Սփյուռքահայ համայնքների կյանքն ու աշխարհի տարբեր երկրների հասարակական¬քաղաքական կյանքում նրանց ունեցած դերը լուսաբանող աշխատություններին վերջերս ավելացավ արեւելագետ¬պատմաբան Նուբար Չալըմյանի «Լիբանանի հայ համայնքը երկրի սոցիալ¬տնտեսական եւ քաղաքական կյանքում» աշխատությունը։ Իր առջեւ խնդիր դնելով ուսումնասիրել հայ համայնքի կյանքը 1970¬ականների Լիբանանումՙ հեղինակը փաստական նյութերի վերլուծությամբ ներկայացնում է համայնքի սոցիալ¬տնտեսական վիճակը 1975-78 թթ. քաղաքացիական պատերազմի նախօրյակին եւ դրանից հետո ընկած ժամանակաշրջանում։ Այս շրջանի պատմությունը դեռեւս ուսումնասիրված չէր եւ կարոտ էր ուսումնասիրության, քանզի հնարավոր չէր անտեսել քաղաքացիական պատերազմի առաջացման պատճառների, լիբանանահայ համայնքի քաղաքականության եւ պատերազմի նկատմամբ հայկական քաղաքական հոսանքների ու կազմակերպությունների դիրքորոշման ուսումնասիրության կարեւորությունը։
Հեղինակն ուշի¬ուշով քննում է Մեծ եղեռնից հետո Լիբանանում հաստատված հայության կյանքին առնչվող խնդիրները։ Հայերը չընտրեցին ազգային մեկուսացված կյանքով ապրելու ձեւը։ Նրանք բարեկամական ու համագործակցության խելամիտ քաղաքականություն վարեցին կրոնական տարբեր համայնքների հետՙ ժամանակի ընթացքում կարեւոր տեղ գրավելով երկրի հասարակական¬քաղաքական կյանքում։ Ուշագրավ են Այնճար ավանում մուսալեռցիների ձեռք բերած մեծ հաջողությունները գյուղատնտեսության բնագավառում։ Նրանց ջանքերով երկրի ամենաամայի շրջանը վերածվել է մշակելի տարածքի եւ ծածկվել հազարավոր պտղատու ծառերովՙ հայաբնակ ավանը դարձնելով գյուղատնտեսության զարգացման կարեւոր կենտրոններից մեկը։ Հիշատակության է արժանի 1978 թ. սեպտեմբերին Բեյրութի հայկական թաղամասերի եւ շրջանների վրա Լիբանանի աջակողմյան ուժերի հարձակումների ժամանակ հայ երիտասարդների դրսեւորած արիությունը, որոնք զենքը ձեռքերին գիշեր ու զօր պաշտպանվել ենՙ թույլ չտալով օտարներին դիպչելու հայի կյանքին, ունեցվածքին ու հոգեւոր արժեքներին։ Հեղինակի ուշադրությունից, անշուշտ, չէին կարող վրիպել քաղաքացիական պատերազմի ու հայ համայնքի նկատմամբ Խորհրդային Միության դիրքորոշումն ու մայր հայրենիքի օգնությունը լիբանանահայությանը, որը զորացրեց նրանց ու հավատ ներշնչեց, որ Հայաստանն իրենց հայրենի տունն է։
Բազմամյա մաքառումներից ու դժվարություններից հետո այսօր Լիբանանի հայ համայնքը շարունակում է ապրել աշխույժ քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքով եւ սփյուռքահայ կարեւոր կենտրոններից մեկն է։ Նուբար Չալըմյանի աշխատությունը ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ եւ պատկերացում է տալիս լիբանանահայ համայնքի նոր շրջանի կյանքի մասին։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ