«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2001-12-26 | #239, 2001-12-27 | #240, 2001-12-28


ԴԵ՚, ՔԵՖ ԱՐԱ, ՏԱՆԱՅ-ՆԻՆԱՅ, ԱՄԱՆՈՐԻՆ ԼՈՏՈ ԽԱՂԱ, ԿԵՐ ՈՒ ԽՄԻՐ

Այսքան էլ բարի ու այսքան էլ ընտանեկան լոտո՞: Ինչպիսի՜ գովազդներ, ի՜նչ բարություն, շռայլություն...

«Բարի լոտոյում»ՙ բարության թագավորություն է. բարի է ոչ միայն լոտոն, այլեւ ակնթարթը, նույնիսկ անիվը: Իսկ բարության ամենամեծ հրաշքը տեղի կունենա Ամանորինՙ ոսկե դրամների ամանորյա հրավառություն: Պատկերացնո՞ւմ եք: Հրաշալի գաղափար է, միայն թե առաջարկում եմ այդ հրավառությունն անցկացնել Թատերական հրապարակում, գոնե աղքատության ճանկերից կփրկենք բոլոր աղքատներին եւ աշխարհում կդառնանք ամանորյա ոսկե դրամների հրավառություն կատարող առաջին երկիրը:

Հայկական ամանորյա գաթայի մասին բարի թոռնիկի բարի պատմությունը պարզապես անկրկնելի է, միայն մի վտանգ կա, որ լոտոյի սիրահարները գովազդի ազդեցությամբ ոգեւորված գաթայի մեջ լոտոյի քարեր չդնեն: Աստված մի արասցե, որ հիմա էլ լոտոյի քար կուլ տանք: Ամանորյա տոնածառերն էլ մեր երեխաները կզարդարեն միայն ոսկե դրամներով եւ «Բարի լոտոյի» բացիկներով: Այո՚, միայն ոսկի եւ բացիկ, ուրիշ ոչինչ:

«Ընտանեկան լոտոյում» էլ ամեն ինչ ընտանեկան է: Ուզում եք սիրվա՞ծ լինել, ամուսնանա՞լ, տուն, երեխա ունենա՞լ, գնեք «Ընտանեկան լոտո»: Այն էլ ի՜նչ տուն, որը քաղաքում է, որը փողոցում է, որը շենքում է, որը լոգարանում էՙ երեւի շփոթվեցի, ինչեւէ:

Կասկած չունենաք, որ Ամանորի ամենալավ նվեր կճանաչվեն «Ընտանեկան լոտոյի» բացիկները, որովհետեւ բոլորին խոստացել են շահումներՙ հունվարի 1-ին լոտո խաղացողները տնից դուրս չեն գա մինչեւ մի բան չշահեն:

Խոստացել եք, ուրեմն կատարեք: Չէ՞ որ լոտոն է մեր միակ հույսը, սերը, ընտանիքը: Հայկական էստրադայի սկսնակ երգիչներն այնպիսի նազանքով ու երազանքով են երգում «Ընտանեկան լոտոյին» ձոնված երգը, որ հուզմունքից կարելի է միայն արտասվել: Իսկ սիրահար զույգե՞րը...

Ի՜նչ թաքուն խանդաղատանքով են նվերներ փոխանցում, տուփերի մեջ ի՞նչ եք կարծում, ի՞նչ էՙ սխալվում եք, միմիայն լոտո, բացի լոտոյից ուրիշ ոչինչ: Լոտոն է մեր ապագան, մեր հույսն ու մխիթարությունը: Հետո ինչ, որ զարգացած երկրներում չափից դուրս գովազդվող ապրանքներն ամենավատն ու ցածրորակն են, լավ ապրանքը գովազդի կարիք չունի: Մեր հեռուստատեսությանը դա չի մտահոգումՙ նա գովազդել է, գովազդում է եւ կշարունակի գովազդել ամենաշատըՙ լոտո: Ժողովուրդն էլ թող խաղա, ի՞նչ է եղել որ: Միամիտ ժողովուրդ է, կդիտի, կգայթակղվի, ունեցած վերջին խնայողությունն էլ կվտանգիՙ գուցե շահի:

Իսկ չշահելիսՙ տրամադրության անկում, հուսահատություն, զայրույթ, այլեւս չգնելու որոշում... Ավա՜ղ, լոտո խաղալը հիվանդագին սովորություն է. չշահեցի՞ք, ոչինչ, մյուս անգամ, էլի... Եվ այսպես, լոտո, լոտո մինչեւ վերջ: Այո՚, լոտո խաղում են ողջ աշխարհում, բայց այսպիսի հոգի հանող, բթացնող եւ խաղալ պարտադրող գովազդներՙ միայն Հայաստանում:

«Բարի» եւ «Ընտանեկան լոտո» գովազդողներին դիմում ենք պահանջելու պեսՙ ազատեք մեզ այս հիվանդագին խաղի հիվանդագին գովազդներից: Մենք մեզ դրանից շատ վատ ենք զգում, իսկ դո՞ւք...

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4