականության, թատրոնի, ճարտարվեստի ասպարեզում աչքի ընկած նշանավոր վենետիկցիներին: Եվ ահա քաղաքական եւ պաշտոնական լայն ճանաչում վայելող մրցանակին է արժանանում Վենետիկի հայ գաղութը, բացառիկ երեւույթ, երբ մրցանակը շնորհվում է ոչ թե անհատի, այլ մի ողջ հանրությանը եւ 300 տարի հայ մշակույթը պահպանող ու ծաղկեցնող Մխիթարյան միաբանությանը:
Մրցանակի հանձնման պաշտոնական հանդիսությունը կատարվեց դեկտեմբերի 16-ին, Վենետիկի Աթենեո Վենեթոյի ակադեմիայի շքեղ հանդիսասրահումՙ ներկայությամբ նահանգային բարձրագույն իշխանությունների, կուսակալի, քաղաքապետի, ակադեմիայի վարիչի, դրամատան տնօրենի, սահմանադրական դատարանի նախագահի, իտալացի եւ հայ բնակչության հոծ բազմությանՙ շրջապատված Մխիթարյան հայրերով եւ աշակերտներով:
Քաղաքապետ Պաոլո Գոստան պաշտոնական մեդալը եւ վկայագիրը հանձնելով միաբանության աբբայինՙ իրավամբ Մխիթարյանների մեջ տեսավ հայ հոգեւոր, մշակութային, գիտական միտքը եւ Վենետիկի հայ հանրության ներուժը խտացնող հաստատություն, քանի որ Մխիթար Սեբաստացին էր, որ կամրջեց Վենետիկ-Հայաստան մինչ այսօր շարունակվող կապերը:
Իր խոսքում քաղաքապետը օրինակելի համարեց ոչ քրիստոնյա դրացիներով շրջապատված եւ մեծ դժվարությամբ քրիստոնեական հավատքին եւ իր ստեղծած մշակույթին հավատարիմ մնացած հայ ժողովրդի անցած ճանապարհը: Այս բացառիկ առիթով քաղաքապետարանի իշխանությունները որոշել են քաղաքի փողոցներից մեկը կոչել Մխիթար Սեբաստացու անունով:
Կիլիկյան թագավորության, Վենետիկի հայ հանրության մասին պատմական համառոտ ակնարկ կատարեց կոմսուհի Թիեփոլոնՙ դրվատելով հայերի երախտագիտական վերաբերմունքը հյուրընկալների հանդեպ:
Ի պատասխան այս մեծ պարգեւի, Մխիթարյան միաբանության ընդհ. աբբանՙ հայր Եղիա վարդապետն իր շնորհակալական խոսքում շեշտեց հայոց քրիստոնյա ինքնությունը եւ նկատեց, որ հայերը Վենետիկում ապրում են քաղաքի ամենօրյա զարկերակովՙ նրա ուրախություններով ու դժվարություններով:
Հ. Գ. Հարկ ենք համարում հիշեցնելու Երեւանի քաղաքային իշխանություններին, որ իրենց իսկ համաձայնությամբ քաղաքի կենտրոնում (Թումանյան, Ղ. Փարպեցի փողոցների խաչաձեւման տեղում) Մխիթար Սեբաստացու անունը կրող հրապարակի եւ նրա հուշարձանի տեղադրումը խոստացված ժամկետից ուշանում է: Առայժմ այս մասին մեզ հիշեցնում է համապատասխան գրությամբ տախտակը:
Ակնկալում ենք, որ գոնե հաջորդ տարի Երեւանը կհարստանա մեր մշակույթի նվիրյալներից մեկի հուշարձանով եւ իր անունը կրող հրապարակով:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ