«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2002-01-12 | #6, 2002-01-15 | #7, 2002-01-16


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԳՈՀ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

Բացի ծրագրերի համաֆինանսավորումից եւ հարկային մուտքերի ապահովումից

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաշխարհային բանկի համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ տալիս է դրական արդյունքներ: Այդ համագործակցության 2001 թ.-ի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Օուեյս Սաադաթը: Նա տեղեկացրեց, որ բանկի ֆինանսավորած 14 ներդրումային ծրագրերը, 295 մլն դոլար արժողությամբ, հիմնականում լավ կատարողական ունեն: Գլխավոր խոչընդոտը, որը բացասաբար է անդրադառնում ծրագրերի իրականացման վրա, ոչ բավարար համաֆինանսավորումն է:

«Մենք գիտենք, որ կառավարությունը խնդիրներ ունի բյուջեի հետ», նշեց Օուեյս Սաադաթը եւ ավելացրեց, որ դա նկատի ունենալով Համաշխարհային բանկն իր ծրագրերի մեծ մասում ֆինանսավորման իր մասնաբաժինը բարձրացրել է մինչեւ 90 տոկոսի: Նա հույս հայտնեց, որ կառավարությունը կկատարի մնացած 10 տոկոսի ֆինանսավորումը:

Համաֆինանսավորման ուշացման պատճառով վտանգված ծրագրերի օրինակներ բերվեցին ճանապարհների շահագործման, դասագրքերի տարածման, գյուղատնտեսական հետազոտությունների ծրագրերը:

Կառուցվածքային բարեփոխումների ծրագիրը, ըստ ՀԲ Հայաստանի ներկայացուցչի, լավ է ընթանում: Հայաստանի կառավարությունը բավարարել է SAC-IV-ի ստացման բոլոր պայմանները: Տեսանելի բարելավում է արձանագրվել գործարար միջավայրում, ինչը հաստատվել է նաեւ բանկի Հայաստանի գրասենյակի անցկացրած ուսումնասիրությամբ:

Բաշխիչ էներգացանցերի սեփականաշնորհման չկայանալը, ըստ Օուեյս Սաադաթի, կառավարության մեղքը չէ: Համաշխարհային շուկայում ծավալված գործընթացները խանգարեցին հեռանկարային ներդնողի այստեղ գալուն: Ներկայումս կառավարությունը որոշել է ԲԷՑ-երը հավատարմագրային կառավարման հանձնել, որը պետք է խթանի էներգետիկ հատվածի արդյունավետությունը եւ նվազեցնի կորուստները: Այս ամենը նկատի ունենալով, Համաշխարհային բանկի ներկայացուցիչը լավատեսորեն է տրամադրված SAC-IV-ի երկրորդ տրանշի հատկացման վերաբերյալ: Այն պետք է ստացվի Միջազգային արժութային հիմնադրամի մակրոտնտեսական իրավիճակի ամբողջական գնահատականից հետո, այսինքն «մոտ ժամանակներս»:

Վարկային գործառնություններում բանկը երեք ծրագրեր է իրականացրել 80 մլն դոլար ընդհանուր գումարով: Դրանք են SAC-IV-ը, ոռոգման զարգացման եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ինկուբատորի ծրագրերը: Այժմ նախապատրաստվում են 4 ծրագրեր: Առաջինը պետք է աջակցի Զարգացման հայկական գործակալությանը (շուրջ 1 մլն դոլար), որպեսզի դառնա օտարերկրյա ներդնողին օգնող հզոր կառույց: Երկրորդը շրջակա միջավայրի ծրագիրն է: Պետք է խթանի Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի աղքատ համայնքներում հողագործությունը, ինչպես նաեւ աջակցի պահպանելու անտառային ռեսուրսները Սեւանի ազգային պարկում եւ Դիլիջանի պետական արգելոցում: 10 մլն դոլարանոց այս ծրագրի համար Համաշխարհային բանկի օժանդակությամբ հավելյալ միջոցներ են ներգրավվել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից (5 մլն դոլար դրամաշնորհ): SAC-V կրթական եւ առողջապահական ծրագրերի նախապատրաստման համար ՀԲ-ն 1 մլն դոլար է ձեռք բերել ճապոնական կառավարությունից: Վերջինը 300 հազ. դոլարի դրամաշնորհն էՙ տրամադրված հակակոռուպցիոն ծրագրի ռազմավարության մշակման համար:

Մամուլի ասուլիսի ժամանակ Օուեյս Սաադաթն առանձին անդրադարձ կատարեց Հայաստանում տնտեսական աճի առկայությամբ բնակչության մեծ մասի սոցիալական իրավիճակի շարունակվող վատթարացման հարցին: 2001 թ.-ի ընթացքում Համաշխարհային բանկը պատրաստել է զարգացման խոչընդոտների զեկույցը, որն անդրադառնում է տնտեսական աճի էությանը եւ նրա վերաբաշխմանը:

Այս հարցում, ըստ պրն Սաադաթի, Հայաստանը միայնակ չէ: Բոլոր անցումային երկրներում տնտեսական աճի սկզբնական պտուղներից օգտվում են շատ նեղ շրջանակի անձինք: Սակայն նրանք պետք է կատարեն հարկային պարտավորություններ: Համաշխարհային բանկն աջակցում է կառավարության քաղաքականությանը, որպեսզի հարկերի հավաքման մակարդակը բարձրանա, կառավարությունն ավելի քիչ հույս դնի օտարերկրյա օգնության վրա: Այստեղ վերջին երկու տարում ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարը որոշակի դրական տեղաշարժ տեսնում է: 2 տարի առաջ հարկային մուտքերը 160 մլրդ դրամ էին կազմում, անցյալ տարի 170 մլրդ դրամ, իսկ եկող տարի նախատեսվում է հասցնել 194 մլրդ դրամի: Այդուհանդերձ, Օուեյս Սաադաթն ընդգծեց, որ Համաշխարհային բանկը միայն աջակցում է կառավարությանը եւ Հայաստանին հարկատու չէ: Հարկային պարտավորությունների կատարում նա խորհուրդ տվեց պահանջել Հայաստանի հարկատուներից:

«Ազգի» հարցին, թե ինչպե՞ս է ՀԲ Հայաստանի ներկայացուցիչը վերաբերվում աղքատության նվազեցման միջանկյալ ռազմավարական ծրագրում ստվերային տնտեսության դեմ պայքարի բացակայության փաստին, նա պատասխանեց, որ այդ ծրագիրը վերջնական չէ: Այն կոչվում է միջանկյալ, եւ երբ պատրաստվի հիմնական ծրագիրը, Օուեյս Սաադաթը մեր այս դիտողությունը խոստացավ նկատի առնել: Նա նաեւ հորդորեց մեզ գրել այդ մասին (ինչն, ի դեպ, բազմիցս արել ենք-Ա. Մ.), որպեսզի «կառավարությունում կարդան «Ազգ» օրաթերթը եւ դա հաշվի առնեն»: Համաշխարհային բանկը, ըստ պրն Սաադաթի, շատ փոքր ձայն ունի այդ հարցում:

Կառավարության հարկային քաղաքականությունից հարկատուների դժգոհության վերաբերյալ հարցին ՀԲ Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչը պատասխանեց, որ ինքը 20-25 տարվա աշխատանքային փորձ ունի անցկացրած Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում եւ Կենտրոնական Ասիայում, եւ որեւէ տեղ չի պատահել, որ գյուղացին չբողոքի ջրի եւ սերմերի թանկությունից կամ գործարարըՙ բարձր հարկերից: Սաադաթը նրբանկատորեն պատասխանեց նաեւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանիՙ Համաշխարհային բանկին հասցեագրված կոշտ հայտարարությանը վերաբերող հարցին: Նրա կարծիքով, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը բավականին ծանր վիճակում է, ինչն Օուեյս Սաադաթի համար հասկանալի է դարձնում նրա խոսքի ենթատեքստը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4