«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2001-12-25 | #238, 2001-12-26 | #239, 2001-12-27


ԲԱՆԿ ԿՈՂՈՊՏԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՏԱՐԲԵՐԱԿ

Ինչի մասին պատմեցին Միջազգային ինվեստիցիոն բանկում

Այսօր ցանկացած մարդ կարող է որեւէ բանկից վարկ վերցնել, չվերադարձնել եւ, դատի տալով նույն բանկին, նյութական վնասի փոխհատուցում պահանջել: Ավելինՙ դատավորների «շահագրգիռ» վերաբերմունքի շնորհիվ նրա այդ պահանջն անպայման կբավարարվի: Սա ոչ թե երեւակայության արդյունք է կամ ենթադրություն, այլ իրականություն, որի մասին մեզ պատմեց Միջազգային ինվեստիցիոն բանկի գործադիր տնօրեն Աշոտ Երանոսյանը:

Երկու տարի առաջ վարկառուն, որը ֆիզիկական անձ է, վարկ է վերցրել (10 հազ. դոլար) Միջազգային ինվեստիցիոն բանկից եւ փոխանցել իր շահառուին: Վերջինս գտնվում է Կիպրոսում եւ զբաղվում է բիզնեսով: Նրա բոլոր տվյալները հայտնի են բանկին: Փոխանցումը վարկառունՙ Ռուզան Կոտիկյանը, կատարել էՙ լրացնելով վճարման հանձնարարագիրը: Դա փոխանցման միակ ձեւն է, որ կարող է կատարել ֆիզիկական անձը: Վճարման հանձնարարականի ներքեւի մասում, որտեղ գրված էՙ «տեղեկատվություն ստացողի համար», Ռուզան Կոտիկյանը գրում է, որ վճարումը կկատարվի ապրանքագրերը ստանալուց հետո: Հենց այս նախադասությունն էլ նրա համար զորավոր հիմք է դառնում բանկից գումար պոկելու ծրագիրն իրականացնելու համար: Իսկ մինչ այդ Ռուզան Կոտիկյանը, ըստ Աշոտ Երանոսյանի, 2 տարի շարունակ պարբերաբար եկել եւ խնդրել է հետաձգել տոկոսների վճարումը, ցածրացնել դրանք, ինչին բանկի ղեկավարությունն ընդառաջ է գնացել: Այնուհետեւ, դարձյալ վարկառուի խնդրանքով, վարկը վերաձեւակերպվում է նրա քրոջ անունով, որը դարձյալ վճարումներ չի կատարում: Դրանից հետո միայն բանկն իր տրամադրած գումարը հետ ստանալու պահանջով դիմում է Արաբկիրի առաջին ատյանի դատարան: Հակընդդեմ հայցով դատարան են դիմում նաեւ Կոտիկյան քույրերը, ասելով, որ փոխանցումը սխալ է կատարվել, եւ իրենք նյութական վնաս են կրել: Ընդ որում, նախապես հայցում գրված էր, թե իբր նրանք ավանդ են ներդրել բանկում եւ գումարը չեն ստանում: Այդ հիմնավորմամբ նրանց հայցն ընդունում է նախ դատավոր Գոռ Հակոբյանը: Բանկի իրավաբանները փաստարկելով, որ այդ հիմքով դատավորն իրավունք չուներ հայցն ընդունելու, բացարկ են հայտարարում նրան: Գործը վերցնում է մեկ այլ դատավորՙ Կարեն Ստեփանյանը: Նա ավարտին է հասցնում նախորդի չկատարածը, վճիռ ընդունելով, որ բանկն անպատշաճ է կատարել վճարման հանձնարարագիրը: Մինչդեռ Աշոտ Երանոսյանը մի շարք փաստեր ներկայացրեց, որոնք ի ցույց են հանում այդ որոշման սուբյեկտիվությունը:

Նախՙ այն անձը, որ բանկից նյութական վնասի փոխհատուցում է պահանջել, չունի ոչ լիցենզիա, ոչ տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունք: Հետեւապես ի՞նչ վնաս կամ շահույթ նա կարող է ունենալ: Երկրորդՙ շահառուն, որին փոխանցվել է գումարը, այն ստացել է: Նա չի բողոքել: Ընդհակառակը, բանկին ուղղված գրության մեջ նշել է, որ ինքը իր երկրում դատական գործ է հարուցել Ռուզան Կոտիկյանի դեմ: Նա նաեւ հայտնել է, որ բանկից վերցրած եւ իրեն փոխանցած գումարն ընդամենը 10 տոկոսն է այն գումարի, որն ինքը որպես պարտատեր պետք է ստանար Ռուզան Կոտիկյանից: Եվ ամենակարեւորըՙ վճարման հանձնարարագիրը ոչինչ չի պարտավորեցնում բանկին, մինչդեռ նրա վերջին տողում գրված նախադասությունն էլ հիմք են ընդունել ե՚ւ առաջին ատյանի, ե՚ւ վերաքննիչ դատարանի դատավորները: Բանկի բոլոր փաստարկներն անտեսվել են: Մասնավորապես վերաքննիչ դատարանը որոշել է բանկից 27 հազ. դոլար բռնագանձել հօգուտ հաճախորդի:

«Ես հեռու եմ այն մտքից, թե բոլոր դատավորները կոռումպացված են: Սակայն այս դեպքում գործել է հետեւյալ սխեմանՙ կա բանկ, որի դեմ հայց է ներկայացված, ինչը նշանակում է հրաշալի առիթ այնտեղից գումար պոկելու», ասում է բանկի գործադիր տնօրենը: Նա վճռական է տրամադրված գործն արդարացի ավարտին հասցնելու հարցում եւ այդ նպատակով վերաքննիչ դատարանի որոշումը պետք է բողոքարկի վճռաբեկ դատարանում: Բացի այդ, որոշումը համարելով բանկային համակարգի դեմ ուղղված ապօրինի ոտնձգության նախադեպ, Աշոտ Երանոսյանը դիմել է նաեւ Կենտրոնական բանկին եւ մյուս կոմերցիոն բանկերին: Նա հուսով է, որ վճռաբեկ դատարանը «կմաքրի իրենց համակարգի ամոթը»: Մեր այն հարցինՙ իսկ ի՞նչ եք ձեռնարկելու, եթե վճռաբեկն էլ կայացնի ձեզ չբավարարող որոշում, բանկի գործադիր տնօրենը պատասխանեց, որ ինքը խարդախության եւ բանկից ապօրինի գումար պոկելու մեղադրանքով քրեական գործ կհարուցի Կոտիկյան քույրերի դեմ:

Ինչ վերաբերում է բանկին, ապա շուտով կլրանա նրա գործունեության 10-ամյակը: Ճիշտ է, այդ ընթացքում փոխել է իր անունները եւ բաժնետերերին, սակայն գործադիր տնօրենի հավաստմամբ, կայուն աշխատել է: Կանոնադրական կապիտալը 1 մլրդ դրամ է: Ի տարբերություն մեր բանկերի մեծ մասի, Միջազգային ինվեստիցիոն բանկն ամբողջովին սպասարկում է տնտեսության իրական հատվածըՙ արտադրությունը, ավելի կոնկրետՙ ոսկերչությունը եւ ակնագործությունը: Սակայն այս փաստը վերոնշյալ դատավորներին բնականաբար չի հետաքրքրի, եթե չի հետաքրքրել բանկի ներկայացրած իրավական հիմնավորումները կոնկրետ գործի վերաբերյալ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4