Հավանական գնորդները հայտնի են
Երեկ «Ազգում» լուր հրապարակվեց, թե 7 մլրդ դոլարով վաճառքի է հանվել հոլիվուդյան խոշորագույն կինոստուդիաներից մեկըՙ Քըրք Քըրքորյանին պատկանող «Մետրո գոլդուին մայեր»-ը (MGM): Այժմ հայտնի են նոր մանրամասնություններ: Իրականում MGM-ն ուղղակի չի խոսել վաճառքի մասին: Ընկերության հայտարարության մեջ լոկ ասվում է. «Մենք վերջերս մշտապես ուսումնասիրում ենք շուկայի ընձեռած հնարավորությունները»: CBS հեռուստաընկերությունը նշում է, որ «առայժմ որեւէ կոնկրետ համաձայնություն չի կայացվել»:
Այդուհանդերձ, MGM-ի վաճառահանման լուրը մեծ աշխուժություն է առաջացրել գործարար աշխարհում: Ամերիկացի փորձագետներն արդեն նշում են հավանական գնորդների անունները, որոնց թվում «Viacom», «Walt disney», «Vivendi Universal», «News Corp» եւ «AOL Time Warner» խոշոր ընկերությունները: Ոմանց կարծիքով, ներկայումս MGM-ը 5 մլրդ դոլարից ավելի չարժե: Սակայն գործարար շրջանակներին լավ հայտնի «Ֆորբս» հանդեսն արձանագրում է, որ վաճառքի լուրը ստացվելուց հետո Ուոլ Սթրիթում MGM բաժնետոմսերը թանկացել են 12 տոկոսով, որի շնորհիվ կինոստուդիայի գինը շուտով կհասնի 7 միլիարդի:
Ներկայումս ընկերության բաժնետոմսերի ավելի քան 80 տոկոսի տերն ամերիկահայ 84-ամյա միլիարդատեր Քըրք Քըրքորյանն է, որն անցյալում MGM-ը հանել է անչափ ծանր ճգնաժամից: Ոմանք ենթադրում են, թե շահութաբեր ընկերությունը վաճառելու որոշումը պայմանավորված է նրանով, որ Քըրքորյանին հավելյալ կանխիկ դրամ հարկավոր կլինի 36-ամյա նախկին կնոջՙ Լիզ Բոնդեր-Քըրքորյանի դեմ դատը տանուլ տալու դեպքում: Լիզը պնդում է, թե Քըրքի հետ 10 տարվա կապից հետո 1997 թ. ինքը որոշել էր հեռանալ, բայց պարզվել էր, որ հղի է: Միլիարդատերը համաձայնել էր նրա հետ ամուսնանալՙ 1 ամիս անց բաժանվելու պայմանով: Օրերս Լոս Անջելեսի դատարան ներկայացրած հայցով Լիզը նախկին ամուսնուց ամսական 320 հազար դոլար է պահանջում 3-ամյա դստերՙ Կիրայի խնամքի համար:
Իտալացի գործարարներ Ֆլորիո Ֆիորինին եւ Ջանկառլո Պարետտին 1990 թ. գնել էին MGM-ըՙ խաբեությամբ վարկ վերցնելով ֆրանսիական «Կրեդի լիոնե» բանկից: Մեկ տարի անց նրանք սնանկացել էինՙ մեծ կորուստներ պատճառելով վարկատուին: Բանկն առգրավել էր կինոստուդիան եւ 1,3 մլրդ դոլարով վաճառել Քըրք Քըրքորյանին, որը 70-ական թթ. արդեն եղել էր դրա սեփականատերը: MGM-ը հռչակված է 4100 ժապավեն պարունակող իր ֆիլմադարանով: 1924 թ. հիմնված կինոստուդիան 1990-ական թթ. սկզբներին համարվում էր իր դարն ապրած հաստատություն, բայց Քըրքորյանը վերաշխուժացրեց կինոարտադրությունըՙ տարեկան թողարկելով 25 ֆիլմ: Միայն անցյալ տարվա 3-րդ եռամսյակում կինոստուդիայի շահույթը կազմեց 28 մլրդ դոլար:
Պ. Ք.