«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2002-01-16 | #8, 2002-01-17 | #9, 2002-01-18


ԹՎԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՆ

ԼՂՀ վիճակագրության պետական վարչությունը հրապարակել է 2001 թ. ժողովրդագրական իրավիճակի տվյալները, ըստ որոնցՙ 2002 թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետության բնակչության թվաքանակը կազմել է 144,3 հազար մարդ եւ նախորդ տարվա հունվարի 1-ի համեմատ ավելացել է 2,8 հազարով: Բնակչության թվաճ արձանագրվել է ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտում, այնպես էլ բոլոր շրջաններում: Առավելագույն աճ գրանցվել է Շահումյանի եւ Քաշաթաղի շրջաններում, համապատասխանաբարՙ 118,9 եւ 110,4 տոկոս:

Անցյալ տարի Արցախում ծնվել է 2306 երեխա, որը 84-ով ավելի է նախորդ տարվանից: Բացառությամբ Մարտունու եւ Մարտակերտի շրջանների, մյուս բոլոր վարչական տարածքներում առկա է եղել ծննդաճ:

Ծնունդները գերազանցել են մահերին մայրաքաղաքում եւ շրջաններում, դարձյալ ի բացառյալ Մարտակերտի եւ Մարտունու շրջանների: Այստեղ բնական հավելաճը նվազել է, համապատասխանաբարՙ 30 եւ 9 մարդով: Իսկ ընդհանուր բնական հավելաճը, ըստ ծնունդների ու մահերի համեմատական ցուցանիշների, կազմել է 1231 մարդ:

2001 թ. ԼՂՀ եկողների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 1135 մարդովՙ կազմելով 2453 մարդ: Եկողների թվաքանակի նվազում արձանագրվել է միայն Ստեփանակերտում եւ Շուշիի շրջանում, համապատասխանաբարՙ 185 եւ 86 մարդ:

Հանրապետությունում մեխանիկական հավելաճը կազմել է 1596 մարդ, կամՙ 987 մարդով նախորդ ժամանակահատվածից ավելի: Բնակչության մեխանիկական հավելաճը բացասական է եղել Ստեփանակերտում եւ Մարտակերտի ու Շուշիի շրջաններում:

Ամուսնությունների թիվն Արցախում նվազել է 54-ովՙ կազմելով 707, իսկ ամուսնալուծությունները 7-ով ավելացել ենՙ կազմելով 107:

Կ. Գ., Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4