Ինչո՞ւ է այսպես ասում թուրք լրագրողը
Թուրք լրագրողների մի խմբի Երեւանում գտնվելու, այս օրերին իրենց հայ գործընկերների հետ երկու երկրների մամուլում միմյանց հասցեին արված հրապարակումների բնույթի վերաբերյալ անցկացված համատեղ կոնֆերանսի մասին «Ազգը» գրել է: Պարտքս եմ համարում գոհունակություն հայտնել կոնֆերանսում հայկական կողմը ներկայացնող գործընկերոջս ու բարեկամիսՙ «Ազգի» աշխատակից, պատմաբան ու թուրքագետ Հակոբ Չաքրյանի փաստարկված ելույթի առթիվ, ուր իրավացիորեն ընդգծվում էր, թե հայկական մամուլը, հակառակ թուրքականի, ամենեւին թշնամանք չի բորբոքում հարեւան երկրի ու ժողովրդի նկատմամբ, ոչ միայն հիվանդագին չի ընդունում, այլեւ դրական վերաբերմունք ունի Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորության հանդեպ եւ այլն, եւ այլն:
Պատասխանն արտաքուստ միամիտ, ներքուստ չափազանց նենգ էր.
1. Լրագրողներն, իբր, մեղք չունեն, «նրանք որոշումներ չեն ընդունում»,
2. Ժողովուրդները, բա չե՜ք ասի, «մաքուր պատմություն չունեն»:
Այս հարցադրումներն անպատասխան թողնել չեմ կարող:
Ա) Լրագրողներն, այո, որոշումներ չեն ընդունում, սակայն կատարում են բացառիկ առաքելությունՙ ոչ միայն արտացոլում, այլեւ ձեւավորում են իրենց երկրների հասարակական կարծիքը: Եվ եթե Թուրքիայի հասարակական կարծիքը մեծավ մասամբ խեղաթյուրված պատկերացում ունի Հայաստանի ու հայ ժողովրդի մասին, սրանում թուրք լրագրողներն անվերապահորեն ունեն մեղքի իրենց բաժինը:
Բ) Պնդել, թե «ժողովուրդները մաքուր պատմություն չունեն», նշանակում է հավասարության նշան դնել դարերով ճնշված, հարստահարված եւ գերիշխած ժողովուրդների միջեւ:
Այո՚, մենք միշտ ասել եւ ասում ենք, որ վատ ու լավ ժողովուրդներ չեն լինում, ամեն ժողովրդի մեջ լավն էլ կա, վատն էլ: Թուրքերը բացառություն չեն, չնայած նաեւ նրանց մի շա՚տ մեծ մասի վրա է ընկնում իրենց կառավարողների կազմակերպած ու իրականացրած Հայոց ցեղասպանության ահռելի պատասխանատվությունը: Չէ՞ որ թուրք հասարակության մի որոշակի մասը հաճույքով մասնակցեց իր պատմական բնօրրանում մի ամբողջ ժողովրդի անգութ բնաջնջմանը, մի փոքր մասը, լավագույն դեպքում, անմասն մնաց, եւ միայն առանձին անհատներ քաջություն ու ազնվություն ունեցան ընդդիմանալու օսմանյան բորենիների հանցագործությանը: Հենց նրանք, այդ եզակիներն էին, որ 87 տարի առաջ փրկեցին թուրք ժողովրդի բարոյական դեմքը, ոմանք նույնիսկ կախաղան բարձրացվեցին հայ ժողովրդի սպանդին չմասնակցելու եւ հակառակվելու համար, եւ այսօր հենց այդպիսիների՚ հիշատակի հարգանքն է, որ մեզ հետ է պահում ո՚ղջ թուրք ժողովրդին ոճրապարտ ճանաչելուց: Հայոց ցեղասպանության հաշիվը մենք ներկայացնում ենք առաջին հերթին օսմանյան կառավարողների՚ն, բայց նաեւ այսօրվա՚ թուրքական պետությանը: Ինչո՞ւ: Որովհետեւ այսօրվա թուրքական պետությունն ինքն իրեն համարում է Օսմանյան կայսրության իրավահաջորդը, նա՚ է ժառանգել իրենց պապերի ձեռքով ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի հայրենիքն ու ունեցվածքը, հետեւաբարՙ պիտի ժառանգի նաեւ ցեղասպանության կազմակերպիչների ԱՄՈԹԸ եւ փոխհատուցման պարտքը: Եվ ապա, համառորեն հրաժարվելով ճանաչել ու դատապարտել օսմանյան կառավարողների ոճիրը, ժամանակակից Թուրքիան դրանով իսկ արդարացնում է այդ ոճիրը: Այսօրվա թուրքական պետության վարիչները իբր չեն հասկանում, թե ինչո՞ւ բազմաթիվ այլ պետություններ ճանաչում ու դատապարտում են Հայոց ցեղասպանությունը, այդ իրողության մեջ տեսնելով հայկական սփյուռքի «սադրանքը», ներկայիս հայ պետականության «խարդավանքը», Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների «թշնամանքը» Թուրքիայի նկատմամբ: Ո՚չ մեկն է. ո՚չ մյուսը, ո՚չ երրորդը: Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրները դրանով նախ եւ առաջ քավում են իրե՚նց իսկ նախնիների մեղքը, որովհետեւ նրանց նախնիները ժամանակին անտարբեր եղան ոճիրի հանդեպ, իսկ ոմանք շատ բան կարող էին անել մարդկության դեմ կատարվող այդ հանցանքը կանխելու համար, սակայն... չարեցի՚ն: Հայերի հանդեպ Թուրքիայում գործված ոճիրը ծանրացած է ո՚ղջ մարդկության խղճի վրա: Ահա՚ «գաղտնիքը»: Վաղ թե ուշ խղճի զարհուրելի դատաստանի առաջ կանգնելու է նաեւ ո՚ղջ թուրք ժողովուրդը, նրա պետությո՚ւնը: Եվ այս հարցում, սեփական ժողովրդի խղճի արթնացման, սեփական պետության քաղաքակրթման, ինքնամաքրման արագացման գործում թուրք լրագրողները կարո՚ղ են ու պարտավո՚ր են դրական դեր խաղալ: Բայց դրա համար հարկավոր է առնվազն երկու բանՙ նախ մարդ լինել, եւ երկրորդՙ իրեն չխաբել «ժողովուրդները մաքուր պատմություն չունեն» փարիսեցիությամբ:
ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ