«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2002-01-16 | #8, 2002-01-17 | #9, 2002-01-18


ԹՈՒՐՔԻԱՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է 22 ՔՐԴԵՐԻ

Թուրքական «Անատոլու» լրատվական գործակալությունը հայտնել է, որ քրդերի իրավունքների համար պայքարող 22 ակտիվիստների է ձերբակալել Թուրքիայի ոստիկանությունը: Քուրդ ակտիվիստները պահանջում են թուրքական դպրոցներում մտցնել քրդերենի պարտադիր ուսուցում: Անցյալ տարվա հոկտեմբերին Եվրամիության ճնշման ներքո Թուրքիան ստիպված եղավ որոշ զիջումներ անել, եւ թուրքական հեռուստատեսությամբ սկսվեցին հեռարձակվել քրդերեն հաղորդումներ: Մինչդեռ քրդերենն ուսումնական ծրագրեր մտցնելու հարցում Թուրքիան ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում, պնդելով, որ դա կարող է վնասել թուրքերի ազգային միասնականությանը:

Ձերբակալված քուրդ ակտիվիստները կհետաքննվեն, քանզի նրանց կասկածում են PKK կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, որին Թուրքիայի կառավարությունը ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպության, որն արդեն 17 տարի պայքարում է Թուրքիայի հարավ-արեւելքում անկախ պետություն ստեղծելու համար: Քրդերի ձերբակալությունը տեղի է ունենում Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների դժվարին շրջանում, երբ նա հավակնում է դառնալ Եվրամիության անդամ եւ որպես նախապայման նրանից պահանջվում է անցկացնել մարդու իրավունքների ռեֆորմ: Թուրքիան համաձայն է ճանաչել 12 մլն քրդերի իրավունքները, բայց, ինչպես վկայում է Վաշինգտոնում երկու օր առաջ լրագրողների հետ Թուրքիայի վարչապետի հանդիպումն, անթույլատրելի է համարում իր տարածքում քրդական պետության ստեղծումը:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4