Երեւանի ճարտարագիտական համալսարանում երեկ ստուգվեցին դատավորների այս տարվա մասնագիտական կարողությունները: Արդարադատության նախարարի առաջարկով արդարադատության խորհուրդը ՀՀ նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների պաշտոնական պիտանիության եւ ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակները: 2002 թ. հավակնորդների թիվը 60 է, որոնցից 15-ը արդարադատության համակարգից են, 14-ըՙ փաստաբաններ, իսկ մյուսներըՙ դատարանների, դատախազության, նախարարությունների աշխատակիցներ եւ երկու չաշխատող դատավոր: Զրուցելով ստուգման առաջադրանքներին արդեն ծանոթացած երկու հավակնորդների հետ, որոնցից մեկը արդարադատության համակարգից էր, իսկ մյուսըՙ փաստաբան, տեղեկացանք, որ իրավաբանական բարձր գիտելիքներ եւ աշխատանքային փորձ ունեցող դատավորների համար ստուգումները որեւէ դժվարություն չեն ներկայացնումՙ հատկացված 8 ժամի փոխարեն 3 ժամում կարելի է ավարտել առաջադրանքների շարադրումը:
Ստուգման հանձնաժողովը բաղկացած է 5 անդամներիցՙ ՀՀ արդարադատության նախարարի նախագահությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված է նաեւ «Ազգ»ի նախկին աշխատակից, լրագրող Սառա Պետրոսյանը: Ստուգումներն անցկացվում են երկու փուլովՙ քրեական եւ քրեական դատավարության իրավունքների եւ քաղաքացիական եւ քաղաքացիական դատավարության իրավունքների իմացություն: Դատավորները ստուգման ընթացքում ուսումնասիրում են նախաքննություն եւ դատաքննությունն ավարտված մեկ քրեական եւ մեկ քաղաքացիական գործեր: Աշխատանքները գնահատելիս հաշվի են առնվում ինչպես իրավական գիտելիքները, այնպես էլ հայոց լեզվի եւ վերլուծական իմացությունները: Թույլատրվում է օգտագործել օրենսգրքեր, օրենքների մեկնաբանություններ եւ այլն:
Օբյեկտիվությունն ապահովելու նպատակով ստուգումն անցկացվում է անանուն, աշխատանքները ծածկագրելուց հետո ստուգվում են հանձնաժողովի կողմից: Ստուգող հանձնաժողովի գնահատականից դժգոհ հավակնորդը կարող է բողոքարկել, իսկ պահանջվող միավորներ ստացած դատավորները կընդգրկվեն պաշտոնական պիտանիության ցուցակում, եւ կապահովվի նրանց մասնագիտական առաջխաղացումը:
Ռ. Պ.