«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2002-01-09 | #3, 2002-01-10 | #4, 2002-01-11


ՋՐԱՉԱՓԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԹՈՂՆՎԵՑ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Գագիկ Մարտիրոսյանի իրարամերժ պատասխանները

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կառավարության երեկվա նիստում քննարկվեց թերեւս բոլորիս համար կարեւոր նշանակություն ունեցող ջրամատակարարման, ավելի կոնկրետՙ ջրաչափերի տեղադրման հարցը: Առաջ անցնելով նշենք, որ այս հարցի վերաբերյալ կառավարության ընդունած որոշումն ուղղակի հիասթափեցնող էր: Այն փաստորեն վերստին հաստատեց կառավարության (վարչապետՙ Արմեն Դարբինյան) 1999 թ. թիվ 149 որոշման հիմնական թերությունըՙ ջրաչափերի տեղադրումը բնակիչների հաշվին թողնելով, ինչի պատճառով այդ որոշումը մինչ օրս մնացել է անկատար: Ինչպես նիստի ավարտից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Գագիկ Մարտիրոսյանը, անհատական բնակարաններում ջրաչափեր պետք է տեղադրվեն 2002 թ. ընթացքում, բազմաբնակարանանոց շենքերի շքամուտքերումՙ 2003 թ. վերջին եւ պետության միջոցներով, իսկ բյուջետային կազմակերպություններն ու իրավաբանական անձինք ջրաչափերը պետք է տեղադրեն դարձյալ իրենց միջոցներով եւ 2002 թ. առաջին կիսամյակում:

Սոցիալապես անապահով խավի համար պետությունը հանձն է առնում տեղադրել ջրաչափերը, բայց ժամանակի ընթացքում վարձավճարների հետ այդ գումարը հետ ստանալու պայմանով: Գագիկ Մարտիրոսյանը հայտնեց նաեւ, որ տեղադրման ծառայության համար եւս պետք է բնակիչը վճարի: Սակայն ջրաչափերի տեղադրումը չի պարտադրվում: Եթե շենքի ջրաչափի ցուցմունքը բաժանվում է բոլոր բնակիչների վրա եւ վերջիններս համամասնորեն վճարում են մատակարարված ջրի դիմաց, ապա դա նույնպես ընդունելի տարբերակ է համարվում:

Կիրառվող ջրաչափերի տեսակները հաստատված են Հայպետստանդարտի կողմից: Դրանք 13-ն են, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան արտադրության: Գներն սկսվում են 12-15 դոլարիցՙ հասնելով 25-30 դոլարի: Բնակիչն է ընտրելու իրեն անհրաժեշտ ջրաչափըՙ կախված ջրի խողովակի տրամաչափից:

«Ազգի» հարցնՙ ուղղված Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետին, նույնն էր, ինչ որ եղել է վերջինիս նոյեմբերի 19-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակՙ որքանո՞վ է արդարացի եւ տրամաբանական ջրաչափերի տեղադրումը բաժանորդների հաշվին իրականացնելը: Նախորդ անգամ Գագիկ Մարտիրոսյանը բառացիորեն ասել էր հետեւյալը. «Ջրաչափերի տեղադրումը պետության խնդիրն է, եւ պետությունն էլ դա պետք է հոգաՙ հետագայում ժողովրդից հաշվիչի տեղադրման մի մասի ծախսը աստիճանաբար վճարելու պայմանով: Սոցիալապես անապահով խավի համար նման կարգ գործում է, բնակչության մնացած մասի համար էլ դա պետք է նախատեսվի» («Ազգ», 20 նոյեմբերի, 2001 թ., «Սովորական միջոցներով համակարգը չի փրկվի»): Այս անգամ նրա պատասխանն այլ էր. «Անհատական բնակարաններում բնակիչը պետք է ջրաչափը տեղադրի իր հաշվին, իսկ շքամուտքինՙ պետությունն իր միջոցներով: Այն, ինչ ասել եմ մամուլի ասուլիսի ժամանակ»: Դժվար է ասել, թե ի՞նչն է ստիպել Գագիկ Մարտիրոսյանին 2 ամսվա ընթացքում փոխել կարծիքը, սակայն միանշանակ է, որ դա չի կարող արդարացնել նրա, մեղմ ասած, անճշմարտախոսությունը: Սա նկատի ունենալով, որոշակի կասկածներ են առաջացնում նրա մյուս հավաստիացումները:

Դրանցից մեկը մինչեւ 2004 թ. Երեւան քաղաքում շուրջօրյա ջրամատակարարմանն անցնելուն էր վերաբերում: «Սակայն կան թաղամասեր, որտեղ խողովակների ցանցը շատ մաշված է, եւ անցումը շուրջօրյային ավելի ուշ տեղի կունենա», այնուամենայնիվ վերապահում արեց Ջրային տնտեսության կոմիտեի պետը: Նա նաեւ վստահություն հայտնեց, որ ջրաչափությունը կբերի բնակչության միջոցների խնայողության եւ ջրի ավելցուկի: Դրա շնորհիվ ծայրամասային բնակավայրերի կամ բարձրահարկ շենքերի վերին հարկերի բնակիչների ջրամատակարարումը, որը ներկայումս անբավարար է, էականորեն կբարելավվի: Նշվեց, որ սա տեւական գործընթաց է, որը պետք է իրականանա թաղապետարանների, քաղաքապետարանների համատեղ ջանքերով: Ջրաչափերի տեղադրման մասին որոշումը տարեսկզբին ընդունելը, ըստ Գագիկ Մարտիրոսյանի, հնարավորություն կտա այս ոլորտի բարելավման հարցում շոշափելի հաջողություններ ունենալ: Տեղեկացվեց նաեւ, որ Երեւանի շենքերի համար հիմնականում անհրաժեշտ կլինի բնակարաններում երկուական ջրաչափեր տեղադրելՙ խոհանոցում եւ լոգարանում:

Համակարգի եւս մեկ կարեւոր հարցիՙ պարտքերի հետագա ճակատագրի վերաբերյալ Ջրային տնտեսության կոմիտեի պետը հայտնեց, որ այժմ պարտքը գույքագրվում է: Դրանից հետո պարզ կլինի, թե խնդրին ինչպիսի լուծում կտրվի եւ կընդունվի որոշում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4