Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի ստեղծման 40-ամյակը լրացավ վերջերս:
Դեռեւս 1924 թվականին Ռոմանոս Մելիքյանն Արցախում բացել էր ուսումնարանի մասնաճյուղ, որն այնուհետեւ կոչվելով Աղդամի երաժշտական ուսումնարանի մասնաճյուղ, գոյատեւել էր մինչեւ 1960 թվականը: Մեկ տարի հետո, այն ժամանակվա ինքնավար մարզի ղեկավարության ջանքերի շնորհիվ, բացվեց ինքնուրույն երաժշտական ուսումնարան, որն անվանվեց անզուգական Սայաթ-Նովայի անվամբ:
Ուսումնարանը նախապես ուներ չորս դասարանՙ յուրաքանչյուրում կար մեկ դաշնամուր: Գործող բաժինները երեքն էինՙ դաշնամուրային, փողային, ժողովրդական: Երբ ուսումնարանը տեղափոխվեց նորակառույց տուֆակերտ շենքը, որտեղ էլ առ այսօր գտնվում է, այն դարձավ հայ երաժշտարվեստի պրոպագանդման յուրօրինակ կենտրոնՙ ամփոփելով արցախցիների ընդհանուր եւ գեղագիտական կուլտուրայի ուրույն մակարդակը:
Համալրվելով Երեւանում բարձրագույն երաժշտական կրթություն ստացած մասնագետներով, ուսումնարանն սկսեց կադրեր պատրաստել Արցախի երաժշտական հաստատությունների համար: Առաջին տնօրենը Ղարաբաղում բարձր մասնագետի համարում ունեցող Մարիա Դորմիշեւան էր, մի անձնավորություն, որի անվան հետ են կապված երաժշտական ուսումնարանի կայացումն ու զարգացումը:
Ուսումնարանի ներկայիս տնօրեն Վիոլետա Բաղդասարյանը եւս այս կրթօջախի շրջանավարտներից է: Իսկ ընդհանուր առմամբ, անցած 40 տարիներին Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը գլխավորել են երաժշտական արվեստի ութ գործիչներ, որոնց թվումՙ ԼՂՀ օրհներգի հեղինակ Արմեն Նասիբյանը:
Ուսումնարանին մշտապես օգնել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, որի շրջանավարտներն են ստեփանակերտյան երաժշտական կրթօջախի ուսուցիչները:
Ղարաբաղյան պատերազմի տարիներին Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը դարձյալ գործում էր: Կրթօջախի տնօրեն, կոմպոզիտոր եւ հասարակական գործիչ Էդվարդ Ղազարյանի գլխավորությամբ ուսումնարանի մանկավարժներն ու սաները կազմակերպել էին ագիտբրիգադ եւ համերգներով շրջում էին ռազմաճակատի առաջին գծումՙ բարձրացնելով հայ մարտիկների մարտական տրամադրությունը: Ուսումնարանի մանկավարժներից մի քանիսն էլ երաժշտական գործիքը փոխարինել էին զենքով: Նրանցից մեկըՙ Օլեգ Փիրումյանն, իր կյանքը նվիրաբերեց հայրենիքի փրկությանը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ