«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2001-12-27 | #240, 2001-12-28 | #1, 2002-01-08


ՆԱԽՈՐԴ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

Ահա եւ պատմության գիրկն անցավ 2001 թվականը: Ժամանակը եկել է հետադարձ հայացքով արժեւորելու տարվա ընթացքում մեր արածն ու ապրածը, տեսածն ու զգացածը: Ինչպիսի՞ն էր 21-րդ դարի 1-ին տարին աշխարհի, մարդկության, մեզ համարՙ ամենաընդհանուր գծերով:

ա) Նախորդ տարվա ամենացնցող իրադարձությունը, անշուշտ, սեպտեմբերի 11-ի ամերիկյան ողբերգությունն էր: Աշխարհի քաղաքական կլիման այդ օրն այնքան կտրուկ եւ էականորեն փոխվեց, որ այլ պայմաններում դրա համար կպահանջվեին տասնամյակներ: Մարդկությունը հանկարծ հասկացավ, որ համաշխարհային խաղաղությանը սպառնացող ամենաիրական վտանգը բխում է ոչ այնքան գերտերությունների վիթխարի զինարաններից, հետադիմական վարչակարգերից, ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների ոտնահարումներից, այլազան անարդարություններից, աղքատությունից, բազում ու բազմապիսի այլ չարիքներից, որոնք, ավա՜ղ, դեռ կան ու դեռ շատ են պղտորելու համաշխարհային քաղաքական մթնոլորտը, որքան միջազգային ահաբեկչությունից: Կարելի է, իհարկե, պնդել, որ մեր ժամանակների այդ ամենամեծ չարիքն էլ թվարկածս մյուս չարիքների ուղղակի հետեւանքն է, որ միջազգային ահաբեկչությունը սնվել է աշխարհի անարդարություններից առաջացած դառնությունից, որ այսօր դրանից տուժող ոչ քիչ պետություններ շատ բան են արել ահաբեկչական կազմակերպություններ հիմնելուն, զինելուն, մի խոսքովՙ ջինը շշից դուրս թողնելուն նպաստելու համար, կոպիտ ասած, իրե՚նք են սրել այն ցիցը, որի վրա հիմա հարկադրված են նստել, բայց դրանից ի՞նչ օգուտ: Փաստը փաստ էՙ միջազգային ահաբեկչությունը, ո՚ւմ մեղքով էլ սնված ու զորացած լինի, այժմ բազմագլուխ հիդրայի պես սպառնում է բոլորիս վտանգելով ոչ միայն մարդկության ստեղծած լավագույն արժեքների, այլեւ քաղաքակրթության բուն գոյությունն աշխարհի վրա, որովհետեւ փորձում է հրահրել կրոնների, մշակույթների պատերազմ: Այդ հիդրայի գլուխները կտրել է հարկավոր, միաժամանակ անհրաժեշտ է աշխարհում վերացնել անարդարությունը, թշվառությունը, այլապես վաղն ուշ է լինելու: Նրանք, ովքեր հասկանում են սրա անհրաժեշտությունը, այդ թվում նաեւ Հայաստանը, այժմ համախմբվում են հակաահաբեկչական ճամբարում, ովքեր դեռ չեն գիտակցել վտանգի մեծությունըՙ չեզոք են մնում, ովքեր առաջնորդվում են այլ մշակույթների նկատմամբ ունեցած մոլեռանդ ատելությամբՙ թաքուն սատարում են ոճրագործներին: Սկսվել է կենաց-մահու պայքարՙ հանուն մոլորակի վաղվա օրվա, եւ սա անցնող տարվա ամենագլխավոր հանրագումարն է:

բ) Չնայած ողջ մարդկության գլխին կախված ահռելի վտանգին, պետությունների մեծամասնությունը, ավաղ, շարունակում է հետապնդել իր եսասիրական նպատակները, փորձում է միջազգային ահաբեկչության դեմ սկսված ռազմարշավը ծառայեցնել իր շահախնդրություններին, անազնիվ նկրտումներին, աշխարհաքաղաքական դիտավորություններին, ձգտում է այդ պատերազմը օգտագործել որպես քողՙ անբարո խնդիրներ լուծելու համար, սկսած Միացյալ Նահանգներից, վերջացրած... Ադրբեջանով: Նմանն զնմանն գտանե, եւ դրա հավելյալ վկայությունը դարձավ սեպտեմբերի 11-ից հետո վերջինիս հանդեպ առաջինի վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը, ինչի արդյունքում ամերիկյան վարչակազմին հաջողվեց առկախել Ազատության աջակցության ակտի 907 բանաձեւի գործադրումը Ադրբեջանի վերաբերմամբ, իբրեւ «շնորհակալություն» միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ցուցաբերված պատրաստակամության դիմաց: Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանն ինքն էլ չի ժխտում, որ իր տարածքում գործել ու գործում են ԱՄՆ-ի սարսափը դարձած «Ալ Ղաիդայի» ահաբեկչական կառույցները: Բաքուն Վաշինգտոնից օգնություն խնդրեցՙ իբր թե դրանց դեմ պայքարելու համար, եւ Վաշինգտոնը չհապաղեց բավարարել այդ պահանջը, մի տեսակ, ասես, ենթարկվելով ադրբեջանական շանտաժին, հակառակ այն բանի, որ այլ երկրներին մտցրել է «սեւ ցուցակի» մեջՙ ճիշտ այդպիսի ահաբեկչական կառույցներ ունենալու համար սպառնալով օդային հարվածներով: Ասել էՙ երկակի ստանդարտները մնում են այս աշխարհի հզորների քաղաքական վարքագծի նորմը, եւ դա մի տխուր առհավատչյա է, որ միջազգային ահաբեկչության դեմ սկսված պատժարշավը հազի՚վ թե շուտափույթ ու հաջող վախճան ունենա:

Այսպե՚ս եմ տեսնում ես այդ աշխարհը սկսվող նոր տարվա մտորումներիս մեջ, տագնապով եմ նայում ապագային, փորձելով գտնել այն կռվանները, որոնց պիտի ապավինենքՙ ընդհանուր առմամբ անբարենպաստ դասավորվող միջազգային իրադրության մեջ մեր ինքնությունը, մեր պետական անկախությունը, մեր ժողովրդի անվտանգությունը պահելու, մեր ազգային շահերին միտված սպառնալիքները չեզոքացնելու համար: Ունե՞նք այդպիսի կռվաններ:

Բարեբախտաբարՙ այո՚, եւ այն էլ բավական զորեղ կռվաններ, որոնք հույս են ներշնչում լավատեսորեն նայելու գալիք օրվան: Որո՞նք են դրանք:

1. Առաջինը մեր ամրապնդվող պետականությունն է, որն անցնող տարում նշեց իր գոյության տասնամյակը եւ երկրորդ տասնամյակ թեւակոխեց ներքուստ ավելի համախումբ, քան նույնիսկ մեկ տարի դրանից առաջ: 2001-ին մենք սկսեցինք հաղթահարել 1999-ի հոկտեմբերի 27-ի անպարագիծ ոճիրից հետո մեր հասարակությանը համակած անվստահության ու կասկածամտության թունավոր մթնոլորտը, ինչը պետության ներքին փլուզման վտանգն ուներ իր մեջ: Ի պատիվ իշխանությունների, ընդդիմության, հասարակությանՙ բոլորը ներքուստ զգացին, որ փոխադարձ թշնամանքի հետագա խորացումը կործանարար կլինի, եւ իմաստություն ունեցան չանցնելու այն սահմանագիծը, որից հետո սկսվում է անդունդը: Նախորդ տարին այս իմաստով եղավ պետության կայունության ամրապնդման տարի, առանց որի չկա եւ չի կարող լինել ո՚չ տնտեսական աճ, ո՚չ բարեկեցության բարձրացում, ո՚չ ժողովրդավարական առաջընթաց:

2. Երկրորդը մեր պետության միջազգային հեղինակության նկատելի բարձրացումն է: Հաջողվեց ոչ միայն խուսափել միջազգային մեկուսացման չարագուշակ կանխատեսումներից, որոնք շատ էին դեռ մեկ տարի առաջ, այլեւ շատ նկատելի առաջընթաց արձանագրել: 2001-ին մեր երկիրը դարձավ Եվրախորհրդի անդամ, Հայաստան այցելեցին 11 երկրների նախագահներՙ զգալիորեն ավելի շատ, քան մեր անկախության նախորդ ինը տարիներին միասին: Իր հերթին, Հայաստանի նախագահը պաշտոնական այցերով եղավ մի շարք երկրներում, այդ թվում Եվրոպայի այնպիսի մայրաքաղաքում, ինչպիսին Փարիզն է, արժանանալով ամեն տեսակետից մեր ազգային ինքնասիրությունը շոյող բարձրագույն ընդունելության: Տարածաշրջանային համագործակցության ու անվտանգության համակարգի ձեւավորման առումով բացառիկ նշանակություն եմ տալիս նախագահի նաեւ Թեհրան կատարած այցին, պաշտոնական Երեւանի ու Մոսկվայի հաճախակի դարձած ամենաբարձր մակարդակի շփումներին, նույնիսկ հայ-ամերիկյան հարաբերությունների նկատելի սերտացմանըՙ անգամ 907 բանաձեւի առկախման պարագայում, որը պաշտոնական Վաշինգտոնի հավաստմամբՙ ուղղված չի լինելու Երեւանի դեմ, ավելին, իբր նպաստավոր է լինելու մեզ համար: Ամեն դեպքում 2001-ը արտաքին քաղաքական գործունեության արդյունքների տեսակետից արգասավոր էր Հայաստանի Հանրապետության համար, իսկ դա վաղ թե ուշ իր ուղղակի արտահայտությունն է գտնելու նաեւ մեր տնտեսության մեջՙ արտասահմանյան ներդրումների ու ժողովրդի բարեկեցության բարձրացման հեռանկարով:

3. Այս հարափոփոխ աշխարհում մեր գոյության կերպը անխաթար պահելու մեծագույն կռվաններից էր դարձը դեպի մեր արմատները, որն իր արտահայտությունը գտավ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունների շարանի մեջ: Հանուն արդարության ասեմ, որ առանձին դեպքերում մենք շա՜տ էժանացրինք այդ համազգային տոնը, երբեմն-երբեմն հասնելով անարվեստ շոուների մակարդակի, սակայն իրադարձության խորհուրդը շատ ավելին էրՙ համազգային համախմբումի եւ ողջ քրիստոնեական աշխարհում Հայաստանի տեղի ու դերի ընդգծման առումով: Թերեւս այս հանգամանքը պակաս դեր չխաղաց մեզ համար ամենադյուրազգաց խնդրիՙ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մեր մղած արդարացի պայքարում: Հիշյալ հանգամանքն արդեն երեք տարի է, ինչ մեզանում բարձրացվել է պետական քաղաքականության մակարդակի (անցյալ տարի էլ արտգործնախարարի շուրթերով հնչեցվեց ՄԱԿ-ի ամբիոնից), մշտապես արծարծվում է նախագահի հայտարարություններում, ինչը, զուգորդված սփյուռքահայ շրջանակների անդուլ գործունեության հետ, տալիս է զգալի արդյունքներ: 2001-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչեցին էլի մի քանի երկրներ, նահանգային խորհրդարաններ, խոշոր քաղաքների կառավարություններ, իսկ որքան շատ լինեն դրանք, այնքան ավելի հանգիստ կարելի է լինել ապագայի համար:

Կան ապագային լավատեսորեն նայելու նաեւ այլ, միգուցե ավելի փոքր, սակայն ոչ պակաս կարեւոր կռվաններ, եւ մենք, անկախ ամեն ինչից, առավե՚լ քան հիմքեր ունենք հույսով նայելու 2002-ին: Այնուամենայնիվ, մեզ համար անցնող քաղաքական տարվա լույսն ավելի շատ էր, քան ստվերը:

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4